կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 17:50
Իրավական

Ստրասբուրգից ժամանած հայտնի փաստաբանին թույլ չեն տալիս տեսակցել Շիրխանյանին

Երևանում է հայտնի փաստաբան, ՌԴ միջազգային իրավունքի առաջատար մասնագետ, ՄԻԵԴ-ում ընդդեմ ՌԴ-ի առաջին գանգատը ներկայացրած ու շահած Կարինա Մոսկալենկոն: Նա ՄԻԵԴ-ում ներկայացնում է 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը:

Մոսկալենկոն, ով ժամանել է Ստրասբուրգից, այսօր դատարանում մի շարք լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իրեն թույլ չեն տվել հանդիպել Վահան Շիրխանյանի հետ, մինչդեռ նախապես տեղեկացվել է իր այցի մասին, ներկայացվել են համապատասխան փաստաթղթեր:

«Նախապես պայմանավորվածություն կար, որ պետք է հանդիպեմ Շիրխանյանի հետ: Ես հազարավոր կիլոմետրեր եմ կտրել իմ պաշտպանյալին հանդիպելու նպատակով, գիտեմ, որ նրա վիճակը իսկապես ծայրահեղ ծանր է, բայց առավոտից ինձ թույլ չեն տալիս հանդիպել նրան»,- ասաց նա` հավելելով. «Իմ պարտականությունն է ՄԻԵԴ-ում Շիրխանյանի նկատմամբ իրականացվող վերաբերմունքը ներկայացնելը, ոչ թե ներպետական ատյանում ընթացող գործի քննությանը հետևելը»:

Փաստաբանի խոսքով՝ ոչ միայն Շիրխանյանի կալանավորման որոշումն է սխալ եղել, այլևս խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումների արգելում) և 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածները:

Մոսկալենկոն տեղեկացրեց, որ Շիրխանյանի անունից ներկայացված գանգատը ՄԻԵԴ-ն ընդունել է վարույթ և դասել առաջնահերթ քննվող գործերի շարքը:

Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում