Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ երեք կուսակցություններ` «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագիր», ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություններ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց համախմբումը գաղափարի շուրջ է: «Առանց գաղափարների համախմբումները դատապարտված են նախկինում եղած դաշինքների ճակատագրին, և մենք որդեգրել ենք այն մոտեցումները, որ նախկինների փորձը չկրկնենք: Երեք ուժերի մոտ կա համաձայնություն` գոնե 5 տարվա կտրվածքով: Գաղափարական առումով` 3 կուսակցությունները գրեթե չեն տարբերվում, բայց քանի որ առանձին քաղաքական կուսակցություններ են, առանձին թիմեր են, այդ թիմերի համատեղ աշխատանքի անհրաժեշտություն պիտի լինի: Եթե այդ աշխատանքը բոլորիս կտա ներքին բավարարվածություն, բնականաբար, կլինի նաև այն, ինչ արդեն ասվել է ՔՊ-ի մամլո հաղորդագրությունում»,- ասաց նա:
Yerkir.am-ի դիտարկմանը` ստացվում է`խորհրդարանական 5 տարվա համար է այս համաձայնագիրը, Պապիկյանն արձագանքեց. «Պարզապես ես իմ կարծիքը հայտնեցի: Մենք այսօր ֆիքսված ոչինչ չունենք: Բոլոր հարցերի պատասխանները կլինեն ամսի 12-ին, երբ երեք կուսակցությունները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»:
Yerkir.am-ի հարցին` ՔՊ-ն միշտ նշել է, որ իրենք են միակ ընդդիմությունը, հետևաբար, ինչպե՞ս ստացվեց այս համաձայնությունը, Պապիկյանը տվեց խուսափողական պատասխան. «ՔՊ-ն երբեք չի ասել, որ մենք ենք միակ ընդդիմությունը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ասել է, որ հայաստանյան քաղաքական կյանքին անհրաժեշտ է գործող իշխանությանը, Հանրապետական կուսակցությանը այլընտրանք, իսկ այդ այլընտրանքը պետք է լինի մեկ ընդդիմություն, և մենք հայտ ենք ներկայացնում լինել այդ մեկ ընդդիմությունը»:
Նա հավելեց, որ, ռազմավարական առումով, իրենք չեն փոխում իրենց մոտեցումը, բայց մարտավարական առումով` կանեն որոշակի փոփոխություններ. մեկ ընդդիմությունը կկայանա, բայց ոչ թե մեկի շուրջ, այլ` երեք ուժերի, կամ եթե կլինեն ավելի շատ:
Էդմոն Մարուքյանի հետ ունեցած տարաձայնությունների վերաբերյալ դիտարկմանն անդրադառնալով էլ` Պապիկյանը վստահեցրեց, որ ՔՊ և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև արտառոց ոչինչ չի եղել: «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին խոսք չի եղել Նիկոլ Փաշինյանի կողմից: Փաշինյանի խոսքը վերաբերել է Էդմոն Մարուքյանին: Էդմոն Մարուքյանի մասով էլ ոչ թե ասվել է, որ ծառայում է իշխանությանը, այլ ասվել է` չկա վստահություն: Իսկ այդ վստահությունը կարող է նաև առաջանալ քաղաքական պայքարում, քաղաքական համաձայնության շնորհիվ»,- բացատրեց նա: