Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մինչ օրս կատարված քայլերը, մասնավորապես, օրենսդրական բարեփոխումները և ընդունված որոշումները, Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի շրջանակում իրականացված աշխատանքները: Անդրադառնալով առաջիկա անելիքներին՝ վարչապետը նշել է, որ ներկայում մշակվել է օրենսդրական նոր փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հիման վրա հակակոռուպցիոն անկախ կանխարգելիչ մարմնի ստեղծում: Այդ փաթեթով ամբողջովին վերանայվել են գործող հայտարարագրման և շահերի բախման համակարգերը: Աշխատանքներ են տարվում նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության որակի կատարելագործման ուղղությամբ: Ներկայում Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի քննարկումների հիման վրա մշակվում են մի շարք կարևոր օրենսդրական նախագծեր, որոնք ուղղված են բոլոր ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:
Վարչապետն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների արդյունավետությունը և հաջողությունը կախված է նաև հասարակության քաղաքացիական դիրքորոշումից, և կառավարությունն աշխատելու է հանրության հետ հետադարձ կապն ակտիվացնելու ուղղությամբ, այդ թվում նաև՝ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին նոր թափ հաղորդելու միջոցով: Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը բաց է առաջարկությունների համար՝ կարևորելով ԵՄ գործընկերների հետ համագործակցությունը:
Պյոտր Սվիտալսկին ողջունել է ՀՀ կառավարության ջանքերը՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում և վարչապետին փոխանցել բիզնես հանրության շնորհակալությունը ոլորտին վերաբերող որոշումների և օրենսդրական նախաձեռնությունների համար: Նա նշել է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վարչապետի նախանշած առաջնահերթությունների և հակակոռուպցիոն բարեփոխումների տրամաբանության շրջանակում:
Վարչապետը և ԵՄ պատվիրակության ղեկավարը մտքեր են փոխանակել Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի շրջանակում համատեղ ծրագրերի հնարավորությունների շուրջ: