Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները երկու ժամից ավելի վատնեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում (ԱԱԾ-ի նկուղ) 2015 թվականի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված «զինված խմբի» գործով կալանավորված` ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին տեսակցելու նպատակով: Տասնյակ լրագրողներ ստիպված եղան մի քանի անգամ դիմումներ լրացնել ՔԿՀ պետի կողմից նախապես թույլատրված ասուլիսին մասնակցելու համար, սակայն ՔԿՀ ղեկավարությունը երկու անգամ, տարբեր պատճառաբանություններով, մերժեց լրագրողներին:
ՔԿՀ աշխատակցի ուղղորդմամբ` դիմումում նախ նշվեց Շիրխանյանի հետ 11 լրագրողի տեսակցության մասին: Սակայն մեկ ժամ անց ՔԿՀ պետ Վ. Պապոյանը, հղում անելով կառավարության որոշմամբ հաստատված` «ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղաիչ հիմնարկների ներքին կանոնակարգի» 140-րդ կետին, որոշում կայացրեց մերժել լրագրողների դիմումները: Համաձայն վերոհիշյալ որոշման՝ թույլատրվում է կալանավորված անձին միաժամանակ տեսակցել առավելագույնը երեք չափահաս անձանց:
Ի դեպ, պարզվում է` Պապոյանը չի ընդունում այն դիմումները, որոնցում նրա անվան դիմաց նշված չէ իր կոչումը, այն է ՝ արդարադատության գնդապետ: Ինչևիցե, ՔԿՀ պետի որոշումից հետո ևս երեք դիմում ուղարկվեց նրան, այս անգամ էլ Պապոյանը գրություն ուղարկեց՝ պարզաբանելով, որ 2 օր առաջ Շիրխանյանին արդեն իսկ տեսակցել է այլ անձինք:
Նախ նշենք, որ դեռևս հոկտեմբերի 26-ին Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը դիմում էր ներկայացրել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետ Վ. Պապոյանին՝ Շիրխանյանի հետ լրագրողների հանդիպումը կազմակերպելու համար: «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին » ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորված անձին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն երկու տեսակցություն՝ մինչեւ երեք ժամ տեւողությամբ: Շիրխանյանի պաշտպանը, հղում կատարելով այս հոդվածին, միջնորդել էր որոշում կայացնել 2016թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 10-ն ընկած ժամանակամիջոցում ՔԿՀ պետի համար նախընտրելի որևէ օր ու ժամի թույլատրել ԶԼՄ-ների մուտքը ՔԿՀ և նրանց տեսակցությունը Շիրխանյանի հետ: ՔԿՀ պետը պատասխան գրության մեջ հղում էր կատարել այն օրենքին, որով թույլատրվում է տեսակցությունը, և նշել, որ ՔԿՀ-ն տեսակցությունների տրամադրման օրեր կամ ժամեր չի նշանակում: Այսինքն` ՔԿՀ պետն, ըստ էության, չի բացառել կալանավորին տեսակցելը, ավելին՝ օրի և ժամի ընտրությունը թողել է լրագրողներին: Բացի այդ` Շիրխանյանին բանավոր կերպով տեղեկացրել են, որ ՔԿՀ պետը որևէ խոչընդոտ չի տեսնում` նրա հետ լրագրողների հանդիպումը կազմակերպելու համար:
Սակայն, ինչպես այսօր պարզվեց, ՔԿՀ ղեկավարությունը չի ցանկանում թույլատրել տեսակցությունը, իսկ քանի որ չեն կարող շարժվել ցանկություններով և որոշման մեջ պատճառաբանել, թե չեն թույլատրում տեսակցելը, որովհետև «չեն ցանկանում», ստիպված էին տարբեր պատճառաբանություններ հորինել:
Սա վկայում է այն մասին, որ ՔԿՀ-ն վախենում է կալանավորի հետ կալանավայրում լրագրողների հետ հանդիպման նախադեպ ստեղծել: Մինչդեռ այդ քայլով եվրոպական կառույցներում հայաստանյան իշխանությունները պարծենալու տեղ կունենային՝ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ տարատեսակ զեկույցներում հիշատակելով նաև կալանավորին լրագրողների հետ հանդիպելու հնարավորություն տալու մասին:
Ինչևէ, այսօր հերթական անգամ ականատես եղանք օրենքի չկիրառվող կետի «ձևական գոյությանը» և համոզվեցինք, որ մեր ՔԿՀ-ները շատ հեռու են բաց ու թափանցիկ աշխատելուց:
Հիշեցնենք որ Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Այնուհետև նրան առաջադրված մեղադրանքը խստացվել էր. նրան է մեղսագրվում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածով (իշխանությունը յուրացնելուն նախապատրաստվելը) նախատեսված արարքը:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ