Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ազգային ժողովի պատվիրակությունը 2 օր գտնվել է Արցախում, հանդիպումներ ունեցել բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ, ԼՂՀ նախագահի, ԱԺ նախագահի, զինվորների հետ, առանձին հանդիպում է եղել Վիտալի Բալասանյանի հետ:
Այսօր լրագրողների հետ զրույցում պատվիրակության ղեկավար, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց այցի մանրամասները: Նրա խոսքով՝ ՀՀ-ի, Արցախի իշխանությունների, հասարակությունների կարծիքը Արցախի խնդրի լուծման շուրջ մեկն է՝ Արցախը պետք է ապահովված լինի անվտանգ ապագայով, ու ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
Շարմազանովի համոզմամբ՝ Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի ապրիլյան պատերազմից հետո որոշակի շտկումներ անելու և բարեկարգման խնդիրները լուծելու համար:
Խնդիրներից առաջինը, ըստ նրա, զինվորական բնույթի է, սակայն արդեն ապրիլյան պատերազմից հետո 3-րդ անգամ է առաջանագծում եղել և համոզվել, որ առաջնագիծն ամբողջությամբ ապահովված է ռազմատեխնիկական սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են սահմանագծում կայունություն ապահովելու համար:
«Զինվորների, սպաների մարտական ոգին ու մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա են»,- ասաց Շարմազանովը:
Սակայն նա մի մտահոգիչ խնդիր մատնանշեց՝ Թալիշի վերաբնակեցումը, որը քննարման առարկա է եղել այս այցի ընթացքում, ու որոշվել է, որ հարկ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, առաջին քայլն էլ Թալիշի դպրոցի ու մանկապարտեզի վերականգնման համար ֆոնդ բացելն է:
«Եթե մենք ուզում ենք ապրել ազատ ու անկախ հայրենիքում, մենք պետք է յուրաքանչյուր պահի պատրաստ լինենք պատերազմի: Սա չի նշանակում, որ վաղը պատերազմ է սկսվելու, սակայն Ադրբեջանի ցանկությունն էլ այն է, որ նմանատիպ դիվերսիոն գործողություններով ու ավանատյուրաներով այնպես անի, որ մեր ու Ղարաբաղի սահմանամերձ շրջանների բնակչությունը քչանա: Նրանց նպատակը չի իրականանալու, մենք շատանալու ենք»,- շեշտեց Շարմազանովը:
Ըստ նրա` Հայաստանի ու Արցախի հասարակությանը պետք է միավորում, քանի որ դա Արցախի հարցը չէ, դա հայկական հարցն է: «Յուրաքանչյուր հայի հայացք պետք է ուղղված լինի դեպի Արցախը: Պարտադիր չէ, որ պատերազմ լինի, որ ընդդիմությունն ու իշխանությունը միավորվեն, սփյուռքը միավորվի. մենք պատերազմի ժամանակ համախմբվում ենք, խաղաղ ժամանակ մոռանում ենք, պետք չի հանգստանալ, պետք է ամեն օր, ամեն պահի քայլեր կատարենք այդ ուղղությամբ»,- ասաց Շարմազանովը:
Նա հայտնեց, որ հստակ ծրագիր կա, նախագահ Սահակյանի կողմից հանձնարարականներ են տրվել, բոլոր պատգամավորները ներգրավված են Թալիշը վերաբնակեցնելու գործում, և յուրաքանչյուրը պիտի իր կողմից քայլ կատարի` այս խնդրի լուծման համար: