կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-25 15:41
Հասարակություն

Դուք եք մեր ապագա վարչապետերն ու նախագահները. վարչապետը՝ նախնական ինժեներական խմբակների կրտսեր տարիքի աշակերտներին

Դուք եք մեր ապագա վարչապետերն ու նախագահները. վարչապետը՝  նախնական ինժեներական խմբակների կրտսեր տարիքի աշակերտներին

Այսօր, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ, բացվեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ համագումարը: Միությունը նախատեսում է մինչև 2019թ. ինժեներական լաբորատորիաներ ստեղծել հանրապետության բոլոր` 1400 դպրոցներում: Լաբորատորիաների ստեղծումը հնարավորություն կտա բարելավելու Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, նպաստելու նոր տեխնոլոգիական սերնդի զարգացմանը և Հայաստանը մրցունակ դարձնելու տեխնոլոգիական համաշխարհային հսկաների կողքին:

Հիշեցնենք, որ միությունը ստեղծվել է 2000թ.` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա:

Համագումարին ներկա էին էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ու ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ողջունեց համագումարի մասնակիցներին` շեշտելով, որ կառավարությունն էապես կարևորում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների դերը ՏՏ ոլորտի զարգացման գործում:

«Ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի խմբակների ստեղծմանը: Այս համագործակցությունը շարունակական բնույթ է կրելու: Վերջին տարիներին ՏՏ ոլորտը արձանագրում է 20-22 տոկոս տնտեսական աճ, ինչը պայմանավորված է նաև ոլորտի հանդեպ կառավարության վարած արդյունավետ քաղաքականությամբ: Մենք պատրաստ ենք աջակցել ոլորտի զարգացմանը»,- ասաց վարչապետը:

Ողջույնի խոսքից հետո ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի, Հովիկ Աբրահամյանի ու Արծվիկ Մինասյանի կողմից ստորագրվեց հուշագիր ՀՀ հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրման մասին: Հուշագրի ստորագրմանը ներկա էին նախնական ինժեներական խմբակների կրտսեր տարիքի աշակերտները, որոնց դիմելով` Հովիկ Աբրահամյանը նշեց. «Դուք մեր ապագա վարչապետերն ու նախագահներն եք»: