Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 13-ին Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական խաղում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Պորտուգալիայի ընտրանու հետ: Yerkir.am-ը զրուցել է մարզական լրագրողներից մի քանիսի հետ, ովքեր կարծիք են հայտնել խաղի մասին և փորձել կանխագուշակել հանդիպման հաշիվը:
Սլավա Սարգսյան (Հանրային հեռուստաընկերություն)
Հայաստանի հավաքականն ամեն ինչ անելու է` հաղթանակի հասնելու համար: Բացի դրանից` մեր հավաքականի կազմում ունենք ֆուտբոլիստներ, հատկապես` Մովսիսյանը, ովքեր ապացուցելու շատ բան ունեն, հատկապես` իրենց ակումբների մարզիչներին: Հաշիվ ընդհանրապես չեմ կանխագուշակում, բայց կարծում եմ, որ կհաղթենք Պորտուգալիայի հավաքականին, սակայն այդ հաղթանակը շատ դժվար է լինելու:
Սուրեն Բաղդասարյան («Ֆուտբոլ +» շաբաթաթերթ)
1950-ական թվականներին Երևանի «Սպարտակ»-ի առաջատար ֆուտբոլիստներից մեկը` Քաջայր Փոլատյանը, ով նաև աշխատել է որպես մարզիչ, իր սաներին ասում էր, որ ֆուտբոլային խաղադաշտում ամեն ինչի պետք է սպասել, բացի գնացքից: Ամեն ինչ հնարավոր է: Մեր հավաքականն անկանխատեսելի է. կարող է հաղթել ուժեղ մրցակիցներին, բայց պարտվել թույլերին, ինչպես եղավ Մալթայի հետ խաղում: Ինչ վերաբերում է եզրափակիչ փուլ դուրս գալուն, մենք անհույս վիճակում ենք, բայց տեսականորեն դեռ շանսեր կան, քանի որ 3-րդ տեղը գրավելը նույնպես հնարավորություն է տալիս պայքարելու եզրափակիչի համար: Քանի դեռ ունենք շանսեր, պետք է պայքարենք: Չեմ կարող ասել, թե ինչ հաշվով կավարտվի հանդիպումը, քանի որ կանխագուշակումներ ընդհանրապես չեմ անում:
Սենիկ Կարա-Պողոսյան («Պրոֆֆուտբոլ» հաղորդաշար)
Երբ գործը հասնում է Հայաստանի ազգային հավաքականին` ամեն տեսակի հայ երկրպագուների մինիմալիստական սպասելիքները դառնում են մաքսիմալիստական: Բացառություն չէ նաեւ պորտուգալացիների հետ սպասվելիք խաղը: Չնայած մրցակցի զորեղ կարգավիճակին, այդուհանդերձ, համոզված եմ, որ դրական արդյունք ենք գրանցելու: Այստեղ կարող է վճռորոշ դեր խաղալ մրցակցի առաջատարների` ծանր մրցաշրջանից հետո հոգնածությունը: Կարեւորը մրցակցին զրկենք պաշտպանությունից, գրոհի արագ անցնելու հնարավորությունից: Կանխագուշակությամբ չեմ զբաղվում: Հունիսի 13-ն ինձ համար հաջողված կհամարվի, եթե նվազագույնը շարունակվի պորտուգալացիների` Երեւանում չհաղթելու հաճելի ավանդույթը:
Էդուարդ Քալանթարյան («Արմենիա» հեռուստաընկերություն)
Հայաստանի հավաքականն, իհարկե, բարդ կացության մեջ է: Ֆուտբոլիստներից շատերը խաղային պրակտիկա չունեն, ոմանք էլ վնասվածքով են եկել հավաքական: Այս պարագայում պորտուգալացիներին հաղթելը դժվարից վերածվում է անհնարինի: Բայց մեր վիճակն ավելի բարդ էր Սերբիայի հետ խաղից առաջ: Ոչինչ, խաղացինք ու չպարտվեցինք: Այնպես որ` հիմա էլ կարելի է դրական արդյունք գրանցել, առավել ևս` նոր մարզչով: Կարծում եմ` խաղը կավարտվի 1-1 հաշվով:
Ռոբերտ Գասպարյան (Հանրային հեռուստաընկերություն)
Թեպետ կազմում կան ֆուտբոլիստներ, որոնց անունները կսպասեի ոչ առաջնահերթ, ու միևնույն ժամանակ, չկան խաղացողներ, ովքեր ակնհայտորեն պետք էին մեր հավաքականին, ես մեր թիմի շանսերը գնահատում եմ 50/50։ Քանի որ ֆուտբոլն անկանխատեսելի խաղ է, երբեք չես կարող կռահել նախօրոք արդյունքը։ Այսօր հավաքականի ղեկին կանգնած է մասնագետ, ով թեպետ երիտասարդ է, սակայն եղել է մեր հավաքականի փառահեղ հաղթանակների գլխավոր կերտողը։ Գուցե նրա վերադարձը ստացվի՞։ Չգիտեմ։ Հուսամ` նա գիտի` ինչ է անում՝ հավաքական չհրավիրելով Արթուր Եդիգարյանին ու Արտակ Ալեքսանյանին։ Աստված մեզ հետ, առաջ, հայե\'ր։ Կանխատեսում եմ 2-1 հաշիվ `հօգուտ մեզ»։
Խաչիկ Չախոյան (Հ2 հեռուստաընկերություն)
Ես ոչ մի խաղում հաշիվ չեմ կանխագուշակում, առավել ևս` Հայաստանի հավաքականի մասնակցությամբ: Հուսով եմ, որ մեր թիմը կկարողանա լավ արդյունքի հասնել: Անկասկած, մեր հավաքականում այսօր էլ կան խնդիրներ` կազմի հետ կապված, և Սարգիս Հովսեփյանին շատ դժվար է լինելու մեկնարկային կազմի ընտրության հարցում: Բայց վստահ եմ, որ, հաշվի առնելով յուրաքանչյուր խաղացողի մարզավիճակը տվյալ պահին, մարզիչը կատարելու է ճիշտ ընտրություն: Պորտուգալիայի հետ խաղում մեզ միայն հաղթանակ է հարկավոր, հետևաբար` հաղթանակ եմ ակնկալում, չնայած, լինեմ անկեղծ, դա շատ մեծ անակնկալ կլինի: Պարզ է, որ նույն հաղթանակը հարկավոր է մրցակցին, բացի այդ` Պորտուգալիան առաջնորդելու է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Ռոնալդուն: Սերբերի հետ խաղում էլ ոչ ոք չէր մտածում նույնիսկ ոչ-ոքի մասին, իսկ այդ արդյունքից հետո բոլորը համարում էին, որ Հայաստանն ավելի շուտ կորցրեց երկու միավոր, քան վաստակեց մեկը: Ինչևէ, դժվար է լինելու, բայց հավատալ ու քաջալերել է պետք մեր ֆուտբոլիստներին: