կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-18 19:17
Հասարակություն

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

Դավիթ Լոքյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Ողջունելով դեսպանին` նախարարը կարևորել է Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցությունն ու հարաբերությունների զարգացումը:

«Եվրամիության օժանդակությամբ իրականացվող ծրագրերը, որոնք այսօր կյանքի են կոչվում, շատ նպատակային են: Բազմաթիվ այլ լրջագույն խնդիրների շարքում մեր երկիրն ունի տարածքների անհամաչափ զարգացման, մարզերում աղքատության, գործազրկության, եկամուտների պակասի խնդիր: «Հայաստանի 2016-2025թթ. Տարածքային զարգացման ռազմավարություն» փաստաթուղթը, որին Եվրամիությունն աջակցում է, թույլ կտա զարգացման համակարգված ծրագրերի իրականացման ճանապարհով հասնել տարածքների զարգացման և վերոնշյալ խնդիրների լուծման»,-հանդիպման սկզբում ասել է նախարարը: Դավիթ Լոքյանը կարծիք է հայտնել, որ համայնքների զարգացման միջոցով է հնարավոր ապահովել երկրի զարգացումը և նշել, որ այդ հարցում նախարարությունը պատրաստ է ակտիվորեն համագործակցել Եվրոպական միության հետ: Նախարարն անդրադարձել է նաև համայնքների խոշորացման ծրագրին, նշելով, որ վարչական բարեփոխումները ևս կարող են նպաստել տարածքներում ֆինանսական և մարդկային ռեսուրների կուտակմանն ու նոր ծրագրերի իրականացմանը: ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և կարևորել հանդիպումը ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու տեսանկյունից: «Եվրոպական միության համար Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցությունը առաջնահերթություն է: Մենք համակարծիք ենք, որ տարածքային զարգացման ապահովմամբ միայն կարելի է ապահովել երկրի զարգացումը: Ես կարծում եմ, որ մենք պետք է շարունակենք համագործակցությունը՝ շեշտը դնելով տարածքների զարգացման վրա»,-ասել է Պյոտր Սվիտալսկին: Նա նշել է, որ կառույցը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնության, որն ուղղված կլինի տարածքների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր: