Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական դաշտում սկսվել է դաշինքների ձևավորման խելահեղ գործընթաց, որին նոր թափ հաղորդեց ընտրություններին դաշինքով մասնակցելու` Գագիկ Ծառուկյանի ելույթը: Քայքայված, բզկտված, սեփական ռեսուրսներ չունեցող կամ դրանք մսխած ուժերը, անհատները սկսել են բյուրեղանալ:
Սա, իհարկե, ունի օբյեկտիվ պատճառներ: Նախ՝ խորհրդարանական կառավարման անցնելուց հետո ապրիլի ընտրությունները լինելու են համապետական ընդգրկման միակ հերթական ընտրությունները: Դրանք կանխորոշելու են քաղաքական համակարգի կառուցվածքը, իշխանության կոնյունկտուրան առաջիկա 5 տարիների կտրվածքով, իհարկե, եթե ֆորս մաժորային իրավիճակներ չառաջանան: Խորհրդարանից դուրս մնալն անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքական լուսանցքում հայտնվելուն: Իսկ աութսայդերի կարգավիճակում հայտնվել ոչ մի` իրեն հարգող անհատ և քաղաքական միավոր չի ցանկանում: Ավելին` այս ընտրություններն, առանց չափազանցության, ձեռք են բերում նույնիսկ շատ ավելի մեծ նշանակություն, քան մինչ այժմ կազմակերպված նախագահական ընտրությունները: Որովհետև եթե որևէ շանս չունեցող քաղաքական ուժ` իր լիդերով, նախագահական ընտրություններին մասնակցում էր բացառապես, այսպես ասած, ջրի երեսին մնալու, իր քաղաքական ինքնարժեքը բարձրացնելու համար, ապա խորհրդարանական ընտրություններին այս կամ այն բևեռում հանգրվանելը նախևառաջ պատգամավոր դառնալու և քաղաքականության անմիջական մասնակիցը դառնալու հնարավորություն է:
Երկրորդ՝ 1999-ից սկսած՝ ՀՀԿ-ն ձևավորել է անհաղթելիության կարծրատիպ, որի ազդեցությամբ գործող իշխանությանը հեռացնելու միակ տարբերակ է ընկալվում «ուժի դեմ համարժեք ու համանման ուժ» կոնցեպցիայով հնարավորինս մեծ այլընտրանքային քաղաքական բևեռի ստեղծումը: Արդյունքում` ի հայտ են եկել մոտիվացիոն գործոններ, որոնք քաղաքական համակարգը կարող են դուրս բերել քաղաքական տրամաբանության ռելսերից, ձևավորել ավելի ցածր արժեհամակարգ և, որպես հետևանք, հանգեցնել նախորդից որակապես շատ ավելի վատ խորհրդարանի ձևավորման:
Մարգինալների համար գոյության պայքարը, քաղաքական արևի տակ տեղ ունենալու և պարզապես պատգամավորական մանդատ ձեռք բերելու ամբիցիաները խթանել են քաղաքական դաշտի գաղափարազրկման մի վայրենի պրոցես: Խոշորացման գործընթացները տեղի են ունենում բոլոր իմաստներով թացի և չորի խառնաշփոթի ստեղծմամբ: Իրենց արմատական հռչակող ուժերը միանում են ընդամենը շաբաթներ առաջ իշխանականից ընդդիմադիր դարձածներին, սոցիալիստները՝ լիբերալներին, կենտրոնամետները՝ ծայրահեղականներին: Ոչ ոքի հետաքրքիր չէ՝ երեկ ով ում մասին ինչ կարծիք էր հայտնում, ով ում էր հայհոյում, ով ում դեմ էր պայքարում, ում էր ամենածանր հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու պահանջներ ներկայացնում:
Ցանկացած գնով բլոկների ձևավորումը, դրանց մեջ ընդգրկվելը միջոց լինելուց վերածվել է գերագույն նպատակի: Դաշինքներ ընտրելու չափանիշները սկզբունքների, գաղափարական ընդհանրությունների փոխարեն բացառապես լիդերների ֆինանսական կարողություններն են և դրանք ընտրությունների ժամանակ իրենց խորհրդարան տանելու վրա ծախսելու շռայլության աստիճանը: Այն արհեստական պատճառաբանությունը, թե ամենակարևորը ցանկացած գնով գործող իշխանությանը հեռացնելն է, վերածվել է անողնաշար, ամորֆ հիբրիդային քաղաքական միավորների ձևավորումն արդարացնելու միջոցի, որն իրականում հասարակական պահանջմունքների հետ որևէ ընդհանուր բան չունի և չի արտացոլում հանրության քաղաքական կողմնորոշումների իրական ներկապնակը:
Այս խելահեղ, քաոտիկ տեմպն անուշադրության է մատնել մի կարևոր հանգամանք` 6-րդ գումարման խորհրդարանում պատգամավորական տեղերը լինելու են գրեթե մեկ քառորդով ավելի քիչ: Այսինքն` այսպես, թե այնպես շատ ավելի սուր է լինելու մրցակցությունը յուրաքանչյուր տեղի համար ոչ միայն ընտրություններին մասնակցող ուժերի միջև, այլև նույն դաշինքին մաս կազմող ուժերի ու անհատների: Զուտ մեխանիկական, միայն քանակի վրա սևեռված միավորումներում առաջ է գալու ցուցակային, հատկապես` անցողիկ տեղերի «կարկանդակը» բոլորի համար ընդունելի ձևով բաժանելու խնդիրը: Որքան մեծ լինի դաշինքում ընդգրված ուժերի թիվը, այնքան դժվար է լինելու դրանց բավարարումը: Եվ չի բացառվում, որ ապագաղափարական այդ միավորումները կանգնեն այն նույն կոտրած տաշտակի առջև, ինչ «Հայկական վերածնունդ»-ը` զրոյական արժեքով ինչ-որ կազմակերպությունների համախումբ ստեղծելով:
Ամեն դեպքում` հարց է առաջանում` ի՞նչ սկզբունքով է կատարվելու ցուցակագրումը, անցողիկ տեղերում նախապատվությունը տրվելու է դաշինքների՞ն, միավորումներին ձայն բերող անհատների՞ն, թե՞ քաղաքական դեմքերին, որոնք հենց ստեղծվող քաղաքական ներկայիս անտիմշակույթի պատճառով շատ ավելի քիչ հասարակական պահանջարկ են վայելում: Նկատի ունենալով քաղաքական պայքարի սրությունը՝ կասկած չկա, որ նախապատվությունը, հատկապես` ռեյտինգային ընտրակարգի շրջանակներում, տրվելու է ավանդական «ձայն բերողներին», որոնց մեծամասնությունը ներկայիս խորհրդարանում է և գրեթե ամբողջացնում է, այսպես կոչված, «լուռ»՝ օրենսդրական, քաղաքական պրոցեսներից բացարձակապես մեկուսացած պատգամավորների շրջանակը: Իսկ նրանց թիվը մոտ 50-60 է: Եթե 50-60 պատգամավորը կազմում է ներկայիս խորհրդարանի մոտ 40 տոկոսը, ապա 101 պատգամավորից կազմված խորհդրարանում այդ որակը կազմելու է արդեն 60 տոկոսը: Եվ ստացվում է, որ խորհրդարանի որակն իրականում կարող է ոչ թե բարձրանալ, այլ ընկնել:
Դեռ մի կողմ ենք թողնում խորհրդարանում նման սկզբունքով ձևավորված դաշինքների թողնելիք հետընտրական` այսպես կոչված, «կողմնակի» ազդեցությունը, որը ներկայիս խորհրդարանի հիմնական ողբերգություններից մեկն է: Երբ քաղաքական թիմը նույն աշխարհընկալումներով, իդեալներով, ինտելեկտուալ քիչ, թե շատ իրար մոտ անձանցից չի լինում բաղկացած, ապա խորհրդարանում հայտնվելուց հետո սկսում է քայքայվել, ներսից ուղղակի փտել: Պատկերացրեք` ինչ է լինելու այն մարդկանց ամբողջության հետ, որոնց առավելագույն նպատակը մանդատ ստանալն է: Այս խորհրդարանում 6 խմբակցություններից 3-ի՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության», ԲՀԿ-ի փլուզման օրինակը հուշում է, թե ինչպես է դա տեղի ունենում, և թե ինչի է հանգեցնում առանց գաղափարական, արժեքային հիմքի միավորումների ստեղծումը: Եվ եթե ներկայիս ապաքաղաքական երևույթները հանկարծ հանգեցնեն նրան, որ խորհրդարանում չլինեն գաղափարակիր, քաղաքական ավանդույթներ, կառուցվածք ու բովանդակություն ունեցող ուժեր, ապա հաջորդ ԱԺ-ն կարող է աղետ լինել: Հետևաբար, հենց այսօրվանից պետք է մտածել՝ ում ենք ընտրելու և ինչի համար:
Գևորգ Դարբինյան