կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 13:12
Իրավական

Ամեն ինչ անում են, որ Բուդաղյանների գործը չհասնի դատարան. Հայկ Ալումյան

Ամեն ինչ անում են, որ Բուդաղյանների գործը չհասնի դատարան. Հայկ Ալումյան

Բուդաղյանների ընտանիքի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն արհեստականորեն ձգձգվում է: Ավելին` պաշտպանը դժգոհում է, որ նախաքննական մարմինն ութուկես հատորանոց գործի նյութերից, որը բաղկացած է մոտ 2500 թերթից, իրեն տրամադրել է միայն 210 էջը:

 

Ըստ նրա` նախաքննությունն ընթանում է միայն այն մասով, թե իբր Արտակ Բուդաղյանը սպառնալիքներ է հնչեցրել:

 

«Արտակի մասով ոչինչ չի մնացել քննելու, պարզապես նախաքննական մարմինը մի տարբերակ է փնտրում, որ գործը նախաքննության ընթացքում ավարտվի և չհասնի դատարան»,- ասաց պաշտպանը և հավաստիացրեց, որ, միևնույն է, գործը հասնելու է դատարան, և իրենք ամեն ինչ անելու են, որ այն քննվի հրապարակային ու օբյեկտիվ: 

 

Արտակ Բուդաղյանի նկատմամբ համաներում է տարածվում, սակայն, պաշտպանի խոսքով,  իրենք հրաժարվել են համաներումից, քանի որ Արտակն այդ հանցագործությունը չի կատարել: Բացի այդ` փաստաբանը հույս ունի, որ գոնե այդ դրվագով գործը կհասնի դատարան: «Նրանք չեն կարող ամեն բան ստվերում պահել»,- նշեց նա: