կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 18:10
Հասարակություն

2017-ի առաջին խորհրդակցությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

2017-ի առաջին խորհրդակցությունը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 9-ին անցկացրել է 2017թ. առաջին աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցում էին նախարարի տեղակալները, նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:

Նախարարը կարևորել է 2016 թվականի ընթացքում իրականացված ծրագրերն ու աշխատանքները, ունեցած ձեռքբերումները, միաժամանակ  նշելով, որ կա անհրաժեշտություն վերանայել անցած ճանապարհը և արմատական փոփոխություններ  կատարել  մոտեցումների մեջ:

Անդրադառնալով ՀՀ վարչապետի կողմից տրված վերջին հանձնարարականներին՝ նախարարը առաջին հերթին ընդգծել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալության գործառույթների վերակազմակերպման խնդիրը, մասնավորապես, որ պետք է տարանջատվի դիմում ընդունելու  և որոշում կայացնելու գործառույթը, ինչը  նվազագույնի կհասցնի քաղաքացիների հետ շփումները: «Բժշկասոցիալական փորձաքննության համակարգում գործող ձևաչափով այլևս որոշումներ չեն կայացվելու»,- նշել է Արտեմ Ասատրյանը:

Համակարգում այս և այլ կարևոր փոփոխությունների հետ կապված տասնօրյա ժամկետում ՀՀ կառավարությանը կներկայացվեն համապատասխան առաջարկություններ:

Հաջորդ ուղղությունը վերաբերում էր նպաստների ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացմանը, առաջին հերթին՝ անապահովության գնահատման համակարգի մասով: ««Ամեն գնով» 30 միավոր ձեռք բերելու մղումը ապախթանելու համար իրականացվել են անապահովության գնահատման մոտեցումների և մեթոդաբանության արմատական վերանայման աշխատանքներ, որոնք առաջիկայում կներկայացվեն  ՀՀ կառավարության հաստատմանը: Լուրջ աշխատանքներ պետք է տարվեն ընտանիքի առաջնային կարիքները հոգալու համար ճիշտ համակարգ ձևավորելու ուղղությամբ»,- ասել է նախարարը:

 

Զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում, նախարարի խոսքով  պետք է ֆինանսական միջոցների վերաբաշխում կատարվի՝ սահմանափակ ռեսուրսով ավելի շատ շահառուների ներգրավումն ու սպասարկումն ապահովելու համար, իսկ զբաղվածության որոշ ծրագրերի պատվիրակումը պետք է իրականացվի առավել մասնագիտացած կառույցներին:

 

Անդրադառնալով կենսաթոշակային ոլորտին՝ նախարարը դեռևս չլուծված խնդիր է համարել աշխատանքային ստաժների  ճշգրիտ հաշվարկումը և նշել, որ հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն ոչ հավաստի փաստաթղթերի հիման վրա ստաժի հաշվարկման դեպքերի վերհանման և բացառման ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև ժամանակավոր անաշխատունակության, մայրության և մինչև 2 տարեկան երեխային խնամքի նպաստների ընթացակարգերի հետ կապված խնդիրների լուծմանը:

Խորհրդակցության ավարտին նշված բոլոր ուղղությունների հետ կապված նախարար Արտեմ Ասատրյանը հստակ հանձնարարականներ է տվել և յուրաքանչյուր ուղղության համար  նշանակել պատասխանատուներ: «Յուրաքանչյուրն ունենալու է անձնական պատասխանատվության դաշտ և թերի աշխատանքի դեպքում չի ընդունվելու որևէ բացատրություն կամ մեկնաբանություն»,- շեշտել  է նախարարը: