Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նոյեմբերի 25-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, քաղաքացի Ա.Դ.-ի կողմից դատապարտյալ Կ.Ա.-ի անվամբ բերված դեղորայքի զննությամբ հայտնաբերել են քթի խոռոչների «Снуп» գրառմամբ ցողիչի (սփրեյ) կիսադատարկ սրվակ, իսկ Ա.Դ.-ի անձնական խուզարկությամբ՝ 2 ներարկիչ, ներարկման համար նախատեսված թորած ջրի 2 սրվակ և կասկածելի զանգվածով կաթոցչի ապակյա անոթ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը հայտնում է, որ հայտնաբերվածի կապակցությամբ Ա.Դ.-ն հայտարարել է, որ ցողիչի ջրում լուծված է մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, որն իրականում նախատեսված է եղել իր անձնական օգտագործման համար, սակայն շփոթմամբ հանձնել է որպես հանձնուք։ Դատապարտյալի համար նախատեսված ցողիչը սխալմամբ նետել է մինչ հիմնարկ մտնելը:
Հիմնարկի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել է նետված սրվակը, որի ոչ գործարանային արտաքին տեսքը նույնպես կասկած է առաջացրել: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ հոկտեմբեր-նոյեմբերին քրեակատարողական ծառայողների կողմից բացահայտվել են արգելված իրերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք այլ դեպքեր ևս։ Մասնավորապես, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հանձնուքների և դատապարտյալների անձնական զննությամբ հայտնաբերվել են 15,56 գրամ ընդհանուր քաշով, ափիոն տեսակի թմրամիջոցին և 20,36 գրամ ընդհանուր քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող զանգվածներով 9 փաթեթ, կասկածելի այլ զանգվածներով 2 փաթեթ՝ 0,30 գրամ ընդհանուր քաշով, 100 հատ առանց մակնշման, սպիտակ դեղահաբ, 6 բջջային հեռախոս, 4 Wi-Fi սարք, 2 լիցքավորման լար, ականջակալ և բաժանորդային քարտ:
«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի հանձնուքում հայտնաբերվել են լվացքի փոշուն խառնած, ջրում չլուծվող սպիտակ, կասկածելի զանգվածներ, ինչպես նաև ներնետված բջջային հեռախոս, Wi-Fi սարք, բջջային հեռախոսի լիցքավորիչ՝ 2 լարով, և ականջակալ:
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում աշխատակցի ձեռքի պայուսակից ռենտգեն սարքի միջոցով հայտնաբերվել են ծալովի շեղբով դանակ, 6 հատ «Դիազեպամ» գրառմամբ դեղահաբ: Մեկ այլ դեպքով հանձնուքում հայտնաբերվել է 6,3 գր քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր զանգված:
«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պայմանագրային հիմունքներով աշխատողի տաբատի գոտկատեղից հայտնաբերվել է 7,6 գրամ քաշով, մարիխուանա թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված:
Վերոնշյալ փաստերի առթիվ նախապատրաստվել են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ: