կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-09 12:08
Հասարակություն

Ինչ փոփոխություններ են նախատեսված ԱՊՊԱ ոլորտում ապրիլի 1-ից

Ինչ փոփոխություններ են նախատեսված ԱՊՊԱ ոլորտում ապրիլի 1-ից

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն այսօր լրագրողներին ներկայացրեց ԱՊՊԱ ոլորտում կատարված վերջին փոփոխությունները: Ըստ նրա` ԱՊՊԱ ոլորտի հատուցումների գործընթացում 2017 թվականի ապրիլի 1-ից ներդրվելու են փոփոխություններ: Ավետիսյանի խոսքով՝ ԱՊՊԱ ոլորտում հատուցումների գործընթացը վերանայվել է ամբողջությամբ, ավելորդ գործընթացները հանվել են, էական փոփոխություններ են եղել պահանջվող փաստաթղթային գործընթացներում: Նա ներկայացրեց այն հիմնական փոփոխությունները, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ ԱՊՊԱ ոլորտի հատուցումների գործընթացի վրա:

Նրա խոսքով՝ կարևոր փոփոխություն է ԱՊՊԱ ոլորտում ներդրվող` ուղիղ հատուցումների համակարգը, ինչը նշանակում է, որ պատահարի դեպքում տուժող ավտոսեփականատերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմի իր հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերությանը, որն էլ կհատուցի իր հետ պայմանագիր կնքած ավտոմեքենայի սեփականատիրոջը, և դրանից հետո վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերության հետ կիրականացվեն փախհաշվարկներ:

Նշենք, որ համակարգի ներդրման արդյունքում ավտոսեփականատերերին ապահովագրական ընկերությանն ընտրելու հնարավորություն է տրվում`  ելնելով պայմանագիրը սպասարկելու որակից, հատուցման գործընթացը կազմակերպելու արագությունից և այլն:

Հաջորդ կարևոր փոփոխությունը, ըստ Ավետիսյանի, ապահովագրական գործընթացի տևողությանն է վերաբերում: «Փոփոխության արդյունքում ԱՊՊԱ ոլորտում առնվազն 2-3 անգամ կկրճատվեն փորձաքննությունների իրականացման և ապահովագրական հատուցումների ժամկետները»,- ասաց նա՝ հավելելով, որ նախկին՝ առավելագույն 81 օրվա փոխարեն այդ գործընթացը տևելու է առավելագույնը 17 օր:

Հատուցվող գումարների չափերին վերաբերող փոփոխություն էլ կա: Ավետիսյանը նշեց, որ փոփոխությունների արդյունքում մեծացվում է ապահովագրական պատահարների դեպքում ընկերության կողմից բոլոր տուժողներին վճարման ենթակա ապահովագրական հատուցման առավելագույն շեմը: Մեկ պատահարով մեկ տուժողի հատուցման նախկին՝ 3.300 000 ՀՀ դրամի փոխհատուցման չափը նույնն է մնալու, իսկ մեկ պատահարով բոլոր տուժողների համար տրամադրվող 10. 000 000 ՀՀ դրամի փոխարեն հատուցվել է 33. 000 000 ՀՀ դրամ: Գույքային վնասների դեպքում՝ մեկ պատահարով մեկ տուժողի համար 1. 800 000 ՀՀ դրամի փոխարեն կիրառվելու է 18. 000 000 ՀՀ դրամի չափը:

«Մարտ ամսից մենք ներդրել ենք պատահարների ինքնուրույն գրանցման գործընթացը, այսօր արդեն ԱՊՊԱ համակարգում ունենք ինքնուրույն գրանցման 1800-2100 դեպք: Պատահարների գրեթե կեսը պարզեցված եղանակով են վերահսկվում: Հատուցումներն իրականացնվում են պարզեցված համակարգով»,- ասաց Ավետիսյանը՝ հավելելով, որ համակարգում առկա են նաև խնդիրներ, որոնք, սակայն, ուշադրությունից դուրս չեն մնում:

«Պատահարների գրանցման և խցանումների գործընթացն արդյունավետ կառավարելու հարցում դեռ խնդիրներ կան: Հատկապես պատահարների ինքնուրույն գրանցման գործընթացում են խնդիրները: Վարորդները, առանց մեքենան տեղաշարժելու, դիմում են ԱՊՊԱ-ին, մինչդեռ պետք է մի քանի լուսանկար անեն, դեպքի վայրից տեղաշարժեն, որից հետո միայն տեղեկացնեն իրենց ապահովագրական ընկերություններին»,- ասաց նա:

Ավետիսյանը նշեց նաև, որ 2015 թվականի սեպտեմբեր ամսին պատահարների թիվը եղել է 3450-ի, իսկ 2016 թվականի սեպտեմբերին արդեն գրանցվել է 4336 պատահար: