Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկյան երկարատև և կատաղի ընտրապայքարն ավարտվեց: ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրվեց Հանրապետական կուսակցությունը ներկայացնող միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Նրա հիմնական մրցակից` Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ընդունել է պարտությունը՝ ավանդույթի համաձայն զանգահարելով և շնորհավորելով նորընտիր նախագահին:
Ո'չ Միացյալ Նահանգներում, ո'չ էլ աշխարհում ընդհանրապես չէին սպասում, որ ԱՄՆ պատմության մեջ թերևս ամենաանզիջում, ամենակեղտոտ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով ուղեկցված ընտրությունները կավարտվեն Թրամփի հաղթանակով: Մարդ, ով ցինիզմի, անհավասարակշռության ու անլրջության, անսահման հարստության ու շվայտ կյանքի, միևնույն ժամանակ` «ամերիկյան երազանքի» մարմնացումն է, ով իր կերպարով նախագահական մարաթոնը զուտ անձերի, քաղաքական կողմնորոշումների միջև ընտրությունից վերածել էր արժեքների և հակաարժեքների, ավանդական, բայց հոգնեցրած հնի ու էքստրաօրդինար, անկանխատեսելի նորի միջև ընտրության: Մարդ, ով միջազգային օրակարգի և անվտանգության հարցերում ունի ուրույն, ոչ ստանդարտ դիրքորոշում, և որին Ռուսաստանի ու այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդեպ ցուցաբերած ակնածանքի համար ընդհուպ մեղադրում էին ամերիկյան շահերին դավաճանելու մեջ: Չնայած Թրամփի դեմ կիրառված հզոր քարոզչական, որոշ դեպքերում` վարչական մեխանիզմներին՝ այնուամենայնիվ, ամերիկյան ժողովուրդն ընտրեց նրան՝ պարզորոշ հասկացնելով, որ հոգնել է գործող քաղաքական էլիտայից, վարվող ներքին ու արտաքին քաղաքականությունից, որոնք աշխարհին կանգնեցրել են անվտանգության համակարգերի լիակատար փլուզման շեմին և միջազգային կյանքն, ընդհանուր առմամբ, վերածել մղձավանջի:
Հանրային տրամադրությունները Թրամփի հանդեպ կտրուկ սկսեցին փոխվել վերջին մեկ ամսվա ընթացքում: Դա սկսվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն Քլինթոնի՝ պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելիս անձնական փոստը ծառայողական նամակագրության նպատակով օգտագործելու գործի հետաքննությունը վերսկսեց, թեև այն դադարեցվել էր այս տարվա ապրիլին: Այս քայլը կոտրեց Քլինթոնի նախընտրական արշավի ողնաշարը, քանի որ նրան սկսեցին մեղադրել դավաճանության մեջ: Այն հանգամանքը, որ ԱՄՆ ՀԴԲ-ն մոռացության մատնված այդ պատմությունը հանկարծ հիշեց նախագահական ընտրությունների ամենավճռական փուլում` քվեարկության նախօրյակին, վկայում է ընտրությունների ընթացքը բեկելու` ԱՄՆ անվտանգության համակարգի ցուցաբերած շահագրգռությունը, որն ինչ-որ իմաստով կարելի է համարել նաև միջամտություն ընտրական պրոցեսին: Այս դրվագը մի կողմից ընդգծում է, թե ինչպես կարող է պետական համակարգն ազդել ընտրությունների ելքի վրա, իսկ մյուս կողմից ցուցադրում, թե ինչպես է գործում քաղաքական իշխանության և պետական համակարգի չնույնականացման հիմնարար սկզբունքը:
Թե ինչո՞ւ ՀԴԲ-ն որոշեց հարվածել գործող նախագահի թիմը ներկայացնող և, ըստ էության, ամերիկյան ներկայիս քաղաքականության շարունակականությունը մարմնավորող թեկնածուի դիրքերին, դեռ կվերլուծվի: Փաստն այն է, որ նախապատվությունը տրվեց Ռուսաստանի հետ առճակատման ուղեգծից հրաժարվելու, միջազգային օրակարգի կոնֆլիկտային հարցերում Մոսկվայի հետ գործակցության գնալու հռետորաբանությանը, որին դեմ էր նույնիսկ հանրապետական կուսակցության իսթեբլիշմենթը: Որքանո՞վ այդ հռետորաբանությունը կվերածվի կոնկրետ գործողության և իրականացվող քաղաքականության՝ ստեղծելով երկու գերտերությունների, բևեռների միջև միջազգային լարվածությունը կտրուկ թուլացնելու, դեպի երկրորդ սառը պատերազմ սուրալու ընթացքը կասեցնելու նախադրյալներ, դժվար է ասել: Խնդիրն այն չէ, որ առաջին հերթին Թրամփի անհավասարակշիռ լինելու հանգամանքը նրան դարձնում է անկանխատեսելի. ոչ ոք, այդ թվում` նաև Ռուսաստանը, չի համարձակվի առաջիկայում երկարաժամկետ ռազմավարություններ պլանավորել: Բացի դրանից` ամերիկյան արտաքին քաղաքականության վեկտորների վրա նախագահների ընտրությունն ԱՄՆ-ում վճռորոշ ազդեցություն չեն ունենում: Նոր նախագահներն ընդամենը կարող են դրանց որոշակի շտրիխներ ավելացնել կամ փոխել, ավելի կոշտ կամ ավելի փափուկ դարձնել արտաքին աշխարհի և ուժային մյուս կենտրոնների հետ հարաբերությունների ոճը: Բայց դրանք երբեք կտրուկ շրջադարձերի, փոխակերպումների չեն հանգեցնում:
Բայց կա ևս մեկ էական խնդիր. թեև Հանրապետական կուսակցությունը նախագահական ընտրություններին զուգահեռ կայացած` Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում կարողացել է կրկին մեծամասնություն կազմել, սակայն Թրամփի դիրքորոշումներն այդ կուսակցությունում լուրջ հակասությունների տեղիք են տվել: Նորընտիր նախագահը չի կարողանա լիարժեք օգտվել պառլամենտում հանրապետական մեծամասնության աջակցությունից: Սա կաշկանդող գործոն է, որը կարող է Թրամփին ստիպել հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում աստիճանաբար վերադառնալ Հանրապետական կուսակցության դավանած սկզբունքներին, որոնք ավանդաբար եղել են կոշտ, հատու և որոշ դեպքերում հանգեցրել համաշխարհային ցնցումների: Այսինքն` դեռ ժամանակ է պետք` հասկանալու՝ որքանո՞վ է Թրամփը կարողանալու միասնականացնել իր քաղաքական հենարանը, համոզիչ դառնալ թիմի համար:
Այս գործոնները թույլ են տալիս ասել, որ դեռ չափից դուրս շուտ է գնահատել հարավկովկասյան տարածաշրջանի վրա Թրամփի ընտրության հնարավոր ազդեցությունը: Որոշ վերլուծաբաններ համարում են, որ Ռուսաստանի հետ երկխոսություն սկսելու` Թրամփի պատրաստակամությունը, Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ որոշակի դրական տրամադրվածությունը կարող է Վաշինգտոնի համար նվազեցնել Հայաստանի տարածաշրջանային նշանակությունը: Սակայն նման գնահատականները փաստարկված չեն: Անհեթեթություն է կարծել, որ Թրամփը գործելու է Միացյալ Նահանգների տարածաշրջանային հետաքրքրություններից դուրս և հեշտությամբ Հարավային Կովկասը հանձնելու է Ռուսաստանի ու Թուրքիայի «ողորմածությանը»՝ ԼՂ հիմնահարցը ևս դիտարկելով այդ համատեքստում: Ընդհակառակը` չի բացառվում, որ սուր անկյուններից խուսափելու` Թրամփի ընտրած մարտավարությունը հանգեցնի այս տարածաշրջանում բոլոր ազդեցություն ունեցող ուժերի միջև հավասարակշռման քաղաքականության: Դա առավելապես կախված կլինի նրանից, թե ինչպիսին կլինի նրա վարչակարգի դիրքավորումը Իրանի հարցում, որի վերաբերյալ Թրամփը հանդես է եկել ոչ այնքան հստակ հայեցակարգային մոտեցումներով: Պարզ է մեկ բան` ո'չ Իրանին և ո'չ էլ Ռուսաստանին նա չի վերաբերվում որպես ԱՄՆ-ի միանշանակ թշնամիների, ինչը նրան տալիս է մանևրելու հնարավորություն: Բայց ցանկացած դեպքում ամերիկացիների կատարած ընտրությունը Հայաստանին կանգնեցնում է արտաքին քաղաքական մարտավարական հարցերում սրբագրումներ կատարելու հրամայականի առջև:
Գևորգ Դարբինյան