կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-03 20:07
Քաղաքական

Պետությունն էլ է հասկացել՝ հանրային դժգոհությունները պետք է փարատել. Միքայել Մելքումյան

Պետությունն էլ է հասկացել՝ հանրային դժգոհությունները պետք է փարատել. Միքայել Մելքումյան

Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով: Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ Սարգսյանը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի, «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում` 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Այսօր էլ համապատասխան հանձնարարականներ տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը;

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պետությունն էլ է հասկացել՝ հանրային դժգոհությունները պետք է փարատել, և այդ ֆինանսական հոսքերն արդեն պետք է ուղղվեն մի մասով բյուջե, մի մասով՝ համայնք:

Պատասխանելով դիտարկմանը՝ մի շարք հանձնարարականներ են տրվել, որոնք կնպաստեն, որ միջոցները խնայվեն, և հարցին` փաստորեն, մինչ այդ միջոցները վատնվե՞լ են, պատգամավորը պատասխանեց. «Եկեք կինոն, ինչպես միշտ, սև ու սպիտակ գույներով չնայենք, եկեք գույնզգույն նայենք: Նախ ասեմ վատնել-չվատնելու մասին. այն միջոցառումները, որոնք վերաբերում են արագաչափերին, տեսանկարահանող սարքերին, կարմիր գծերին, ըստ էության ուղղված են կարգավորելու այդ դաշտը: Չեմ ուզում խորանալ և ասել՝ ինչ էր մինչ այդ»:

Ըստ նրա` ոստիկանության, քաղաքապետարանի հետ կնքվել էին համապատասխան պայմանագրեր՝ համապատասխան օպերատորների հետ, որոնք այդ ծառայությունները պետք է մատուցեին: «Դա հասարակական-հանրային լուրջ դժգոհություններ է առաջացրել: Եթե հիշում եք՝ երկուշաբթի ես փոխոստիկանապետ Եղիազարյանին հարցրեցի՝ բիզնես պրոյեկտներն իրենց ներդրումային ետգնման ժամկետներով արդեն հե՞տ են գնվել: Այսինքն՝ այն բիզնես-օպերատորները, որոնք պետք է մատուցեին այդ ծառայությունները, արդեն հե՞տ են ստացել իրենց ներդրած գումարը, և մե՞ծ են շահույթները»,- ասաց Մելքումյանը՝ հավելելով. «Այո, մենք համոզվեցինք, որ ետ են վերցրել, ահագին էլ շահույթ են ստացել, և հիմա արդեն ժամանակն է, պետությունն էլ հասկացավ, որ այդ ֆինանսական հոսքերը պետք է ուղղվեն մի մասով բյուջե, մի մասով՝ համայնք»:

Անդրադառնալով ժողովրդի դժգոհություններին՝ կապված տուգանքների չափերի հետ, պատգամավորը կրկին հիշեցրեց իր հարցը ոստիկանապետի տեղակալին և ասաց, որ իրեն տեղեկացրել են՝ տուգանքները շատ մեծ են: