կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-04 18:00
Քաղաքական

Չկա որևէ սիրիահայ, որ ուզենա հասնել Երևան ու չհասնի. նախարար

Չկա որևէ սիրիահայ, որ ուզենա հասնել Երևան ու չհասնի. նախարար

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց, որ անցնող մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայից Հայաստան է եկել 28 հոգի, այսօր էլ` 5 հոգի: Ըստ նախարարի՝ սիրիահայերին այստեղ ապահովելու երկու սխեմա է գործում:

«Կան ժամանակավոր կացարաններ` 25 տեղով, որոնք մշտապես չենք բնակեցվում: Մի քանի օր պահում ենք եկածներին, հետ տեղափոխում վարձով բնակարաններ: Երկրորդ` կամ մարդիկ, որոնց ընտանիքի կեսը կամ հարազատները այստեղ են բնակվում, նրանց կացարան չեն տանում այս դեպքում»,- նշեց նա:

Ըստ նախարարի` վիճակը ծանր է, ոչ ոք չի կարող ասել, թե հաջորդ պահին ինչ է լինելու այնտեղ: «Ով գալիս է, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել, որ նա փողոցում չհայտնվի: Չկա որևէ մեկը, որ ուզենա հասնել Երևան ու չհասնի: Ամեն ինչ մշակված և ճշտված է, գումարի հարցն էլ: Ամեն ինչ կանոնակարգված է, և այնպես չէ, որ մեկը ուզում է գալ ու չի կարողանում, նման բան չկա»,- ընդգծեց Հակոբյանը` հավելելով՝ ազգային իշխանությունը, գլխավոր հյուպատոսությունը, Ավետարանչական ընկերակցությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը բոլոր հնարավորություններն ունեն, որ ով գումար չուն,ի այնտեղից տեղափոխեն:

Նախարարի խոսքով` սիրիահայ ուսանողների ուսման վարձերը 2 տարի միայն պետությունն է տվել, իսկ հիմա` «Գյուլբենկյան» բարեգործական հիմնադրամի հետ բանակցություններից հետո, նրանք են վճարում, և ուսանողները գրեթե անվճար են սովորում:

Խոսելով սիրիահայերի հիմնական խնդիրների մասին` Հրանուշ Հակոբյանը նշեց, որ դրանք երկուսն են: «Երկու հիմնական խնդիր ունեն՝ բնակարան և աշխատանք. փորձում ենք և՛ անհատապես, և՛ նախարարությունների միջոցով, և՛ գործատուների միջոցով ամեն ինչ անել, որ այդ խնդիրները լուծվեն, և նրանց համար հնարավոր լինի այստեղ ապրելը»,- ասաց նա: