|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Այսօր` կառավարության նիստից առաջ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ավանդույթի համաձայն, հնչեցրեց ամենակարևոր հանձնարարականները: Նա նախ անդրադարձավ երեկ ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահը երեկ խորհրդակցություն էր անցկացրել ոստիկանության, քաղաքապետի, «Սեքյուրիթի դրիմ» և այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ` քննարկելու արագաչափերի, տեսանկարահանող սարքերի, ճանապարհային երթևեկության հետ կապված խնդիրները: Այդ խորհրդակցության ժամանակ որոշվեց, որ մասնավորին պատկանող ֆինանսական հոսքերը և գործառույթների կառավարումը այսուհետ անցնում են պետությանը և համայնքներին:
Դրա հետ կապված հանձնարարական ուներ ՀՀ վարչապետը: Նա հանձնարարեց ոստիկանապետին` ըստ անհրաժեշտության ներգրավելով արդարադատության ու ֆինանսների նախարարություններին, բանակցել «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ-ի հետ և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները՝ ֆինանսական հոսքերի ամբողջական տնօրինումը և կառավարումը, անցնեն պետական կառույցներին:
Վարչապետը հանձնարարեց ֆինանսների ու արդարադատության նախարարներին` աջակցել Երևանի քաղաքապետին «Պարքինգ Սիթի Սերվիս» ընկերության հետ բանակցություններում և մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները և ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումն ու տնօրինումը անցնեն համայնքային կառույցներին: