կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-23 20:20
Առանց Կատեգորիա

Եթե Հայաստանը «ճանաչի» Իրաքյան Քուրդիստանը...

Եթե Հայաստանը «ճանաչի» Իրաքյան Քուրդիստանը...

Իրաքի Քուրդիստանի մշակութային մայրաքաղաք Սուլայմանիում նոյեմբերի 20-23-ը տեղի է ունեցել հայ-քրդական մշակութային փառատոն, որին մասնակցել է նաև ոչ պաշտոնական պատվիրակություն Հայաստանից՝ փաստացի կազմված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, փորձագետներից և մշակույթի գործիչներից: Հայաստանյան պատվիրակության անդամ Աստղիկ Ավետիսյանի խոսքով` փառատոնի շրջանակում կազմակերպված  քննարկումների շրջանակներում շոշափվել են ինչպես Հայաստանի և Քուրդիստանի միջև մշակութային ու տնտեսական կապերին, այնպես էլ Հայոց ցեղասպանությունը Քուրդիստանի կողմից ճանաչելուն վերաբերող հարցեր:

Այս փառատոնը, որը պարբերական բնույթ ունի, սիմվոլիկ կերպով արտահայտում է հայ-քրդական հարաբերությունների ողջ համատեքստը: Մի կողմից` այն արտահայտում է հարաբերությունները խորացնելու երկկողմ ցանկությունը, դրա քաղաքական անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ առայժմ միայն մշակութային ոլորտով բավարարվելու և հարաբերությունները խորացնելու հարցում Երևանի կողմից անհրաժեշտ համարձակություն չդրսևորելու հանգամանքը: Եվ դա՝ չնայած այն իրողությանը, որ Հայաստանի գրեթե անմիջական հարևանությամբ գտնվող մերձավորարևելյան տարածաշրջանում քրդական գործոնն աստիճանաբար դառնում է ավելի ու ավելի նշանակալի, իսկ Իրաքյան Քուրդիստանի փաստացի անկախ, ինքնուրույն կարգավիճակն արդեն ճանաչվում է աշխարհի բազմաթիվ երկրների կողմից. Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքում՝ Էրբիլում, 26 երկիր դիվանագիտական ներկայացուցչություններ ունի: Թեև Քուրդիստանում հայկական համայնք կա, և վերջին շրջանում այնտեղ են հաստատվել շարունակվող արյունալի պատերազմի պատճառով Սիրիայից տեղափոխված շատ հայեր, Հայաստանը չի շտապում պաշտոնականացնել իր հարաբերություններ Իրաքյան Քուրդիստանի հետ:

Հետաքրքրականն այն է, որ 2012թ. այդ ուղղությամբ Երևանի կողմից շատ կոնկրետ քայլեր ձեռնարկվեցին: Նախ՝ Էրբիլ մեկնեց և Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հանդիպեց այն ժամանակ Հայաստանի փոխվարչապետ, տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանը: Այն ժամանակ Բարզանին հայտարարել էր, որ իրենք շահագրգռված են Հայաստանի հետ բազմավեկտոր հարաբերությունների հաստատմամբ: 2013թ. ևս մեկ պատվիրակություն՝ տնտեսական զարգացման փոխնախագահի մակարդակով մեկնեց Քուրդիստանի մայրաքաղաք՝ կրկին արժանանալով ամենաբարձր մակարդակի ընդունելության: 2014թ. արդեն Հայաստան ժամանեց Իրաքյան Քուրդիստանի պլանավորման նախարար Ալի Սինդիին, որին ընդունել և նրա հետ երկկողմ տնտեսական համագործակցության հնարավորություններն էր քննարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Դրանից հետո Երևանն արդեն լրջորեն նախապատրաստվում էր Էրբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելուն: 2015թ., երբ Մյունխենում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Բարզանիի հետ, վերջինս գոհունակություն էր հայտնել հյուպատոսություն բացելու` Երևանի որոշման կապակցությամբ: Սա նշանակում է, որ առկա է եղել այդ մասով քաղաքական որոշում, և հարցը օրակարգում է եղել մինչև 2015թ. կեսերը: Դրանից հետո, սակայն, Երևանը այդ ուղղությամբ որևէ գործնական քայլ չարեց, և հարցն առ այսօր առկախված է: Հարց է առաջանում՝ ո՞րն է պատճառը:

Չի բացառվում, որ ՀՀ ԱԳՆ-ն ժամանակավոր կասեցրել է այդ պրոցեսը զուտ պետական բյուջեի վրա հյուպատոսական ծառայության ստեղծման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորման նոր բեռ չավելացնելու նկատառումով: Նույնքան հավանական է, որ Երևանը պարզապես չի ցանկացել խնդիրներ ունենալ պաշտոնական Բաղդադի հետ, թեև վերջինս վաղուց համակերպվել է Քուրդիստանի դե ֆակտո անկախացման իրողությանը:

Հավանական է նաև, որ հապաղելու հարցում դեր են կատարել իրաքյան և սիրիական քրդերի միջև առկա լուրջ հակասությունները կամ փաստացի թշնամանքը: Ինչպես հայտնի է՝ Էրբիլը չի ճանաչում Սիրիայում և Թուրքիայում գործող քրդական ռազմականացված քաղաքական ուժերին և գրեթե բացահայտ աջակցում է այդ ուժերի դեմ Թուրքիայի սանձազերծած ոչնչացման քաղաքականությանը: Այս հանգամանքը Իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի մերձեցման պատճառ է դարձել՝ ընդհուպ այն աստիճանի, որ այս տարվա օգոստոսի 23-ին թուրքական բանակի՝ Սիրիա ներխուժելու նախորդ օրը, Բարզանին այցելեց Անկարա և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպումներից հետո լիակատար աջակցություն հայտնեց թե' գյուլենականների դեմ թուրքական իշխանությունների ծավալած հալածանքներին և թե' իսլամիստական ահաբեկչական խմբավորումների դեմ ակտիվ գործողություններին: Այն իրողությունը, որ Անկարան սիրիական ներխուժումը և ՔԲԿ-ի մարտիկների ոչնչացման, թուրք-սիրիական սահմաններից հեռացնելու օպերացիան սկսեց Բարզանիի՝ Անկարայում գտնվելու պահին, դիտարկվեց որպես սիրիական քրդերի դեմ թուրքական բանակի գործողությունները Բարզանիի կողմից արդարացնելու դրսևորում: Բարզանին առանձնապես մտահոգություն չի հայտնում նաև Իրաքում թուրքական բանակի ստորաբաժանումների անօրինական, փաստացի էքսպանսիոն ներկայության կապակցությամբ՝ չնայած դրանք հանելու Բաղդադի` շատ հստակ և ուլտիմատումային պահանջին:

Պետք է ենթադրել, որ Երևանում համարում են, թե այս պայմաններում Էրբիլի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը էապես կխոչընդոտի թուրքական և սիրիական քրդերի հետ երխոսության հնարավորություններին` նկատի առնելով հայկական պահանջատիրության և Արևմտյան Հայաստանի հետ կապված հարցերում վաղ, թե ուշ քրդական գործոնի հետ հաշվի նստելու հեռանկարը:  

Մյուս կողմից, սակայն, Իրաքյան Քուրդիստանի և Թուրքիայի ներկայիս մերձեցումը, նրանց նկատմամբ  բոլոր ուժային կենտրոնների ընդգծված դրական տրամադրվածությունը բարենպաստ պայմաններ է ստեղծում հայ-իրաքաքրդական հարաբերությունների զարգացման համար, քանի որ այն առիթ չի տա Անկարային Հայաստանին մեղադրել քրդական անջատողականությանն աջակցելու, Թուրքիայի անվտանգության համար  սպառնալիք ստեղծելու մեջ: Եվ  այդ «միջանցքից» ներկա պահին չօգտվելով՝ Երևանը կարող է կորցնել միջազգայնորեն ճանաչվող քրդական միակ պետական կազմավորման հետ քաղաքական հարաբերություններ սկսելու, կնճռոտ հարցերը քննարկելու, քաղաքական-տնտեսական հարաբերություններ հաստատելու ամենահարմար, ամենանպաստավոր պահը:

Գևորգ Դարբինյան