կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-15 22:42
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Քուրդիստանը մեր երկիրն է, Դիարբեքիրը` նրա մայրաքաղաքը

ԱԶԳ. Քուրդիստանը մեր երկիրն է, Դիարբեքիրը` նրա մայրաքաղաքը

Մեջլիսի ընտրություններում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակը ենթադրելի էր, եւ ոչ ոք չէր կասկածում, որ նա վերստին միանձնյա իշխանության կգա երկրում: Սակայն խնդիրը սոսկ իշխանությունը չէր, այլ գեներալ Էվրենի զինվորական վարչակարգի 1982-ին ընդունած սահմանադրության փոխարինումը քաղաքացիական սահմանադրությամբ եւ քրդական հարցը:

Թեեւ ընտրությունների արդյունքում ստացած 326 պատգամավորական տեղերը բավարար չեն նոր սահմանադրությունը Մեջլիսում անցկացնելուց հետո հանրաքվեի ներկայացնելու համար, սակայն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն արդեն նոր սահմանադրության հարցում իշխանություններին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:

Ինչ վերաբերում է քրդական հարցին, ապա քարոզարշավի ընթացքում վարչապետ Էրդողանը «Ի՞նչ եք արել այդ ուղղությամբ» հարցին ի պատասխան հեռուստաէկրանից հայտարարել էր. «Նախ երկրում վերացրինք ժխտողականությունը (քրդական ինքնության), հրաժարվեցինք մերժման (քրդական հարցի) եւ ուծացման (քրդերի) քաղաքականությունից: Հիմա արդեն քուրդ քաղաքացիների առջեւ ծառացած (սոցիալ-տնտեսական) խնդիրներն ենք լուծելու»:

Թուրքիայում քրդերը, շնորհիվ վարչապետ Էրդողանի «քրդական նախաձեռնության», իրենց ազգային ինքնությունն այլեւս չեն թաքցնում, հրապարակավ արտահայտվում են մայրենի քրդերենով: Ավելին` թուրքական հանրային հեռուստատեսության 6-րդ ալիքը քրդերեն շուրջօրյա հաղորդումներ է հեռարձակում, սակայն դա, ինչպես երեւում է, չի բավարարում հունիսի 12-ի ընտրություններին մեծամասնական ընտրակարգով միայն մասնակցած եւ Մեջլիսում պատգամավորական 36 տեղեր ստացած «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը:

Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Միլլիեթի» հունիսի 14-ի համարին, որտեղ թուրքական թերթը լուսաբանում է կուսակցության «պատմական» հաղթանակի համար Հաքքյարիում եւ Դիարբեքիրում կազմակերպված հանդիսությունները: Ի դեպ ասենք, որ Հաքքյարիին հատկացված պատգամավորական երեք, իսկ Դիարբեքիրին` 6 տեղերն ամբողջությամբ բաժին են հասել «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը:

Հաքքյարիում քաղաքապետարանի առջեւ հավաքված հոծ բազմությանը դիմել է կուսակցության ղեկավարներից Սալահաթդին Դեմիրթաշը: Նա հաղթանակի առթիվ ողջունելով հանդիսության մասնակիցներին, ասել է, որ իրենք պատրաստ են սահմանադրության հարցում ամեն տեսակի բանակցությունների, ապա եւ ավելացրել. «Մենք պատրաստ ենք նաեւ քննարկելու բոլոր հիմնախնդիրները: Քուրդ ժողովուրդը մեզ տվել է դրա արտոնությունը: Եվ հիմա արդեն խաղաղության ճանապարհը միասին ենք բացելու: Սակայն երկրում ծավալվող պատերազմի դադարեցման համար անհրաժեշտ է բանակցությունները շարունակել մեծարգո Օջալանի հետ եւ ուղղակի շփումներ հաստատել այս պատերազմում հակամարտող կողմ հանդիսացող PKK-ի հետ: Կառավարությունը չպետք է խուսափի դրանից եւ երկրում խաղաղություն հաստատելու համար PKK-ին ճանաչի որպես բանակցող կողմի»:

Գալով Դիարբեքիրի հանդիսություններին, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպված այս միջոցառմանը մասնակցել է շուրջ 50 հազար մարդ, եւ դա անցել էր «Քուրդիստանը մեր հայրենիքն է, իսկ Դիարբեքիրը` նրա մայրաքաղաքը» կարգախոսով: Մասնակիցները կրել են PKK-ի եւ նրա առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցուցապաստառներըՙ բարձրացնելով Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի դրոշները:

«Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆիլիզ Քոչալին, դիմելով քուրդ բազմությանը, ասել է, որ Դիարբեքիրը դիմադրության, ընդվզման, ապստամբության եւ ազատության պայքարի մայրաքաղաք է նաեւ, ընտրություններում մեծ հաղթանակ են ձեռքբերել եւ այս պայքարը շարունակելու են մինչեւ անկախություն: Կուսակցության Դիարբեքիրի քաղաքային վարչության նախագահ Մեհմեդ Ալի Այդընը ավելացրել է, նշելով, որ ընտրություններում քուրդ ժողովուրդը ժողովրդավարական ինքնավարություն հաստատելու ձգտում դրսեւորեց: Մյուսների նման մեծամասնականով անկախ պատգամավոր ընտրված Շերաֆեթդին Էլչին նշել է, որ շուտով բոլորը ազատություն կստանան, կալանավորները դուրս կգան բանտերից, եւ ավելացրել է. «Առաջնորդ Ափոն (Օջալան) եւ սարերում հպարտորեն մարտնչող հերոսները շուտով կլինեն մեզ հետ, մենք կարողացել ենք պայքարել մի ամբողջ պետության դեմ, չունենալով դրա հնարավորությունը: Դուք արժանի դաս եք տվել նրանց, ովքեր ուզում էին ձեզ ճզմել: Թեեւ Մեջլիս ենք մտնում 36 պատգամավորներով, սակայն թող ոչ ոք չփորձի մեր ուժը չափել թվերով միայն, որովհետեւ մեր թիկունքում քաջարի եւ վճռական մի ամբողջ ժողովուրդ է կանգնած»:

Ալթան Թանը հավելել է. «Եթե Արարիչը կամենա, ապա ժողովրդավար Թուրքիան ժողովրդավար Քուրդիստանի կամքով եղբայրության եւ համատեղ կառավարման օրինակ է հանդիսանալու ողջ Մերձավոր եւ Միջին Արեւելքի համար: Մենք այդպիսի ծրագրով ենք Անկարա մեկնում: Ես Անկարայում 53 գրողների ներկայությամբ վարչապետ Էրդողանին ասել էի. «Քրդերն այլեւս եղբայրություն չեն ուզում, նախ, իշխանության համատեղում, ապա նոր` եղբայրություն»: Քանի դեռ դուք աջակցում եք մեզ, մենք չենք ընկրկի»: