Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 6-ին լույս տեսած համարում Assciated Press լրատվական գործակալության հոդվածագիր Բրեդլի Քլեփրը անդրադարձել է նախորդ շաբաթ օրը հրապարակված լուրին, թե ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող Ողջակիզման թանգարան-հուշակոթողում կազմակերպված հավաքույթի ժամանակ ցեղասպանագետ և ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանթա Փաուերը խոսել է Հայոց ցեղասպանության ժխտման մասին:
Ըստ Asbarez-ի՝ Նոբելյան մրցանակակիր և Հրեական ողջակիզումը վերապրած Էլի Վիզելի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, խոսելով Վիզելի ժամանակներում տեղի ունեցած անարդարությունների մասին, Փաուերն ասել է. «Նա ականատես է եղել Հայոց ցեղասպանության ուրացմանը»: Այս նախադասության մասին ակնարկելով՝ Քլեփրը հարց է ուղղել` «արդյո՞ք Բարաք Օբամայի վարչակազմն անաղմուկ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»:
Հոդվածագիրը նշել է, որ 1915-ի սպանդը ցեղասպանություն կոչելը երկար ժամանակ եղել է ամերիկացի պաշտոնյաների, այդ թվում՝ Օբամայի համար «տաբու», ապա հավելել, որ նման քայլով ՄԱԿ-ում Օբամայի դեսպանն առաջ է անցել իր ղեկավարից:
Քլեփրը նշել է նաև, որ Փաուերն իր խոսքերը չի մանրամասնել, սակայն, հավանաբար, դրանք կզայրացնեն Թուրքիային, ով կատաղի կերպով հակադրվում է Ցեղասպանության մասին որևէ հիշատակման:
«Թուրքիայի ռազմավարական դերը` իբրև Միացյալ նահանգների գործընկեր և ՆԱՏՕ-ի դաշնակից, պարտադրել է ամերիկացի պաշտոնյաներին՝ չափազանց զգույշ լինել այդ դեպքերի մասին խոսելիս: Նշյալ խոսքերը զարմանալի են հատկապես, երբ նկատի են առնվում, որ Փաուերը երկրի երկրորդ բարձրաստիճան դիվանագետն է համարվում, նաև այն բանի համար, որ նրա խոսքերը կարող են Օբամայի հասցեին քննադատություն առաջացնել»,- հավելել է նա:
Հոդվածագիրը հիշեցրել է նաև, որ Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն չի հարգել իր խոստումը: