կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-02 20:46
Առանց Կատեգորիա

Հայաստան-Իրան՝ ընդդեմ Ադրբեջան-Իսրայել տանդեմի. ինչո՞ւ էր Վիգեն Սարգսյանը Թեհրանում

Հայաստան-Իրան՝ ընդդեմ Ադրբեջան-Իսրայել տանդեմի. ինչո՞ւ էր Վիգեն Սարգսյանը Թեհրանում

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով նախորդ մի քանի օրերին գտնվում էր Իրանում, որտեղ նրան ընդունեցին բավական բարձր մակարդակով: Նախկինում Իրանի հետ նմանատիպ փոխայցեր եղել են, սակայն այս այցը տարբերվում է մի քանի առումով:

Նախ՝ Ռուսաստանից, Հունաստանից և Վրաստանից հետո այցելելով Իրան՝ Սարգսյանը գծում է «ռազմաքաղաքական այն քարտեզը», որը ոչ միայն Երևանն ընդունում է որպես բարեկամական, այլև` որին առանցքային դեր է վերապահում իր պաշտպանունակության բարձրացման, այդ ոլորտում արտաքին համագործակցության և հատկապես` տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով: Բարձր մակարդակի ընդունելությունը, որին արժանանում է Հայաստանի պաշտպանության նախարարը քարտեզն ընդգրկող երկրներում, վկայում է, որ Երևանի այդ ուղերձն ընկալվում է:

Երկրորդ՝ այս այցը տեղի է ունենում, ըստ էության, մի կողմից անցած դեկտեմբերին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարած այցի, մյուս կողմից` Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան կատարած այցի ֆոնին: Երևանը և Թեհրանը նաև պաշտպանական ոլորտում մերձեցումն ընկալում են որպես Նեթանյահուի այցի և փաստացի Բաքու-Թել Ավիվ ռազմաքաղաքական տանդեմի ձևավորման փորձի հակադարձում:

Թեհրանը նախկինում երբեք ռազմական ոլորտում Հայաստանի հետ գործակցելու` առանձնապես ընդգծված ձգտումներ չի ցուցաբերել: Դա պայմանավորված է եղել Ադրբեջանի հետ հարաբերություններին չվնասելու ցանկությամբ: Նեթանյահուի այցով խախտվեց այդ մոտեցման հիմքը: Հատկապես` հեռահար խոցման հրթիռային, հակաօդային պաշտպանության համակարգերով, հետախուզական նշանակության անօդաչու թռչող սարքերով Ադրբեջանին սպառազինելը Թեհրանն ընկալում է որպես Իսրայելի կողմից իր թիկունքում հարվածային ռեսուրսներ կենտրոնացնելու ռազմավարական քայլ:

Նույն կերպ` Երևանն այդ տանդեմը դիտարկում է որպես Իսրայելի կողմից տարածաշրջանում ռազմական հավաարակշռությունն Ադրբեջանի օգտին փոխելու նախաձեռնություն, որի առաջնային թիրախը Հայաստանն է: Այդ սպառնալիքները ստիպում են Երևանին և Թեհրանին` մտածել ջանքերը համատեղելու և հակակշռման մեխանիզմներ մշակելու ուղղությամբ: Հենց այս համատեքստում կարելի է ընկալել Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանիի՝ ԼՂ հիմնահարցի կապակցությամբ արած այն հայտարարությունը, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, և որ Թեհնրանն ամեն ինչ կանի դրա համար:

Սա ուշագրավ հայտարարություն է: Մինչև հիմա Իրանը չի թաքցրել, որ ԼՂ հարցում պաշտպանում է Ադրբեջանի տեսակետը: Թեհրանը դա գործնականում հաստատել է հրապարակային հայտարարություններով, Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակում մի քանի անգամ ԼՂ հիմնահարցին վերաբերող` Ադրբեջանի հեղինակած հայտարարությունները ստորագրելով: Այս իմաստով ռազմական գործողությունների բացառման և դրա համար ամեն ինչ անելու` Դեհղանիի հայտարարությունը պետք է ընկալել որպես դիրքորոշման մասնակի վերանայման ցուցադրական դրսևորում:

Որ Հայաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցությունը խորացնելը Իրանի համար ոչ թե նեղ ոլորտային ընդգրկում ունի, այլ տարածաշրջանային ռազմաքաղաքական կոնկրետ նպատակներ է հետապնդում, վկայում է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Ալի Շամխանիի` Վիգեն Սարգսյանին ընդունելու և նրա հետ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր քննարկելու իրողությունը:

Երրորդ՝ իհարկե, այս գործակցությունն առայժմ խիստ սաղմնային կարելի է համարել: Սարգսյանի հետ բանակցություններից հետո համատեղ ասուլիսի ընթացքում Իրանի պաշտպանության նախարարն ակնարկել է, որ այցելելու է Հայաստան: Այդ այցի ընթացքում էլ, թերևս, կորոշակիանա պաշտպանական ոլորտում կոնկրետ համագործակցության օրակարգը, տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեղ մեխանիզմների բնույթը:

Խնդիրն այն է, որ կողմերն առայժմ տեղյակ չեն միմյանց պոտենցիալի մասին և ներսից ծանոթանալու խնդիր ունեն: Իրանը չունի այնքան զարգացած ռազմաարդյունաբերական համակարգ, որը կարող է հետաքրքրել Հայաստանին՝ որպես քիչ, թե շատ մատչելի ռուսական սպառազինության այլընտրանք` թե' գնի և թե' որակի առումով: Իրանն ինքն ունի սեփական զինված ուժերը արդիականացնելու խնդիր և Ռուսաստանին է դիտարկում որպես ժամանակակից զինտեխնիկայի հիմնական մատակարար: Վերջին շրջանում Իրանը Ռուսաստանից ստացել է, մասնավորապես, U-300 և «Տոր» զենիթահրթիռային համակարգեր, ուզում է ձեռք բերել նաև հրազենային միջոցներ:

Չնայած դրան՝ Հայաստանն ու Իրանն ունեն պաշտպանական որոշ ենթաոլորտներում համագործակցության պոտենցիալ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է ռազմական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված համատեղ նախագծերին: Չպետք է մոռանալ, որ ապրիլյան պատերազմից հետո Իրանն անհանգստացած է Ադրբեջանում իսրայելական արտադրության ժամանակակից հետախուզական և հարվածային ԱԹՍ-ների առկայությունից: Իսկ Հայաստանում հիմա բավականին հաջող փորձեր են արվում դրանք վնասազերծող տեխնոլոգիաներ մշակելու ուղղությամբ: Այդ փորձերը լայն արտադրական պրոցեսի վերածելու համար Հայաստանը լուրջ ներդրումների կարիք ունի: Եվ Իրանը կարող է այդ խնդիրը վերցնել իր վրա, թեկուզ` համատեղ ձեռնարկություններ ստեղծելու նպատակով: Երևանը, կարծես, լուրջ է վերաբերվում այդ հեռանկարին: Եվ պաշտպանական նախագծերի իրականացման մասնագիտացում ունեցող Թեհրանի «Մալեք Աշթար» համալսարան, նաև պաշտպանական ոլորտի համար տեխնոլոգիական լուծումներ նախագծելու ուղղվածություն ունեցող «Իրանի էլեկտրոնային արդյունաբերություն» ընկերություն Վիգեն Սարգսյանի պատվիրակության այցերը դրա մասին են խոսում:

Հայկական կողմը նաև փորձում է հասկանալ, թե ի՞նչ կարող է առաջարկել իրանական կողմը: Այնպես որ` ՀՀ պաշտպանության նախարարի այս այցը մի կողմից Հայաստան-Իրան հարաբերությունները նոր ռազմաստրատեգիական մակարդակ տեղափոխելու, մյուս կողմից` «հետախուզական» կարևոր նշանակություն ուներ: Մնում է, որ դրանք առարկայական, շոշափելի արդյունքներ արձանագրեն:

Գևորգ Դարբինյան