կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-11 12:04
Հասարակություն

Արցախն անկախ պետություն է. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառույցն արձագանքել է Associated Press-ի և Daily Star-ի անթույլատրելի մեջբերմանը

Արցախն անկախ պետություն է. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառույցն արձագանքել է Associated Press-ի և Daily Star-ի անթույլատրելի մեջբերմանը

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառույցը երեկ երկու տարբեր նամակներով հակադարձել է Associated Press-ին և լիբանանյան Daily Star օրաթերթին, որոնց հրապարակումներում Արցախի Հանրապետությունը ներկայացվել է որպես «Ադրբեջանի մի մաս, որը 1994-ին վեցամսյա անջատողական պատերազմի ավարտից ի վեր գտնվում է Հայաստանի աջակցությունը վայելող հայկական ազգային ուժերի վերահսկողության տակ»:

Ըստ Aztagdaily-ի` Հայ Դատի կառույցն իր նամակներում ընդգծել է, որ նշյալ հայտարարությունը ոչ միայն սխալ ու կողմնակալ պնդում է, այլև ադրբեջանական պաշտոնական անհիմն պնդման մեջբերում:

Կառույցը ուշադրություն է հրավիրել նաև այն փաստին, որ Արցախն անկախ պետություն է, որն իր անկախությունը հռչակել է` հիմնվելով Խորհրդային միության ներքին օրենքներին և միջազգային օրենքների վրա, և հավելել, որ Արցախի ժողովուրդն անկախ և Բաքվի ու Սումգայիթի ջարդերից, ինչպես նաև 2016 թվականի Քառօրյա պատերազմի դեպքերից ի վեր զգալիորեն նկատվող ցեղասպանության վտանգից ազատ ապրելու իր կամքը հստակ արտահայտել է 1991-ին տեղի ունեցած հանրաքվեի ճանապարհով և այդ կամքը վերահաստատել է 2006-ին` որդեգրելով երկրի Սահմանադրությունը:

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի կառույցը նաև նշել է, որ հայկական պատմական եկեղեցիներով ու խաչքարերով հարուստ Արցախը Ստալինի կամայական որոշմամբ կցվել է Ադրբեջանին, մի երկրի, որ գոյություն չի ունեցել մինչև 1918-ը:

Կառույցը կոչ է ուղղել վերոնշյալ ԶԼՄ-ներին` Արցախի մասին որևէ լուր հրապարակելիս նկատի ունենալ այս անհերքելի ճշմարտությունը: