Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն առաջիկայում չպլանավորված այց է կատարելու Մոսկվա՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԼՂ հարցով բանակցելու նպատակով:
Մամեդյարովի այս այցը կանխատեսելի էր: Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ անցած տարվա գործունեության ամփոփմանը նվիրված ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարարն արել էր հայտարարություններ, որոնք իսկական շոկ էին առաջացրել Բաքվում: Լավրովը հայտարարել էր, թե ԼՂ հարցը միայն Ադրբեջանի ներքին խնդիրը չէ և շատ թափանցիկ ակնարկներով հասկացրել, որ Ադրբեջանն է հանդիսացել հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց խոչընդոտողը, և քանի որ շփման գծում հրադադարի ռեժիմն ամրապնդող մեխանիզմների ներդրման պայմանավորվածությունները չեն կատարվում Բաքվի պատճառով, նա կրում է լարվածության մեծացման պատասխանատվությունը: Լավրովը նաև նշել էր, որ բոլոր միջազգային փաստաթղթերով, այդ թվում նաև ՄԱԿ ԱԽ բանաձևերով խնդիրը ուժային կարգավորում չունի և «գրավված» տարածքների հանձնման հարցը չի կարող լուծվել առանց ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման:
Այս հայտարարություններով Լավրովը փաստացի հասկացրել է, որ վերջակետ է դնում այսպես կոչված «Լավրովյան պլանի» վրա, որը հիմնված էր ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ շնորհելով՝ վերջնական կարգավիճակի որոշման հարցը վերջնականապես օրակարգից հանելու մոտեցման վրա: Կոնցեպտուալ առումով մադրիդյան սկզբունքներից էապես շեղվող կարգավորման այս սխեման ընդունելի էր Բաքվի համար: Սկսած ապրիլյան պատերազմի գրեթե հաջորդ օրվանից, Մոսկվան և Բաքուն այս հարցում գործում էին կատարյալ համախոհությամբ:
Պաշտոնական Բաքվի քարոզչական մեքենան փորձում է տպավորություն ստեղծել, թե Մոսկվայի այս շրջադարձի մեղավորը ադրբեջանական «Լիդեր» հեռուստաընկերության մոսկովյան թղթակիցն է, որը, իբր, սադրիչ հարցով ՌԴ արտգործնախարարին դրդել է անելու նման կոշտ հայտարարություններ: Լրագրողի հարցը, սակայն ոչ այնքան սադրիչ էր, որքան ցինիկ: Ռուսաստանի համար այն վտանգավոր էր, քանի որ անուղղակի բացահայտում էր ապրիլյան պատերազմի միջոցով ստատուս քվոն արագ փոխելու ադրբեջանական ձեռնարկին Մոսկվայի աջակցությունը, և ուղղված էր նոր փորձի դեպքում Մոսկվայից նույնպիսի վերաբերմունքի դրսևորման ազդակներ ստանալուն: Եվ, որպեսզի տպավորություն ստեղծի, թե հարցադրումը ոչ թե Բաքվի կողմից հետախուզական նպատակներ էր հետապնդում, այլ լրագրողի ինքնագործունեության արգասիքն է, ադրբեջանական հեռուստաընկերությունը վերջինիս հեռացրեց աշխատանքից:
Սակայն իրականում Լավրովի մերկացնող հայտարարությունների պատճառը ոչ թե լրագրողի պահվածքն էր, այլ փաստացի Մոսկվային Բաքվի գրեթե անթաքույց ու եռակողմ հայտարարությամբ ամրագրված խոստումը չկատարելու իրողությունը: Խոսքը վերաբերում է շփման գծում ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի անդամների թվաքանակի ավելացման խիստ սիմվոլիկ նշանակություն ունեցող պայմանավորվածությանը, որը ձեռք էր բերվել Սանկտ-Պետերբուրգում նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ կայացած Ալիև-Սարգսյան հանդիպման ժամանակ: Ալիևի կողմից այդ պայմանավորվածության խախտումը, որը ադրբեջանական ներկայիս ռեժիմի մաքսիմալիստական քաղաքականության դրսևորումն է, Ռուսաստանին կանգեցրել է փաստի առաջ, քանի որ զրկել է Հայաստանի նկատմամբ ճնշման միջոցով «Լավրովյան պլանի» համաձայնություն կորզելու հնարավորությունից:
Մյուս կողմից դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հայկական դիրքերի, այսինքն Հայաստանի սահմանների նկատմամբ դիվերսիայի փորձ կատարելով՝ Բաքուն ակնառու դարձրեց, որ ոչ միայն չի հրաժարվել նոր պատերազմ սկսելու մտադրությունից, այլև այդ ճանապարհին չի խորշում անգամ Ռուսաստանին սադրելուց: Խնդիրն այն է, որ եթե հայկական կողմը որոշեր օգտվել առիթից և հակահարձակման անցներ, Ռուսաստանը կանգնելու էր զինված հակամարտությանը միջամտելու Երևանի հիմնավորված պահանջի անցանկալի իրողության առջև: Եվ Լավրովի հայտարարությունների թաքնված ուղերձը Բաքվին այն էր, որ Մոսկվան իրեն խաբված է զգում, որ չի տրվելու Բաքվի սադրանքին և, որ, եթե վերջինս նոր պատերազմի փորձ կատարի, Մոսկվան, գուցե, ստիպված կլինի կատարել Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները:
Եվ, ահա, Ադրբեջանի արտգործնախարարը շտապում է Մոսկվա՝ մի կողմից մեղմելու վերջինիս ցասումը, մյուս կողմից փոխանցելու ստեղծված իրավիճակից Ալիևի առաջարկած ելքը: Իսկ այդ ելքը Մամեդյարովի այցից առաջ Ադրբեջանի նախագահն արդեն հրապարակավ առաջարկել է: Նախօրեին ռազմական ավանի բացման ժամանակ Ալիևը հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրվելու: Հակամարտությունը մի պարզ լուծում ունի. Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում ստեղծել երկրորդ հայկական պետությունը: Որեւէ մեկը նման բանի թող չսպասի, քանի որ նման բան չի լինելու»: Առաջին հայացքից թվում է, թե տասնյակ անգամներ լսված Ալիևի շաբլոնային հայտարարությունն է: Սակայն պատահական չէ, որ այս անգամ բացակայում է պատերազմի հռետորաբանությունը. նա անգամ հեռավոր ակնարկ չի անում հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Սա թափանցիկ ուղերձ է Ռուսաստանին, որ Բաքուն հրաժարվում է «կրակի հետ» խաղալու մարտավարությունից: Դրա դիմաց ըստ ամենայնի՝ Բաքուն ակնկալում է Ռուսաստանի վերադարձը «ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ» կոնցեպցիային: Պատահական չէ, որ թեև Ալիևը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին, սակայն դրանում չկա ԼՂ-ին Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն շնորհելու շաբլոնային միտքը:
Հիմա ողջ հարցն այն է՝ ինչպիսի՞ն է լինելու Մոսկվայի արձագանքը: Այն հանգամանքը, որ Մամեդյարովն ինքն է գնում Լավրովի «ոտքը», վերջինիս ավելի պահանջատիրական դիրքերից հանդես գալու հնարավորություն է տալիս: Ի վերջո Մոսկվայի ներկայիս կոշտ հայտարարությունների նպատակը հենց Բաքվի համառությունը ջարդելն է: Եթե Մոսկվան կարողանա հասնել նրան, որ Ալիևը տա շփման գծում ԵԱՀԿ դիտորդների քանակն ավելացնելու համաձանյությունը, կարելի է չկասկածել՝ նրա «փափուկ հարկադրանքի» սլաքները սկսելու են աշխատել արդեն հայկական կողմի դեմ:
Գևորգ Դարբինյան