կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 15:58
Քաղաքական

Մարդն իր տան դիվանը որոշում է ապրիլի 3-ին գնել. վարչապետը` ընտրությունների` խոչընդոտ լինելու մասին

Մարդն իր տան դիվանը որոշում է ապրիլի 3-ին գնել. վարչապետը` ընտրությունների` խոչընդոտ լինելու մասին

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանն ամփոփեց իր պաշտոնավարման 100 օրը: Նախ ներկայացվեցին  պետական համակարգի ախտորոշման արդյունքները, դրանք են` բյուրոկրատական կենտրոնացվածության բարձր աստիճանը, հատվածային, տարբեր համակարգերում  ոչ համարժեք կարգավորումները, ուռճացված պետական մարմինների` կոմիտեների, ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի առկայությունը, իրավասությունների ու պարտականությունների անհամաչափ բաշխման փաստերը և այլն:

«Պետական կառավարման համակարգում սանիտարիզացիա»` այսպես վարչապետը բնորոշեց իր առաջին նպատակադրումները, որը ենթադրում է ծախսերի նվազեցում, հաստիքների կրճատում, վարկեր վերցնելու գործում խստացում, սոցիալական ոլորտում հասցեականության բարձրացում և այլն: Վարչապետը մյուս կողմից ընդգծեց, որ այդ բոլոր գործողությունները, բնականաբար, ունենալու են բացասական էֆեկտ` հակազդեցություն:

«Այդ բառը թեկուզ լավ չի հնչում` սանիտարիզացիա, բայց այն, նաև տնտեսական ակտիվացում չապահովող միջոցառում է: Մյուս կողմից` կառավարությունն իր առջև խնդիր է դրել լավացնել կյանքը: Այս երկու հարթությունները կարող են չհատվել»,- ասաց նա` հավելելով, որ ներկայումս անում են ամեն ինչ, որ այս երկու հարթությունները չհակադրվեն, և արձանագրվեն դրական արդյունքներ:

Վարչապետը նշեց, որ համապետական ընտրությունները տնտեսական աճի հիմնական խոչընդոտներից են, քանի որ բոլորն ամեն ինչ պլանավորում են ընտրություններից հետո: «Մարդն իր տան դիվանը որոշում է ապրիլի 3-ին գնել: Պարզ է, չէ՞, որ բիզնեսը հաստատ իր պլանները կկառուցի ապրիլի 3-ից հետո»,- ասաց նա:

Պետական ծառայողին նորմալ աշխատավարձ տալու վերաբերյալ Կարեն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ նորմալ աշխատավարձ վճարելու հստակ բանաձև չկա, դրա համար պետք է փորձեն տնտեսել, արդյունավետ ծախսել, բյուջեի  մուտքերը շատացնել, տնտեսությունն աշխուժացնել, որ վարձատրության համակարգը դրական աճ արձանագրի:

«Պետք է աստիճանաբար հասնենք նրան, որ պետական կառավարման համակարգում ստեղծենք այնպիսի պայմաներ, որ լավագույն մասնագետներին  կարողանանք հրավիրել աշխատանքի ու նորմալ աշխատավարձ տալ: Բիզնեսն այսօր այդ հնարավորությունը ունի, սակայն մենք այդ հնարավորությունն առայժմ չունենք»,- ասաց Կարեն Կարապետյանը` հավելելով, որ մարդը պետք է արդյունք տա, որ նորմալ վարձատրվի: