Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մոտ օրերս կամփոփի պրոթեզաօրթոպեդիկ պարագաների տրամադրման համար հայտարարված մրցույթի արդյունքները: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Նրա խոսքով՝ նախապատվությունը կտրվի այն կազմակերպությանը, որն առավել հարմար պայմաններով և միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ կառաջարկի:
«ՀՀ-ում դեռ խորհրդային ժամանակներից երկու պրոթեզարան է գործում, որոնք պետպատվերի շրջանակներում պրոթեզներ են տրամադրում: Մոտ մեկ տարի մենք ուսումնասիրություններ ենք կատարել՝ ներգրավելով պրոթեզարանների մասնագետներին, փորձել ենք կարգավորել դաշտը: Եկել ենք այն եզրահանգման, որ պրոթեզները պետք է տրամադրվեն միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասաց Կեսոյանը:
Նշենք որ փոփոխություններ են տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակների և այլ պարագաների տրամադրման կարգում:
«Նախկինում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակները կամ լսողական սարքերը 6-7 տեսակ էին: Հաշմանդամություն ունեցող անձն իր կարիքների համար չէր կարողանում ընտրություն կատարել: 2017-ից նախարարությունն անցում կատարեց հավաստագրերին, որի արդյունքում 63 տեսակի սայլակներ են ներկրվում հանրապետություն»,- հայտնեց Կեսոյանը:
Նրա խոսքով՝ եթե նախկինում մրցույթում հաղթում էր մեկ կազմակերպություն, ապա այսօր 5 կազմակերպություն պայմանագրեր է կնքել նախարարության հետ:
«Հաշմանդամություն ունեցող անձը բազմատեսակ սայլակներից կամ սարքերից ընտրություն է կատարում և ընտրում այն սայլակը, որն իրեն ավելի հարմար է: Հավաստագիրը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող անձին և տրվում է այն կազմակերպությունների ցուցակը, որոնք պայմանագրեր ունեն նախարարության հետ»,- ասաց նա և հավելեց, որ տվյալ կազմակեպությունները պետք է ունենան որակյալ մասնագետներ, որոնք ճիշտ ուղղություն կտան անձին:
Կեսոյանը հայտնեց, որ նախարարությունը պարտադիր պայման է սահմանել նաև, որ նախարարության հետ պայմանագիր կնքող կազմակերպությունը մարզերում պետք է ներկայացուցչություն կամ սպասարկման կետ ունենա: Նա նշեց, որ հավաստագիր ստացող անձանց տրամադրում են նաև հուշաթերթիկ սայլակների կամ համապատասխան այլ սարքավորումների տեսակների ու կիրառության մասին:
«Այժմ մենք ունենք այն պարագաները, որոնք հիմնականում անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող անձին»,- ասաց Կեսոյանը՝ վստահեցնելով, որ օրթեզների դասակարգման փուլում նախկինում եղած դժգոհությունները վերացել են: «Մեկ տարուց ավելի է` դրանց հետ կապված բողոքներ չունենք»,- նշեց նա: