կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 19:23
Քաղաքական

Դավիթ Լոքյանը ընդունել է իրանական «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Դավիթ Լոքյանը ընդունել է իրանական «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իսլամական խորհրդարանի պատգամավորներ Մոհամմադ Հասան Նեժադը և հայազգի Կարեն Խանլարյանը: 

Ողջունելով պատվիրակության անդամներին, նախարար Լոքյանը կարևորել է Հայաստան–ԻԻՀ հարաբերությունների ամրապնդումն ու զարգացման նոր հնարավորությունները, և այդ համատեքստում ընդգծել Սյունիքում ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) ստեղծելու ՀՀ կառավարության նախաձեռնությունը: Նախարարի խոսքով, նման տնտեսական գոտու ստեղծումը լուրջ խթան կլինի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար:

«Մենք մեր երկրում ունենք ազատ տնտեսական գոտիներ, սակայն իրանական փորձը կարող է ընդունելի և օրինակելի լինել մեզ համար: Մենք Իրանին տալիս ենք նաև լավագույն գործիքը` ԵԱՏՄ երկրներ ապրանքներ արտահանելու հնարավորություն` ազատելով ավելացված արժեքի հարկից և այլ մաքսատուրքերից»,- նշել է Դավիթ Լոքյանը: 

Շնորհակալություն հայտնելով նախարարին հանդիպման հնարավորության և ջերմ ընդունելության համար, դեսպան Սաջադին համակարծիք է եղել, որ ազատ առևտրի գոտու ստեղծումը երկու երկրների սահմանակից շրջանների տնտեսական զարգացման համար լուրջ գործոն է: Արդյունաբերություն, անասնապահություն, գյուղատնտեսություն, ջերմոցային տնտեսություն, զբոսաշրջություն, ձեռարվեստ. ահա այս ուղղություններով համագործակցելու հստակ առաջարկներ է ներկայացրել «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղինը:

Դավիթ Լոքյանն իր հերթին անդրադարձել է երկու երկրների ազատ տնտեսական գոտիների միջև ամբողջական մոդելի ստեղծման գաղափարին, և այդ հարցում կարևորել հայ-իրանական բազմադարյա բարեկամական կապերի առկայությունը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխգործակցության նոր ոլորտներ սահմանելու և համագործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը: