կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-14 13:31
Տնտեսական

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

Արծվիկ Մինասյանն ընդունել է ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկուն

Ապրիլի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյորտր Սվիտալսկուն:

Ողջունելով  դեսպանին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ի հետ երկարամյա սերտ համագործակցության և ԵՄ կողմից ՀՀ-ին ցուցաբերած աջակցության համար, նշելով, որ արդեն 20 տարի շարունակվող գործընկերության ընթացքում բազմաթիվ արդյունավետ ծրագրեր են իրականացվել: Նախարար Մինասյանն անդրադարձել է  ՀՀ-ԵՄ համագործակցության վերաբերյալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին և այդ համատեքստում կարևորել է բանակցային գործընթացի հետագա արդյունավետ ընթացքի ապահովումը: 

Նախարարը նաև ընդգծել է մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացներում ԵՄ բյուջետային և տեխնիկական աջակցության կարևոր դերակատարումը: Արծվիկ Մինասյանը անդրադարձ է կատարել Հայաստանի կողմից ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» (GSP+)  արտոնյալ առևտրային ռեժիմից օգտվելուն, ընդգծելով, որ այն  խթանում է  ԵՄ շուկա հայկական ծագման ապրանքատեսակների արտահանումը,  նշել, որ ԵՄ-ն շարունակում է մնալ Հայաստանի կարևոր և առաջնային գործընկերը:

Նախարարն ակնկալել է նաև ԵՄ կողմից Հայաստանին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման գործընթացում ներկայում առկա իրավիճակի էական փոփոխություն:

Դեսպան Սվիտալսկին, իր հերթին նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Հայաստանում ԵՄ պատվիրակության համար համարվում է առաջնային գործընկեր` ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության հարցերի առնչությամբ և իր պատրաստակամությունը հայտնել բաց և ակտիվ համագործակցության համար: Նախատեսելով համատեղ արդյունավետ աշխատանք, դեսպանը կարևորել է 2017-2020թթ. ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվելիք աջակցության ուղղությունների և ոլորտների հստակեցումն ու այդ ուղղությամբ համատեղ աշխատանքը: 

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի բանակցային գործընթացին, ՏՏ ոլորտի հնարավորություններին, այդ ոլորտում առկա ներուժին և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցերի:

Էկոնոմիկայի նախարարություն