Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկուշաբթի՝ ժամը 14:00-ից, սկսելու ենք ակցիա ԱՊՊԱ բյուրոյի դիմաց: Ակցիաները լինելու են շարունակական: Եթե ոստիկանության հետ գանք համաձայնության՝ արտոնված ակցիա լինի, շատ ավելի լավ, եթե չէ՝ անհնազանդության ակցիաներ անելու մեթոդներ կմտածենք: Հետեւնանքներն ու պատասխանատվությունը կմնան ԱՊՊԱ բյուրոի վրա. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց «ԱՊՊԱ-ն չի թանկանալու» նախաձեռնության անդամ, ճանապարհային երթեւեկության փորձագետ, փաստաբան Արտակ Խաչատուրովը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։
Արդեն մի քանի օր է, ինչ բազմաթիվ վարորդներ բողոքում են փետրվարի 7-ից սպասվող՝ ԱՊՊԱ-ի թանկացումների դեմ։ Քաղաքացիները բողոքում են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր որոշման դեմ ըստ որի՝ բարձրացվելու են ԱՊՊԱ-ի բազային սակագները, նաեւ փոփոխություններ տեղի կունենան ապահովագրության գնի հաշվարկման համակարգում:
«ԱՊՊԱ-ն չի թանկանալու» նախաձեռնության խմբի անդամները շեշտում են՝ վերջնարդյունքում կա՛մ ԱՊՊԱ բյուրոն կարծիքը կփոխի, կա՛մ կդադարեցնեն բոյկոտը, կա՛մ ժողովուրդը կմիանա իրենց:
«Մենք պահանջում ենք կասեցնել փետրվարի 7-ից սպասվող թանկացումները: Շարունակական պայքար է լինելու: Անհնազանդության ակցիաներ կլինեն Երեւանում: Մարզերի բնակիչների վիճակն է հետաքրքիր: Մարդիկ՝ տանը նստած, ԱՊՊԱ-ն թանկանում է միայն նրա համար, որ Երեւանում մի քանի վարորդ վթար է արել։ Այս պայքարը ինքնաբուխ է սկսվել, հուսով եմ՝ այսպես էլ կշարունակվի»,- ասաց Խաչատուրովը:
Նա երեկ ակցիայի շրջանակներում ծառին ինքնասոսնձվող պաստառ փակցնելու համար բերման ենթարկվեց, նախորդ ակցիայի ժամանակ էլ տուգանվել էր Հանրապետության հրապարակում սխալ տեղով քայլելու համար։ Հեգնում է․ «Երկրում խախտում անող չկա, ոչ մի խնդիր չկա, շատ մաքուր երկիր ա, ոչ մեկ ոչ մի խախտում չի անում, ի՞նչ ասեմ»։
Դեռես սլաքները չեն ուղղի դեպի կառավարությունը, ասում է՝ անմիջական որոշում կայացնողների ու պատասխանատուների հետ խնդիր ունենք, այսինքն՝ ԱՊՊԱ բյուրոյի եւ Կենտրոնական բանկի, թեև դաշտը կանոնակարգվում է ԱԺ-ի կողմից ընդունված օրենքով։ Սրան էլ բացատրություն ունեն՝ ԱՊՊԱ բյուրոն օրենքը չի կիրառում:
«ԱՊՊԱ բյուրոն իր օրենքն ունի, կանոններ է սահմանել, եւ այդ կանոնների փոփոխություններն արվում է իրենց ընդհանուր ժողովով: Թանկացումների է գնում՝ զուտ հատուցումների ծավալից ելնելով, ինչն էլ կապված է վթարների քանակի հետ: Մենք էլ ասում ենք՝ գնացե՛ք, դիմե՛ք օրինապահ եւ օրենսդիր մարմիններին, թող իրենք հարցին լուծում տան: Ճկուն մեխանիզմներ առաջարկեք, թող իրենք կիրառեն, դուք ինքնագլուխ որոշումներ մի՛ կայացրեք, նման առաքելություն չունեք: Սա նույնն է, թե՝ բանկը քաղաքացիների համար բանկային կանոններից դուրս վարքագծի կանոններ սահմանի»,- մանրամասնեց Խաչատուրովը։
Հիշեցնենք, որ ԱՊՊԱ-ի թանկացումների առնչությամբ բյուրոյի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ փոփոխությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝ վթարների թվի աճ եւ փոխհատուցման ծավալների ավելացում, առավելագույն փոխհատուցման գումարի ավելացում, ծառայությունների որակի բարձրացում: Որոշման վրա ազդել է նաեւ ավտոմեքենաների վերանորոգման գնի ավելացումը, պահեստամասերի թանկացումը եւ այլն։ Սակայն վարորդներն այս հիմնավորումները անհիմն են համարում։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիանա Սարգսյան