Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց Լոռու և Տավուշի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը:
«Տավուշի մարզին հատկացվելու է 31,2 միլիոն դրամ, որը պայմանավորված է Ջուջևան համայնքում ջրագծի շինարարությունն ավարտելով, համայնքը ջուր չուներ, և այս ֆինանսական միջոցով այս հարցը լուծվում է: Սահմանամերձ Ոսկեվան համայնքում ճանապարհի վերակառուցման խնդիրն է, որին հատկացվում է 20 միլիոն դրամ, և կարևոր խնդիր, այն է՝ Զորական համայնքում դպրոցի վթարային շենքի վերակառուցում, որ համայնքն ունենա դպրոցի նոր շենք»,- ասել է Լոքյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Ջուջևանի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը նշեց, որ մայիսի 4-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու նախարար Դավիթ Լոքյանն այցելել էին Լոռու և Տավուշի մարզեր, եղել նաև իրենց գյուղում` տեղում համայնքի խնդիրներին ծանոթանալու: Գյուղապետը հանդիպման ժամանակ ներկայացրել է մշտական խմելու ջուր ունենալու հարցը: «Հարցն այդ օրը բարձրացրի, հետո պարոն Լոքյանն օգնեց, որ հարցը միասին ներկայացնենք նաև վարչապետին: Տեսեք` մինչ այս ԵՄ ծրագրով մեր գյուղի ներքևում ջուր կա, հոսանքով պտտեցնում ենք, որ ջրաչափերով բաշխենք: Հոսանքը, որ անջատվում էր, կամ` շարժիչը վառվում, ջուր չէինք ունենում: Իսկ հիմա բարձունքի վրա աղբյուրներ ունենք` դիտահորի տեսքով, և պետք է ջուրը բերենք ու հավասար բաշխենք: 0-ից սկսվող գործ է: Ոչ թե գոհ եմ, այլ շատ գոհ եմ, քանի որ դրանով բավական մեծ խնդիր է լուծվում»,- ասաց Չիլինգարյանը:
Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանն էլ նշեց, որ գյուղ այցի ժամանակ ինքը ներկայացրել էր գյուղի խնդիրներից ամենահիմնականը` դեպի ամբուլատորիա տանող ճանապարհի ասֆալտապատումը: «Գյուղում բուժամբուլատորիա է կառուցվել, որը սպասարկում է սահմանամերձ Բաղանիս, Ոսկեպար և Ոսկեվան գյուղերին: Գյուղով միջհամայնքային ասֆալտապատ ճանապարհ է անցնում, իսկ գյուղից բուժամբուլատորիա տանող ճանապարհի 600 մետր հատվածը խճապատ է, դժվարանցանելի: Որպեսզի ճիշտ սպասարկվի, մեքենաները չուշանան, ինչպես նաև հիվանդների անվտանգ տեղափոխման համար շատ կարևոր էր ճանապարհի բարեկարգումը»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց նաև, որ խնդրի` նման արագ լուծման համար շատ գոհ է: «Բացի այդ` պետք է ասեմ, որ մեզ մոտ ահագին սոցիալական ծրագրեր են իրականացվել և մի շարք խնդիրներ լուծվել»,- շեշտեց նա:
Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ երբ վարչապետն ու Լոքյանն այցելել են գյուղ, ներկայացրել են, որ գյուղի միակ խնդիրը դպրոցի վերանորոգումն է: Ըստ գյուղապետի` 1988-ից դպրոցը չի հիմնանորոգվել:
«Թուրքի կառուցած դպրոց է, գյուղի միակ դպրոցը: Տարիների ընթացքում մաս-մաս վերանորոգել ենք, 2-3 տարի առաջ տանիքը նորոգեցինք, բայց հիմնովին երբեք չի վերանորոգվել: Դպրոցը 150 աշակերտ ունի, և հիմա ներքին հարդարման խնդիր կա, ինչպես նաև պատերի ամրակայման, քանի որ վթարային է շենքը` փլված պատեր կան: Ջեռուցման խնդիր չկա` դպրոցը գազիֆիկացված է: Հուսանք` առաջիկայում մեր աշակերտներն ապահով ու բարեկարգ դպրոցում կսովորեն»,- ասաց Մարտիրոսյանը:
Կառավարության այսօրվա որոշմամբ` 23.5 միլիոն դրամ է տրամադրվելու նաև Լոռու մարզին, որ Թումանյան բնակավայրի մանկապարտեզի այրված շենքը վերանորոգվի: Թումանյանի համայնքապետ Լևոն Զավարյանը նշեց, որ մանկապարտեզի շենքի մի հատվածը հունվարի 14-ին այրվել էր, պատճառը էլեկտրալարերն են եղել: Մանկապարտեզը համայնքի միակ մանկապարտեզն է, ուր հաճախում 31 երեխա, սակայն վերանորոգելուց հետո երեխաների թիվը կավելանա, կբացվի նաև երկրորդ խումբը:
«Երբ այցելել էին մեր համայնք, Հովիկ Աբրահամյանն ու Դավիթ Լոքյանը մտան մանկապարտեզ, տեսան վիճակը: Հարցը, փաստորեն, շատ արագ լուծում ստացավ: Շատ գոհ եմ: Եթե վարչապետի ու նախարարի ամեն գալուց հետո մի խնդիր լուծվի, համայնքն էլ խնդիրներ չի ունենա»,- ասաց Զավարյանը: