Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրուցեց ՏՀՏ ոլորտի մասին: Նրա խոսքով` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ունի իր ռազմավարությունն ու հեղափոխական ծրագրերի իր տեսլականը: Ըստ այդմ` միության գլխավոր ռազմավարական ուղղություններն են ՏՀՏ կրթությունը` դպրոցներում ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, այնուհետև` բիզնեսի զարգացումը, կառավարության հետ հարաբերությունները, Հայաստանի բրենդը դրսում ներկայացնելը:
Ինչ վերաբերում է Սփյուռքից կադրերի ներգրավմանը, նա կարծիք հայտնեց, որ եթե հայ մասնագետների պատրաստման հարցը ամրապնդվի, ապա կարող են կադրեր ներգրավել, որտեղից էլ որ ցանկանան: Ըստ Վարդանյանի` աշխարհում այսօր ՏՏ ոլորտի տաղանդի սով է, ԱՄՆ-ում և Եվրոպայում կա այդ ոլորտի մոտ 2 միլիոն կադրի պահանջ, այդ թիվը 2018-ին կդառնա 3, իսկ 2021-ին` 5 միլիոն: Եվ պետք է հաշվի առնել, որ մարդկությունը դեռ չգիտի, թե 5 տարի հետո ինչպես է փոփոխվելու ՏՀՏ ոլորտի բովանդակությունը` նոր համակարգիչներ, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, արհեստական բանականություն:
2017-ին ՏՏ ոլորտին նվիրված համաշխարհային գագաթաժողով կկազմակերպվի, որը կքննարկի էլեկտրոնային դարաշրջանի միտումները:«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը այդ համագումարին կներկայանա որպես առաջին և միակ երկիր, որը բոլոր դպրոցներում կիրառել է նախնական ինժեներական կրթությունը: Սա մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել, և դրա արդյունքում Հայաստան կարող են գալ ՏՏ ոլորտի թիվ մեկ մարդիկ ամբողջ աշխարհից: Դրա արդյունքում էլ Հայաստանում բիզնեսը կարող է աներևակայելի քայլ անել առաջ»,- ասաց Կարեն Վարդանյանը` հավելելով, որ կառավարությունը պետք է աջակցի այդ կրթությանը, որ կարողանան հասնել մեծ պոտենցիալի և այն ներկայացնել աշխարհին:
Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտում արձանագրած հաջողություններին, նա նշեց, որ դեռևս չի շփվել պաշտպանության նոր նախարարի հետ, սակայն բազմիցս առնչվել է ՊՆ ռազմաարդյունաբերության պատասխանատուի` Դավիթ Փախչանյանի հետ, որին կարող է հայտնել իր գոհունակությունը: Ապրիլյան պատերազմից հետո իրականացվել է ինժեներների մոբիլիզացիա, որոնք բարձր տեխնոլոգիական տեսակի զինատեսակներ են պատրաստում բանակի համար, «Դիջիթեք» փակ ցուցահանդեսի ժամանակ էլ այդ զինատեսակների մի մասը ներկայացվեց նախագահի ուշադրությանը, կան զգալի հաջողություններ այդ զինատեսակների ռազմական փորձարկումների դաշտում: