կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-19 12:48
Առանց Կատեգորիա

Տեր-Պետրոսյանի «ռուսական ռուլետկան»

Տեր-Պետրոսյանի «ռուսական ռուլետկան»

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի հայտարարեց, որ ՀԱԿ-ի նպատակն այլևս իշխանափոխությունը չէ, որով պայմանավորվել էր ինչպես այդ կառույցի ստեղծումը, այնպես էլ դրա 7-ամյա գործունեությունը: Նա սահմանեց, որ ՀԱԿ-ի գոյության իմաստը, գոնե մինչև 2018թ. ապրիլը, լինելու է ԼՂ կարգավորման պրոցեսում փոխզիջումների գնալու հարցում Հայաստանի գործող նախագահին սատարելը: Նման դիրքավորման ելակետն այն է, որ ՀՀԿ-ն լավ չի կատարում իրենց առաջնորդին փոխզիջումների գնալու համարձակություն ներշնչելու պարտականությունը, և այդ գործառույթը ՀԱԿ-ը մեծահոգաբար վերցնում է իր վրա: «Հասարակությանը խաղաղության նախապատրաստելու եւ դրա ընդդիմախոսներին հակադարձելու գործում նրանք փաստորեն լքել, մենակ են թողել իրենց նախագահին։ Այնինչ դա պետք է լիներ ոչ թե Հայ Ազգային Կոնգրեսի, այլ առաջին հերթին, հենց իրենց գործը»,- ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի քաղաքական հենարանի դերը ստանձնելու միտքն ահա այսպես է փաթեթավորում Տեր-Պետրոսյանը։ Ըստ այդմ՝ ՀԱԿ-ի մարտավարական խնդիրը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, լինելու է ԼՂ հարցում փոխզիջումներին տրամադրված քաղաքական ուժերի միավորման ստեղծումը և խորհրդարանում դրա` առնվազն պատկառելի ներկայացվածության ապահովումը: Հանուն դրա` ՀԱԿ-ն իր նախընտրական արշավը կառուցելու է «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանի ներքո:

Որքան էլ կարող է տարօրինակ հնչել, գործող նախագահի ոչ ֆորմալ, ընդդիմադիր հենարանի դերը ստանձնելու` այս գրեթե ուղղակի առաջարկն ուղղված է ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ Ռուսաստանին: «Մենք կրկին կանգնած ենք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հերթական պահը բաց չթողնելու հրամայականի առջեւ, ինչի վկայությունն են, մասնավորապես, վերջին շրջանում այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրած լուրջ ջանքերը։ Մի առիթով ես ասել եմ, որ Ղարաբաղի հարցի լուծման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, եւ նրա այդ ջանքերն, արդ, գալիս են ապացուցելու տվյալ պնդման ճշմարտացիությունը։ Ընդ որում, Արեւմուտքը եւս, որի առաջնահերթությունների շարքում, ինչպես նշվեց, Ղարաբաղյան կարգավորումը տեղ չի գրավում, վստահաբար, ոչ միայն գիտակցում, այլեւ գնահատում է Ռուսաստանի առանձնահատուկ դերակատարությունն այդ հարցում»,- ասում է Տեր-Պետրոսյանը:

«Ռուսաստանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքեր» ասելով` նա թերևս նկատի ունի Ադրբեջանին ահռելի քանակությամբ հարձակողական զինտեխնիկա վաճառելը, դրանով հակամարտող կողմերի միջև սպառազնիության նոր, ավելի ահարկու մրցավազքի սանձազերծումը ու Բաքվի դիրքորոշման կարծրացումը, ապրիլյան պատերազի թե' սկսման և թե', հայկական ուժերի գրոհը կասեցնելով, դադարեցման մեջ ունեցած ահռելի դերակատարությունը, Վիեննայի գագաթաժողովի արդյունքներով ակնհայտորեն դիվանագիտական թակարդում հայտնված Ադրբեջանին սանկտպետերբուրգյան հանդիպմամբ փրկելը և շփման գծում կայունության հաստատման մեխանիզմների ներդրման պրոցեսը վիժեցնելը:

Ահա այսպիսի Ռուսաստանին Տեր-Պետրոսյանն առաջարկում է խաղադրույք կատարել իրենց վրա, քանի որ առանց հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում փոխզիջման պատրաստակամության օրակարգի ձևավորման և այդ օրակարգը սպասարկող քաղաքական պլատֆորմի ստեղծման Ռուսաստանը որևէ պարագայում ի վիճակի չի լինելու կենսագործել ԼՂ հարցի փուլային այն լուծումը, որն ընկած է ապրիլյան պատերազմից հետո նրա առաջարկների հիմքում: Որքան էլ սրա մեջ կա քաղաքական միտք ու կոնցեպցիա,  այն բացահայտ կոլաբորացիոնիզմ է:  

Տեր-Պետրոսյանի այս քաղաքական հայտի տակ ոչ մի պոպուլիզմ չկա: Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում գրեթե ոչ ոք, իհարկե, բացի Տեր-Պետրոսյանից, չի հավատում, որ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման զիջումները կամ նույնիսկ փոխզիջումները կարող են երաշխավորել երկարաժամկետ խաղաղություն: Դիրքորոշումների նման բևեռացման պայմաններում, այն էլ` ընտրությունների նախօրեին, կրկին 1997թ. «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածի թեզիսների վրա քարոզարշավի կառուցման ռազմավարությունը թվում է քաղաքական ինքնասպանություն: Տպավորություն է ստեղծվում, թե Տեր-Պետրոսյանն աշխատում է իր իսկ կուսակցության դեմ՝ անուղղակի հարվածի տակ դնելով ՀԱԿ-ի ապագան, քանի որ դա, զուտ ընտրազանգվածի ձեռք բերման առումով, ՀԱԿ-ի համար ճանապարհ է դեպի քաղաքական լուսանցք:

Բայց սա տպավորություն է առաջին հայացքից: Սա կարող է ինքնասպանություն ընկալվել միայն այն ուժի պարագայում, որը հենվում է հանրության, ընտրազանգվածի վստահության, զգացումների, նվիրական ձգտումների վրա և հենց դա է դարձնում իր քաղաքական պոտենցիալ կապիտալը:  Բայց իր ամբողջ գաղափարախոսությամբ ու մարտավարությամբ Տեր-Պետրոսյանը ցույց է տալիս, որ ոչ միայն իրենց ռեսուրսը բացարձակապես դա չէ, այլև` որ հանրությունն իրենց համար ընդամենը մանիպուլյացիայի օբյեկտ է, որի որոշակի վախերի, սոցիալական վիճակի վրա կարելի է խաղալ և արտաքին քաղաքական դիվիդենդներ ստանալու պլաններ կազմել:

Թե որքանով է սա բարոյական, թողնենք մի կողմ: Բայց ակնհայտ է, որ սա հուսահատության վերջին մակարդակում գտնվող, սպառված, բայց այդ փաստի հետ որևէ կերպ չհամակերպվող քաղաքական ուժի կամ դրա լիդերի վարքագիծ է: Այն կորցրել է հանրային վստահության վերջին փշրանքները, որևէ պահանջարկ այլևս չունի այլ քաղաքական ուժերի կողմից և բացի, թերևս ստեփանդեմիրճյանական ՀԺԿ-ից, ոչ մեկի այլևս պետք չէ: Պատահական չէ, որ ՀԱԿ-ը դուրս է մնացել ներկայումս քաղաքական դաշտում ընթացող միավորման, մոբիլիզացիոն ակտիվ բոլոր գործընթացներից ու տեսանելի, ուրվագծվող սխեմաներից. բոլորը նրան համարում են մարած խաղաքարտ: Այլևս ակտուալ չի համարվում նաև Գագիկ Ծառուկյանի վերադարձի միջոցով վերակենդանացման հեռանկարը, որովհետև վերադարձած Ծառուկյանին ևս ՀԱԿ-ը պետք չէ: Պատճառը ոչ միայն հանրային վստահության բավարար ռեսուրս չունենալն է, այլև իրողությունը, որ 2015թ. փետրվարին` Ծառուկյանի համար ամենադժվար պահին, հենց Տեր-Պետրոսյանն առաջինը նրան թիկունքից հասցրեց առաջին հարվածը՝  Սերժ Սարգսյանին հանդիպման առաջարկ անելով:  Այնպես որ` պրագմատիկ Տեր-Պետրոսյանի հաշվարկներով բուրժուա-դեմոկրատական հեղափոխության վերածնման հույսը ևս մարած է և մնում է, ահա այսպիսի հայտ ներկայացնելով, գնալ վա բանկ՝ կա'մ, ձեռքը պարզած, Ռուսաստանից մուրալով, ստանալ ԱԺ մտնելու հնարավորություն, որը ՀԱԿ-ի պարագայում ամեն ինչ է, կա'մ չստանալ ոչինչ ու վերջապես գնալ վաստակած քաղաքական թոշակի: Հարցն այն է, սակայն, թե որքա՞ն կգնահատի Մոսկվան նման ինքնաառաջարկումը: Պրակտիկան ցույց է տալիս, որ նման դեպքերում ինքնաառաջարակումը անգամ ձրի պետք չի լինում «սենյորին»: 

Գևորգ Դարբինյան