| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօրվա արդիականացված պաշտպանական համակարգը երաշխավորում է, որպեսզի մեր բոլոր սահմանամերձ բնակավայրերի և, հատկապես, Թալիշ համայնքի անվտանգությունը լիովին ապահովված լինի:
Ինչպես տեղեկացնում է, Artsakhpress-ը, այս մասին Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով այս օրերին անձամբ է հետևում Թալիշի վերականգնման ու վերակառուցման աշխատանքներին:
Խոսելով Թալիշում արդեն ստեղծվող անվտանգության պայմանների մասին՝ Արցախի հերոսը ասել է, որ թե´ ռազմական և թե´ քաղաքական իշխանությունները ապրիլյան ագրեսիայի օրերից անհրաժեշտ հետևություններ են արել, և կատարվում են համապատասխան ադեկվատ քայլեր՝ բնակչության անվտանգությունը բարձր մակարդակով ապահովելու համար:
«Ես կոչ կանեի մեր ժողովրդին, որպեսզի Թալիշի անվտանգության հարցում մտահոգություններ չունենան»,- ասել է Բալասանյանը և հավելել, որ, գյուղի վերականգնմանը զուգահեռ, որպես սահմանամերձ բնակավայր, բնակիչներին տրվելու են արտոնյալ պայմաններ: «Վերանայելու ենք գյուղի կարգավիճակը: Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հարկերի և էլեկտրաէներգիայի մասով սահմանվելու են մեծ արտոնություններ»,- ասել է ԼՂՀ անվտանգության խորհրդի քարտուղարը: Բալասանյանը ավելացրել է նաև, որ ամիսներ հետո բոլորը ականատես կլինեն ոչ միայն ամբողջովին վերականգնված Թալիշին, այլև այն կվերածվի մի հրաշք տարածքի՝ իր բոլոր ենթակառուցվածքներով:
Ի դեպ, Թալիշի վերականգնման համար ԼՂՀ իշխանությունները արդեն հրավիրել են Հայաստանի և Սփյուռքի մի շարք ճանաչված հայ ճարտարապետների, ովքեր տեղում մասնակցում են գյուղի վերականգնմանն ուղղված նախագծային աշխատանքներին: