Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը աշխատանքային այցով երեկ մեկնել էր Գեղարքունիքի մարզ, այցելել Ծովագյուղ և Լճաշեն համայնքներ: Ծովագյուղում Լոքյանը ծանոթացել է հնդկաձավարի արտադրության պայմաններին:
Yerkri.am-ի հետ զրույցում Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանը նշեց, որ հնդկաձավարի գործարանը կառուցվել է «ENPARD» ծրագրի շրջանակներում: Ըստ նրա` գործարանի շենք-շինությունը համայնքն է կառուցել, իսկ ահա գործիքները «ENPARD»/ «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման»/ ծրագիրն է տրամադրել: «Հիմա մեր կառավարությանը հետաքրքրում է, թե ինչպես անենք, որ այդ գործարանը աշխատի հետագա տարիներին էլ: Նախարարը հետաքրքրված էր, թե հիմա ինչ խնդիրներ կան, ինչ պետք է լուծել, որ այդ գործարանի աշխատանքը շարունակական լինի»,- ասաց համայնքապետը:
Գևորգյանը նշեց, որ իրենք նախարարին ներկայացրել են, թե գործարանի առավել արդյունավետ աշխատելու համար իրենց ինչ է անհրաժեշտ: «Ասել ենք, թե մեզ ինչ գյուղտեխնիկա է պետք հնդկաձավարի համար: Մի տեսակի պարարտանյութ կա, որ մեր հանրապետություն չի ներմուծվում, խնդրել ենք, որ այդ պարարտանյութը ներմուծեն և սուբսիդիա կիրառեն, ոնց որ մնացած պարարտանյութերի դեպքում է: Սերմնացուի խնդիր կոնկրետ մեր համայնքը չունի, բայց կողքի մարզերն ու համայնքներն ունեն, քանի որ մարզեր կան, որտեղ ցանք չի եղել, ասել ենք, որ մնացած սերմնացուները, ոնց որ գարին ու ցորենը, տրամադրում են գյուղացիներին, այդ նույն ձևով հնդկաձավարի սերմնացուն տրամադրեն կողքի մարզերին»,- ասաց համայնքապետը` հավելելով` իրենց բոլոր առաջարկներին նախարարը հավանություն է տվել և խոստացել, որ կիրականացվեն:
Մեր հարցին, թե որքա՞ն է իրատեսական, որ առաջ եկած խնդիրները կլուծվեն, համայնքի ղեկավարը պատասխանեց. «Եթե իրենց հիմնական գործը թողել և եկել են Ծովագյուղ համայնք ու հետաքրքրված են, թե ինչով օգնեն, ո՞նց իրատեսական չեն: Եթե մինչև հիմա պարարտանյութով, դիզվառելիքով, մնացած հարցերով օգնել են, ինչի՞ պետք է չհավատանք: Հավատում ենք, վստահ ենք, որ կօգնեն: Մեր պետության համար այս հնդկաձավարը շատ կարևոր է, շատ է օգտագործվում: Այսօր բոլորը գիտեն, որ ինչով կարողանում, օգնում են, օրինակ` ինձ համայնքւ համար վերջին մի քանի տարվա ընթացքում 120-130 մլն-ի տեխնիկա է տրվել, ինչի՞ համար չպիտի հավատամ»:
Գևորգյանը նշեց, որ նախարարի ու մարզպետի քննարկումների արդյունքում որոշվել է արտադրություններ ու աշխատատեղեր բացելու համար 5 տոկոսով ցածր վարկեր տրամադրել: «Մեր համայնքում նախատեսել ենք հնդկաձավարի համար վարկավորման ձևով ինչ-որ մի քայլ առաջ տանել: Նախարարի շնորհիվ ամեն ինչով էլ օգնում են, արդեն մնացածը մեր աշխատելու ցանկությունից է կախված: Պետք է ոչ թե սպասենք` ինչ-որ մեկը մեզ պատրաստի ինչ-որ բաներ տա, այլ նաև մենք էլ պետք է աշխատենք»,- ընդգծեց նա: