կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-13 15:40
Մշակույթ

Խելք խելքի տալ ու լուծումներ գտնել. ինչ հարցեր են բարձրացվել նախագահի հետ հանդիպման ընթացքում

Խելք խելքի տալ ու լուծումներ գտնել. ինչ հարցեր են բարձրացվել նախագահի հետ հանդիպման ընթացքում

Արցախ այցելած` ՀՀ մշակույթի գործիչները նախօրերին հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկել ոչ միայն մշակութային, այլ, առհասարակ, իրենց և հասարակությանը հուզող մի շարք խնդիրներ:

Yerkir.am-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը նշեց, որ հանդիպման ժամանակ բարձրաձայնել է բռնության այն գաղափարախոսության մասին, որը տիրում է Հայաստանում` բոլոր մակարդակներում` ընտանեկան, աշխատանքային, ընկերական, պետական, միջկուսակցական: «Ասացի, որ դա հնարավոր չէ վերացնել` ո՛չ ոստիկանության քանակն ավելացնելով, ո՛չ քարոզներով, ո'չ Քրեական օրենսգիրքը խստացնելով, ո'չ էլ դա կարելի է արդարացնել ժողովրդի սոցիալական վիճակով, որովհետև պատերազմական տարիներին ավելի վատ վիճակ էլ է եղել: Դրա դեմ կարելի է պայքարել մշակույթով, քանի որ մշակույթն է տալիս հնարավորություն ավելի խորը թափանցելու մարդկային էության մեջ, չբաժանելու մարդությունը մերոնքականի և ոչ մերոնքականի, առաջին հերթին զբաղվելու սեփական անձի կրթությամբ, այլ ոչ թե մշտապես պահանջներ ներկայացնելու»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց նաև, թե խոսել է այն մասին, որ մեր երկրում իսպառ բացակայում է մշակութային կրթությունը, և պատճառն այն է, որ, ցավոք, այն մարմինները, որոնք պետք է դա ընկալեին որպես կարևորագույն խնդիր, տարբերություն չեն տեսնում մշակութային կրթության և ժամանցի միջև: «Ներկայացում նայելը կամ դասական երաժշտություն լսելը երբեմն փոխարինվում է` կարուսել նստելով կամ խնջույքի մասնակցելով: Մինչև չփոխվի այդ մտածողությունը և չկարևորվի մշակութային կրթությունը, մենք մշտապես կարձանագրենք ավելի մեծ կոշտացումներ, ավելի շատ անհանդուրժողականություն և բռնություն»,- ասաց Բաբայանը:

Ինչ վերաբերում է արձագանքին, ապա նա նշեց, որ րոպեական արձագանքի ակնկալիքներ չունի: Մյուս կողմից, ըստ Բաբայանի, իր բոլոր ելույթներն ավելի շատ ուղղված են լինում հասարակությանը, քան իշխանությանը, քանի որ կարծում է` երբ հասարակությունն ինքը ձևավորում է որոշակի պահանջ, իշխանություն լինի, թե` ընդդիմություն, անպայման կարձագանքի: «Կարևոր է` խելք խելքի տալ ու լուծումներ գտնել` չսահմանափակվելով միայն սեփական խելքով»,- կարծիք հայտնեց նա:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ առաջարկել է Գրականության տարի ունենալ: Ըստ նրա` սա ոչ միայն մշակույթի, այլ նաև կրթության և Սփյուռքի նախարարության խնդիրն է: «Գրականության տարի կոչվածի մեջ պետք է ունենանք նաև գրքի ձևավորման մրցույթ, երաժշտության, ներկայացումների մրցույթ` գրողների ստեղծագործության հիման վրա ստեղծված: Գրականությունը բոլոր արվեստների մեջ ներկայություն է ապահովում, և կարծում եմ, որ եթե ոչ հաջորդ տարի, ապա 2018-ը պետք է Գրականության տարի հռչակենք»,- ասաց Միլիտոնյանը:

ՀԳՄ նախագահը բարձրաձայնել է նաև հեռուսասերիալների մասին` ասելով, որ լավ կլիներ` դրանք փոխարինվեին մեր հեղինակների ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերով, օրինակ, ըստ նրա, շատ լավ ֆիլմաշար կարելի է նկարահանել Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ» հուշագրության հիման վրա: «Վերջին 15 տարվա ընթացքում մանկապատանեկան որևէ ֆիլմ չունենք, բայց ամեն տարի Ռոլան Բիկովի անվան փառատոն են անցկացնում Հայաստանում: Բացի այդ` խոսել եմ նաև գրահրատարակչական խնդիրների, մշակույթ-ԶԼՄ փոխհարաբերության մասին, նաև այն մասին, թե Սփյուռք-Հայաստան-Արցախ եռամիասնությունն ինչո՞վ պետք է սոսնձվի»,- ասաց Միլիտոնյանը:

«Ռոբերտ Սահակյանց» փրոդաքշընի տնօրեն, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը ԼՂ նախագահ Բակո Սահակյանին և ԼՂ ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին «Ռոբերտ Սահակյանց»-ի հետ համագործակցության տեսլականն է ներկայացրել: Արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2017-ի գարնանից համատեղ նախագծով հանդես գալ: «Կոնկրետ պայմանավորվեցինք, որ կփորձենք ամեն ինչ անել` գարնանից թեկուզ առաջին փուլի համար փոքր նախագիծ կյանքի կոչել, բայց սկսենք իրականացնել տեղի նկարիչների, երիտասարդների հետ: Պետք է ԼՂՀ-ում անիմացիայի սկիզբը դնել»,- ասաց Սահակյանցը:

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նախ կարծում է, որ նման հանդիպումները շատ անհրաժեշտ են, քանի որ ուղիղ շփում ես ունենում երկրի առաջին դեմքի հետ, ում կարելի է հստակ հարցեր տալ: Բացի այդ` նախագահի հետ ցանկացած հանդիպում, ըստ նրա, բավական մեծ արձագանք է ստանում և, բնականաբար, երբ բարձրացվում են հստակ հարցեր, նախագահն էլ աշխատում է հստակ պատասխաններ և լուծումներ առաջարկել:

«Բնականաբար, իմ մտահոգությունը Համազգային թատրոնի շենքի խնդիրն է: Բարձրացրի հարցը` թատրոնի շենքի խնդիրը լուծել այլընտրանքային ճանապարհով, քանի որ մի քիչ իրատեսական չէ մեր օրերում զրոյից շենքի շինարարություն սկսել` ֆինանսական մեծ խնդիրների պատճառով: Առաջարկեցի`  տվյալ տարածքը, որտեղ գործում ենք /թատրոնի և կիոնյի ինստիտուտ/, գումարած շենքի ներքնահարկը, որը տարիներ շարունակ անգործության է մատնված, տրամադրել թատրոնին: Նախագահն ասաց, որ ինքը տեղյակ է խնդրին և դրական վերաբերմունք ցույց տվեց: Կարծում եմ` խնդիրը կլուծվի, քանի որ սրանով մենք Սոս Սարգսյանի երազանքն էլ ի կատար ածած կլինենք: Թատրոնը վերջապես կունենա իր տանիքը, քանի որ, իր համեստ հնարավորություններով, թատրոնը վերջին շրջանում ամենաշատ ՕԳԳ-ն ունեցող թատրոնն էր»,- ասաց Մկրտչյանը` հավելելով, որ, այդպիսով, թատրոնը կդառնա նաև թատերական ինստիտուտի ուսանողների հովանավորը: «Առաջարկեցի ինստիտուտի համար կառուցել լրացուցիչ դահլիճ. բակում տարածք կա` բավական լավ հնարավորություններով, բայց մինչ դրա կառուցումը Համազգային թատրոնը պարտավորվում է հովանավորել ուսումնական բոլոր ներկայացումները: Այսպիսով` կլուծվի թատրոնը շենքով ապահովելու և, միևնույն ժամանակ, ուսանողներին օգտակար լինելու հարցը»,- նշեց նա:

Մկրտչյանը հայտնեց նաև, որ ձեռք է բերվել պայմանավորվածություն` ներկայացումներով Արցախի զորամասեր այցելելու: «Դրա կարիքը կա»,- ասաց նա:

Հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էլ նշեց, որ բարձրաձայնել է մեկ խնդիր` սերիալների սցենարների հարցը, որոնցում միայն դավեր են` հայը հային ինչպես է խաբում, սպանում: «Մի՞թե դա է մեզ պակասում: 25 տարվա պետականություն ունենք և հայրենաշինության ոլորտում ծով ասելիք կա, որոնք սցենարների կարելի է վերածել, բայց մեր սերիալներից միայն չարություն է ծորում: Մի՞թե հնարավոր չէ հուշել, խնդրել, պարտադրել, որ բարու սերմեր ցանեն սերիալները, ոչ թե` չարի: Նախագահը պատասխանն այն է, որ պահանջարկն այդպիսին է, ինչն ինձ այնքան էլ չի համոզում, չեմ կարծում, որ մեր ժողովրդի պահանջարկը դեպի չարությունն է»,- ասաց Կարապետյանը:

Նա նշեց նաև, որ կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը նույնպես մտահոգ էր վերոհիշյալ հարցով, և նա էլ է խոսել այդ մասին, սակայն Սերժ Սարգսյանը պատասխանել է, թե տարիներ առաջ «Հայկինո»-ի շենքի առջև միայն հնամաշ «Ժիգուլի»-ներ էին կանգնած, իսկ հիմա եթե անցնեք, կտեսնեք` ինչ մեքենաներ են կանգնած, այսինքն` սերիալներում ներգրավվածները կարողացել են բարեկեցիկ կյանքի հասնել, մի՞թե սա վատ է: «Չգիտեմ, բայց հարց է ծագում` եթե բարու մասին ֆիլմ նկարեն, ի՞նչ է` եկամուտ չեն ունենալու»,- հարցրեց Կարապետյանը: 

 

Կ. Հ.