Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Գյումրին պաշտոնապես հռչակվեց 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք:
ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա մի հաջողություն է, որին հեշտ չէր հասնել, եւ որի իրականացմանը երկար են սպասել: Ըստ նրա` ծրագրի հիմնական նպատակը Գյումրու եւ հայ մշակույթի վրա օտարերկրացիների ուշադրությունը սեւեռելն է:
«Գյումրին միշտ էլ մշակութային երկիր է եղել, չէ՞ որ հայտնի մշակութային գործիչներից շատերը ծնունդով Գյումրիից են: Սա նաեւ հիանալի առիթ է գյումրեցիների համար` տեսնել, թե դրսի մշակութային կյանքում ինչ է կատարվում, քանի որ ծրագրի շրջանակներում Գյումրի են ժամանելու մի շարք հայտնի մշակութային գործիչներ»,- ասաց Սմբատյանը:
Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանն էլ, իր հերթին, նշեց, որ պատահական չէ, որ Գյումրին մշակութային մայրաքաղաք է հռչակվել, քանի որ աշխարհին հայ ժողովուրդը ներկայանում է իր պատմությամբ եւ մշակույթով:
Ըստ նրա` գաղտնիք չէ, որ մենք` հայերս, մեր պատմության ամենադժվար պահերին էլ ստեղծագործել եւ արարել ենք. «Մենք ճանաչելի ենք ամեն ինչում փիլիսոփայություն դնելու եւ արվեստի` գեղեցիկ մատուցմամբ: Գյումրեցու ցավը վերջապես կփարատվի»:
ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոկտասսին Բուզոբաեւը նշեց, որ Հայաստանի մշակույթը, անխոս, չես կարող համեմատել Ղազախստանի մշակույթի հետ, քանի որ, ինչպես կատակով նշեց նա, հայերն ամեն ինչ ստեղծել են քարից, որը սերնդեսերունդ փոխանցվել եւ պահպանվել է, իսկ Ղազախստանում ծառն է եղել հումքը, որը ժամանակի ընթացքում մաշվել-կորել է. «Մշակույթը կարեւոր գործոն է, որն անպայմանորեն պետք է պահպանել եւ փոխանցել հաջորդներին»:
Ի դեպ, ծրագրի շրջանակներում կանցկացվի 45 միջոցառում, իսկ ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին: