կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-25 13:22
Աշխարհ

The Associated Press-ի անդրադարձը` Ցեղասպանության վերաբերյալ Քլունիի ազդեցիկ ելույթին

The Associated Press-ի անդրադարձը` Ցեղասպանության վերաբերյալ Քլունիի ազդեցիկ ելույթին

Հեղինակավոր The Associated Press թերթն անդրադարձել է Երևանում տեղի ունեցած «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ հոլիվուրդյան դերասան Ջորջ Քլունիի` Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ ելույթին:

Տեղեկացնելով, որ «Ավրորա» մրցանակի դափնեկիր է ճանաչվել Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր մարդկանց, այդ թվում` 30 հազար երեխայի կյանք փրկած Մարգարիտ Բարանկիցեն, թերթն անդրադառնում է Հայոց ցեղասպանության փաստին:

«1915-ի ապրիլի 24-ին ավելի քան 200 հայ մտավորականների սպանությամբ սկսված կոտորածը հայտնի է որպես 20-րդ տարի առաջին ցեղասպանությունը, որի ընթացքում սպանվել է 1.5 միլիոն հայ: Թուրքիան` Օսմանյան կայսրության ժառանգորդը, կտրականապես դիմադրում է այդ սպանությունները որպես ցեղասպանություն որակելուն` ասելով, որ այդ զոհերն ու անկարգությունները գրանցվել են քաղաքացիական պատերազմի հետևանքով»,- գրում է թերթը:

«Հիտլերն ասել էր` ո՞վ է այժմ հիշում հայերին: Պատասխանը` ամբողջ աշխարհը»,- ընդգծելով Քլունիի երևանյան ելույթի այս հատվածը` թերթը հավելում է. «Քլունին եղել է ազդեցիկ ձայն հօգուտ այն երկրների, որոնք այդ սպանությունները ճանաչում են որպես ցեղասպանություն, ինչը, սակայն, ԱՄՆ-ը չի արել»:

Թերթը նաև անդրադառնում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Ցեղասպանության վերաբերյալ ավանդական ուղերձին և նշում, որ նա հերթական անգամ դրժել է «ցեղասպանություն» բառն արտասանելու մասին` նախագահական քարոզարշավի շրջանակներում տված իր խոստումը: «Օբաման այդ սպանությունները որակել է որպես 20-րդ դարի զանգվածային առաջին վայրագություններ և նշել, որ այդ ողբերգությունը չպետք է կրկնվի»,- թերթը հիշեցնում է Օբամայի զեկույցը:

The Associated Press-ը փոքրիկ անդրադարձ է կատարում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեղծավոր ուղերձին, որում նա ցավակցություն էր հայտնում «Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով կյանքից հեռացած օսմանյան հայերի հարազատներին»:

Ի դեպ, անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթին, որում նա խոսում է նաև Արցախում մարտական գործողությունների սրման մասին, թերթը հայկական Արցախը ներկայացրել է որպես «պաշտոնապես Ադրբեջանի մաս, որը 1994-ի անջատողական պատերազմից հետո անցել է տեղական հայկական ուժերի վերահսկողության տակ»:

«Նախագահը նշել է, որ Ադրբեջանի ծրագիրն է եղել` քշել բոլոր հայերին այդ տարածքից: Նա խոստացել է պաշտպանել այնտեղ բնակվող հայերի կյանքը»,-գրում է թերթը` հավելելով, որ այս ամսվա սկզբին գրանցվել է 1994-ից ի վեր ամենածանր բռնությունը:

The Associated Press-ի հոդվածը վերահրատարակել են նաև մի շարք այլ հեղինակավոր թերթեր: