կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-31 14:49
Քաղաքական

Մեկ անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը դժգոհել է Ռուսաստանից. Ազատ Արշակյան

Մեկ անգամ չէ, որ Սերժ Սարգսյանը դժգոհել է Ռուսաստանից. Ազատ Արշակյան

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ալ Ջազիրա»-ին տված հարցազրույցում, անդրադռանլով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառվելու փաստին, ասել էր. «Իհարկե, եթե մենք լինեինք, մենք երբեք մեզ թույլ չէինք տա մեր դաշնակցի հետ հակամարտող կողմին զենք վաճառել»: Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը և նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն անդրադարձան նախագահի այս հայտարարությանը:

«Մեկ անգամ չէ, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ մենք դժգոհ ենք Ռուսաստանից Ադրբեջանին զենք վաճառելու համար: Հենց առիթ եղել է, Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր դաշնակիցն իրեն չի պահում դաշնակցի պես»,- ասաց Արշակյանը:

Ըստ նրա` Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ: «Հայաստանի պրոբլեմներն առաջացել են Լենին-Աթաթուրք պայմանագրից բխող բոլոր կանոններից` և' բլոկադան, և' տնտեսական ճնշումները, և' ռազմական անվտանգության համակարգը բոլորը պարտադրված են ռուս-թուրքական դաշինքով»,- ասաց Արշակյանը:

Նրա խոսքով` մենք պատանդ ենք այդ երկու տարածաշրջանային տերությունների ձեռքում /Ռուսաստան, Թուրքիա խմբ./, և որ Սերժ Սարգսյանը դա է ասել, որ` մենք ճար չունենք:

Իսկ Գագիկ Մելիքյանը նշեց, որ նախագահը, իրոք, միշտ նշել է այդ մտահոգությունը, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում ու ոչ թե 50 միլիոնի, այլ 5 միլիարդի` վերջին 10 տարվա ընթացքում: «Զենքի վաճառքը Ադրբեջանին ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Բելառուսի, Ղազախստանի, Ուկրաինայի, մյուս դաշնակիցների, ինչպես նաև Իսրայելի կողմից մեզ միշտ մտահոգել և մտահոգում է, այդ թվում` նաև Թուրքիայի կողմից վաճառած զենքը»,- ասաց նա:

Մելիքյանի կարծիքով` նման ռազմատեխնիկական համագործակցությունն այդ երկրների միջև դեռևս շարունակվելու է: «Բերեք ընդունենք նաև, որ մեր դաշնակիցը` Ռուսաստանը, մեզ նաև զինում է ամենաժամանակակից զենքերով, այդ թվում` նաև որպես ՀԱՊԿ անդամ»,- նշեց նա` հավելելով, որ Ռուսաստանի շնորհիվ է, որ մենք կարողանում ենք տարածաշրջանում պահպանել ռազմական հավասարակշռությունը: