Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված զինված խմբի վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 20 անձ, որոնցից 12-ը գտնվում են կալանքի տակ, 5-ի նկատմամաբ, որպես խափանման միջոց է ընտրվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամաբ կիրառվել է գրավ: Հանցախմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանի հետ ամբաստանյալի աթոռին կլինեն խմբին ֆինանսավորողը՝ հայր Անտոնը և ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում:
Հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Նույն մեղադրանքի համաձայն՝ Անտոն Թոթոնջյանը (հայր Անտոն), 2015թ. ապրիլից անձնապես ծանոթանալով Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Վահան Շիրխանյանն էլ ըստ մեղադրանքի՝ 2015թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթողիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը:
Արթուր Վարդանյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը միանալու և խմբի կազմում գործունեություն ծավալելու մեջ էլ մեղադրվում են Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, , Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը և Նելլի Մինասյանը:
Հիշյալ գործը կքննի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը: