կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-12 12:38
Հասարակություն

Հայաստանը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ. ԿԳՄՍՆ

Հայաստանը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ. ԿԳՄՍՆ

Հայաստանի Հանրապետությունը 126-րդ երկիրն է, որը դարձել է GLOBE ծրագրի ընտանիքի անդամ: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:

«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կիրականացնի կայուն ծրագիր գիտության և կրթության ոլորտում՝ ԱՄՆ-ում գտնվող GLOBE-ի իրականացման գրասենյակի (GIO) և Չեխիայում տեղակայված GLOBE-ի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանային համակարգող գրասենյակի աջակցությամբ: Հայաստա՛ն, բարի գալուստ GLOBE ազգերի ընտանիք»,- նշել է GLOBE-ի իրականացման գրասենյակի տնօրեն, դոկտոր Թոնի Մերֆին: 

GLOBE ծրագրին ՀՀ մասնակցությանն անդրադարձ է եղել նաև վերջերս տեղի ունեցած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիի հանդիպման ընթացքում:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, USAID/Հայաստան առաքելության նորանշանակ տնօրեն Ջոն Ալլեոն, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական պատասխանատու Օլեգ Սոկոլան:

Հանդիպման ընթացքում Վահրամ Դումանյանն անդրադարձել է ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) հետ համագործակցությանը, մասնավորապես հունիս ամսին GLOBE ծրագրի հուշագրի ստորագրմանը: Նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ GLOBE ծրագիրը, լինելով գիտական և կրթական բնապահպանական միջազգային ծրագիր, լավագույնս կներգրավի Հայաստանի սովորողներին ու գիտնականներին միջազգային ցանցի մեջ՝ համաշխարհային շրջակա միջավայրն ուսումնասիրելու առումով, և կնպաստի համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը՝ դրանով իսկ նպաստելով տեխնոլոգիական կրթության զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում:

Դեսպան Լ. Թրեյսին, վերահաստատելով բազմակողմ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը, նույնպես շեշտել է Հայաստանի ներգրավումը ԱՄՆ Օդային և տիեզերական ազգային գործակալության (ՆԱՍԱ) «Համաշխարհային ուսուցում և դիտարկումներ հօգուտ շրջակա միջավայրի» (GLOBE) ծրագրում:

«Հաշվի առնելով աշխարհի առաջ ծառացած բազմակի կլիմայական մարտահրավերները՝ այսօր առավել քան երբևէ արդիական են շրջակա միջավայրը ճանաչելու ու այն պաշտպանելու նորարարական ու ինտերակտիվ մեթոդները, որ առաջարկվում են GLOBE ծրագրով»,- մասնավորապես նշել է դեսպանը: