կարևոր
2812 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-07 11:38
Քաղաքական

«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»

«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստանին առնչվող վերջին հայտարարությունները վերջին օրերին մեծ ալեկոծություն առաջացրին հայկական տեղեկատվական սեգմենտում։ Եղան և՛ լուրջ մեղադրանքներ, եղան նաև արդարացնողներ։ Անգամ մեկնաբանություններ եղան նույնիսկ «դավադրությունների տեսության» շրջանակներում։ Միջինն էլ կար, պարզապես քիչ էր: Ընդհանուր առմամբ, հատկանշական է, որ Լավրովի հայտարարությունները մեկնաբանվում էին էմոցիոնալ դիրքերից, ինչը գուցե և բնական է՝ հաշվի առնելով հարցի կարևորությունն ու մեզ համար ունեցած նշանակությունը։ Այնուամենայնիվ, հատկապես փորձագիտական հատվածի դեպքում երևի թե առավել ճիշտը սառը ու սթափ գնահատելն է՝ նշյալ հայտարարությունների շերտերն ու ենթաշերտերն ավելի ճիշտ ընկալելու համար:

Քանի որ անցել է մի քանի օր, էմոցիոնալ ֆոնը որոշակիորեն նվազել է, կարելի է փորձել հասկանալ, թե իրականում ինչ է ասել ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Նախ՝ պետք է ընդունենք, որ Լավրովը մի քանի ուղղություններով սխալվել է, կամ, ինչպես հենց ռուս փորձագետներն են նշում, խճճվել է։ Օրինակ՝ նրա հայտարարության մեջ ոչ մի կերպ չի շոշափվում Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի և Շուշիի թեման, որոնք ժամանակին եղել են ԼՂԻՄ կազմում։ Մյուս կողմից` Լավրովն ընդգծում է, թե Հայաստանը և Ադրբեջանը ԵՄ-ի հետ միասին փաստաթուղթ ստորագրեցին 1991 թվականի դեկտեմբերի Ալմա Աթիի հռչակագրում նշված պայմաններով խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին, ինչի արդյունքում Մոսկվայի համար դժվար է հետագա քայլերի շուրջ որոշում կայացնել։

Այստեղ մի քանի շերտ կա. նախ՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման երկարատև բանակցային գործընթացում երբեք խոսք չի եղել Ալմա Աթիի փաստաթղթի մասին, և դրա շուրջ իր համաձայնությունը տվել է միայն Փաշինյանը անցյալ տարվա հոկտեմբերին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ՝ ընդ որում հատուկ ընդգծելով, թե իբր Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Սա այն դեպքում, երբ ոչ մեկ անգամ նշվել է, որ Հայաստանն այդ հռչակագրին միացել է Արցախի հարցում վերապահումով: Մյուս կողմից՝ ինչպես միջազգային իրավունքի մասնագետներն են նշում, Ադրբեջանը ԽՍՀՄ-ից անկախացել է առանց Լեռնային Ղարաբաղի։ Հարկ է նկատել, որ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդի ազատ կամահայտնությամբ 1991 թ. դեկտեմբերի 10-ին հանրաքվեի միջոցով ամրագրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Այդպիսով Արցախն արդեն դուրս եկավ ԽՍՀՄ–ի ու նաև Խորհրդային Ադրբեջանի կազմից` համաձայն 1991 թ. ապրիլին ընդունված «ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին» ԽՍՀՄ օրենքի։ Եվ օրեր անց՝ դեկտեմբերի 21-ին, երբ ստորագրվեց Ալմա Աթիի հռչակագիրը, այդ ժամանակ Արցախը ԽՍՀՄ–ի կազմում չէր, հետևաբար նաև Ադրբեջանի կազմում չէր։ Ի դեպ, Ալմա Աթիում ընդունված հռչակագրին նախորդել էր դեկտեմբերի 8-ի Բելովեժյան նույնաբովանդակ հռչակագիրը, որը ստորագրել էին միայն Ռուսաստանը, Բելառուսն ու Ուկրաինան, և այն չէր վերաբերում Հայաստանին, Ադրբեջանին կամ էլ Արցախին։ Ադրբեջանն անգամ ԽՍՀՄ–ի կազմից դուրս գալու հանրաքվե չի անցկացրել, ինչպես նախատեսում էր ԽՍՀՄ օրենսդրությունը։ Ընդամենը 1991 թ. օգոստոսին ընդունվել է անկախության հռչակագիր, որը նոյեմբերին հաստատվել է Միլլի մեջլիսում։ Ավելին՝ Ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդ, այլ համարում է մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդը։

Արդյո՞ք այս ամենը չգիտի Լավրովը: Դժվար թե... Այդ դեպքում ինչո՞ւ են հնչել նման հայտարարություններ: Դրանք վրիպմա՞ն, սխալի՞ արդյունք են, թե՞ կոնկրետ ենթատեքստեր ունեն: Բոլոր տարբերակներն էլ հնարավոր են: Բայց... Նկատի ունենանք, որ ինչքան էլ «խճճված» կամ «թելերը կորցրած» լինի Լավրովը, միևնույնն է, նա՝ որպես տարիների փորձառություն ունեցող դիվանագետ, հենց այնպես որևէ հայտարարություն չէր անի։ Ընդ որում, այս դեպքում պարզապես անհեթեթ է խոսել այն մասին, թե Լավրովը հայ է-հայ չէ, հայանպաստ է - ադրբեջանանպաստ է. նա՝ որպես ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար, առաջին հերթին իր երկրի շահերն է պաշտպանում, և դա բնական է։ Սա՝ իմիջիայլոց: Վերադառնանք լավրովյան «ենթատեքստերին»: Պետք է ուշադրություն դարձնել, որ Լավրովը, շատ կոնկրետ խոսում է 7 շրջանների մասին, սակայն որևէ կերպ չի անդրադառնում Արցախին ու Արցախի վերջնական կարգավիճակին։

Սրանով Ռուսաստանը, կարծես թե, նորից ակնարկում է, որ Արցախի կարգավիճակի հարցի որոշումը պետք է մնա բաց։ Իսկ եթե այն հայտարարությունը, թե ՀՀ նախկին իշխանությունները հրաժարվում էին Ադրբեջանին զիջել 7 շրջանները, համադրում ենք այսօր Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի ու Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի հետ, ապա կարելի է հասկանալ, որ Ռուսաստանն ակնարկում է, թե հիմա ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող առնվազն երկու շրջանը անվտանգության գոտի էին, ինչն, իհարկե, նորություն չէ։ Բայց, այս ամենով հանդերձ, երևի թե ժամանակն է, որ Ռուսաստանը ակնարկներից անցնի հստակ ու կոնկրետ դիրքորոշում արտահայտելուն, քանի որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ուժերի բալանսը փոխվել է, որի արդյունքում թուրքադրբեջանական տանդեմը սկսել է առանցքային գործոն դառնալ։

Եվ պատահական չէ, որ նույնիսկ բազմաթիվ ռուս փորձագետներ են քննադատում Ռուսաստանի պասիվությունը ստեղծված վիճակում՝ ընդգծելով, որ պետք է պաշտպանել Արցախի հայությանը և թույլ չտալ սերբական սցենարի կրկնությունը Հարավային Կովկասում։ Սա՝ նաև Ռուսաստանի շահերից ելնելով: Բանն այն է, որ եթե առաջիկա կարճ ժամանակահատվածում Ռուսաստանը կոնկրետ քայլեր չանի այս ուղղությամբ, ապա ընդհանրապես կարող է կորցնել իր ազդեցությունը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում ընդհանրապես։ Ինչքան էլ Մոսկվան զբաղված լինի Ուկրաինայով, այնուամենայնիվ պետք է Հարավային Կովկասի հետ կապված լուրջ անհանգստություն ունենա և «մուկն ու կատու» խաղալուց անցնի շատ կոնկրետ քայլերի։ Իսկ ավլի ստույգ ՝ պարզապես կողմնորոշվի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում