Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունին։ Պատվիրակության կազմում էին նաև ԱՀՀ ԱՄՆ Կոնգրեսի հետ հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ԱՀՀ պատվիրակությունների ավանդական դարձած այցելություններն Արցախ, որոնք հնարավորություն են ընձեռնում ամբողջական պատկերացում կազմել հանրապետությունում իրողությունների և արձանագրված ձեռքբերումների մասին։ Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՀՀ-ի հետ համագործակցությունը և ընդգծել կազմակերպության գործունեության կարևորությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը և ԱՄՆ-ում համահայկական շահերի հետևողական առաջմղմանը, այդ թվում՝ Միացյալ նահանգների կառավարության կողմից Արցախին ֆինանսական օգնության տրամադրման հարցում ակտիվ աջակցությանը։
Հյուրերի խնդրանքով արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, անդրադարձ կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են Արցախի իշխանությունների և Ամերիկայի հայկական համագումարի միջև համագործակցության ամրապնդմանը և հետագա զարգացմանը ։
Մասիս Մայիլյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին՝ կապված Արցախում պետականաշինության գործընթացի, վերջերս կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ինչպես նաև երկրում սպասվելիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետ։