Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ Ադրբեջանը սանձազերծեց պատերազմ, հարձակվելով Արցախի երկու՝ հյուսիսարևելյան և հարավարևելյան սահմանին, հյուսիսում հակառակորդի հիմնական թիրախը դարձավ գեղատեսիլ մի գյուղ՝ Թալիշը, որն իր վրա վերցրեց առաջին մահացու հարվածները: Ավելին՝ ապրիլի 1-ի գիշերը հակառակորդին հաջողվեց մտնել Թալիշի ծայրամասերում գտնվող տներից մեկը, որտեղ նենգ վարձկանները գնդակահարեցին, ապա խոշտանգեցին տարեց ընտանիքին: Իհարկե, դրանից հետո դիվերսիոն խումբը ոչնչացվեց. նրանք չկարողացան խորանալ գյուղի տարածքում:
Թալիշի վրա հարձակվեցին գիշերը, երբ բոլորը քնած էին. գյուղն ինտենսիվ հրետակոծվել է, պայթել են արկեր, անգամ` «Սմերչ» է կիրառվել: Բարեբախտաբար, հաջողվել է կանանց, երեխաների ու ծերերի տարհանումն այնպես կազմակերպել, որ զոհեր չլինեն, մնացածներին հաջողվել է թաքնվել ապաստարաններում, նկուղներում: Լուսանկարները պատմում են ամեն ինչ՝ ավերված տներ, վառված ավտոմեքենաներ, սատկած անասուններ, բաց դարպասներ, դռներ, փշրված լուսամուտներից ճոճվող վարագույրներ, անտեր մնացած ու մոլորված ընտանի կենդանիներ…
Թալիշը ծանր ճակատագիր ունի. 22 տարի առաջ ազատագրվեց, այդ ժամանակ էլ գյուղը հիմնահատակ ավերվել էր ու թալանվել: Բայց գյուղը ուժ գտավ իր մեջ` վերաբնակեցվելու ու ծաղկելու: Այսօր 567 բնակիչ ունեցող Թալիշում մնացել են հատուկենտ ընտանիքներ: Նրանք էլ ամեն օր բեռնատարներով տեղափոխում են տան ամենաանհրաժեշտ իրերը, հնարավորության դեպքում՝ ընտանի կենդանիներին ու հեռանում, որովհետև առ այսօր Թալիշը գտնվում է հակառակորդի հատուկ նշանառության տակ, կրակոցները չեն դադարում, ունենք զոհված ու վիրավորված զինվորներ: Եվ միայն մեկ բան է հոգեբանորեն ազդում ու հուսահատեցնում հրամանատարներին` գյուղը դատարկ է:
«Գյուղը պաշտպանում է մեր բանակը, բայց գյուղի բնակիչները չկան, խանութը՝ փակ, դա մեզ հունից հանում է: Ախր թշնամու աչքը պիտի հանենք մեր ապրելով, մեր տոկունությամբ, մեր ուղղված մեջքով»,- Yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ ՊԲ փոխգնդապետներից մեկը:
Սակայն բոլորն էլ հավատում են, որ Թալիշը դեռ կվերածնվի, բնակիչները կվերադառնան, և հետևություններ անելուց, անհրաժեշտ դասեր քաղելուց ու պետության մեջքը շտկելուց հետո, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությանն ապավինելով, 567-ին մեկ զրո կավելանա: Իսկ Թալիշի պաշտպանությունն այնքան կամրանա, որ բարբարոսների մտքով երբեք չի անցնի փորձ անել ներխուժել հերոսական գյուղ: