կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-26 20:01
Առանց Կատեգորիա

Երբ Ռուսաստանին կարելի է շնորհակալ լինել...

Երբ Ռուսաստանին կարելի է շնորհակալ լինել...

Եվրասիական զարգացման բանկը հրապարակել է իր կողմից ամեն տարի իրականացվող՝ ԱՊՀ  երկրներում ինտեգրացիոն նախընտրությունների «Ինտեգրացիոն բարոմետր» հետազոտության արդյունքները, որոնք Հայաստանի մասով ուշագրավ նոր միտումներ են արձանագրել: Մասնավորապես` անցնող տարվա ընթացքում արձանագրվել է Ռուսաստանի` որպես բարեկամական երկրի ընկալման կտրուկ նվազում: Եթե անցած տարի հայաստանցիների 86 տոկոսն էր կարծում, որ Ռուսաստանը միանշանակ բարեկամ երկիր է, ապա այս տարի այդպես է մտածում մարդկանց 69 տոկոսը: Փաստորեն, անկում է արձանագրվել 17 կետով, ինչը չափազանց մեծ ցուցանիշ պետք է համարել` մեկ տարվա կտրվածքով: Այս միտումը նույնությամբ կրկնվում է Ռուսաստանին ռազմաքաղաքական օժանդակություն ցուցաբերելու` հայաստանցիների պատրաստակամության ցուցանիշների կտրվածքով: Ըստ այդմ` եթե 2015թ. հայաստանցիների 46 տոկոսն էր կարծում, որ իր երկիրը պետք է անհրաժեշտության դեպքում ռազմաքաղաքական օժանդակություն ցուցաբերի Ռուսաստանին, ապա 2016թ. այդպես է կարծում Հայաստանում հարցվածների միայն 29 տոկոսը: 10 կետով նվազել է նաև Ռուսաստանից ռազմա-քաղաքական օժանդակություն ակնկալելու ցուցանիշը՝ 82 տոկոսից հասնելով 72-ի:

Հետազոտության արդյունքները  ցույց են տալիս, որ անկում է արձանագրվել նաև Ռուսաստանի և ռուսական կապիտալի նկատմամբ վստահության առումով: Եթե նախորդ տարի հայաստանցիների 46 տոկոսն էր ռուսական կապիտալի և ներդրումների ներհոսք ակնկալում, ապա այս տարի նրանց թիվը հասել է 38 տոկոսի: Սա այն դեպքում, երբ, օրինակ, ԵՄ-ից կապիտալի և ներդրումների ներհոսքի ակնկալիքի ցուցանիշները գրեթե չեն փոխվել: Դրանք շարունակում են մնալ 47-48 տոկոսի սահմաններում: 

Ուշագրավ է մեկ կարևոր հանգամանք` հետխորհրդային գրեթե բոլոր երկրներում արձանագրվել է եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին աջակցության մակարդակի անկում: Սակայն եթե մնացած երկրներում դա տեղի է ունեցել, այսպես կոչված, անտարբերների տեսակարար կշռի ավելացման պատճառով,  ապա Հայաստանում այդ անկումն արձանագրվել է բացասական գնահատական տվողների կամ բացասաբար տրամադրվածների թվի աճով: Սա նշանակում է, որ հայաստանցիներն իրենց կենսամակարդակի վրա եվրասիական ինտեգրացիայի և դրանում Հայաստանի ներգրավվածության ազդեցությունը գնահատում են բացասական՝ չնայած պաշտոնական մակարդակով, մասնավորապես` ԵԱՏՄ-ից դրական ակնկալիքների մասին արվող պարբերական հայտարարություններին:

Հայաստանի մասով Եվրասիական զարգացման բանկի կատարած հետազոտության արդյունքները թույլ են տալիս անել երկու հիմնական եզրակացություն: Առաջին՝ քանի որ կտրուկ շեղումներն արձանագրվել են հատկապես 2016թ. ընթացքում, ակնհայտ է, որ հասարակության տրամադրությունների վրա շրջադարձային ազդեցություն են ունեցել առաջին հերթին ապրիլյան պատերազմը, այդ և դրան հաջորդող օրերին Ռուսաստանի, մեղմ ասած, տարօրինակ պահվածքը և Մոսկվայից հնչած հայտարարություններն ու գործողությունները, սպառազինության ռուս-ադրբեջանական խոշորածավալ առևտուրը: Բացի դրանից` թերևս էական են եղել նաև ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի հանդեպ ոչ իրավահավասար և ոչ արժանապատիվ վերաբերմունքի դրսևորումները, թե' մեկում ու թե' մյուսում գործընկեր համարվող երկրների կողմից Հայաստաին վերաբերող հարցերում առավելապես Ադրբեջանի շահերը հարգելու սկզբունքով առաջնորդվելու հանգամանքը: Այս տեսանկյունից` հայաստանյան տրամադրությունների փոփոխությունը տեղի է ունենում ոչ թե երրորդ կողմի «դավադրական» խաղերի, ազդեցության գործակալների պատճառով, այլ բացառապես Ռուսաստանի թույլ տված լրջագույն սխալներով:         

Երկրորդը, որն, ըստ էության, նախորդի անմիջական հետևանքն է, այն է, որ արտաքին քաղաքական կողմնորոշումների առումով Հայաստանում տեղի են ունենում աշխարհայացքային կարևոր տեղաշարժեր, որոնք ուղեկցվում են ավանդական կարծրատիպերի ջախջախման աներևույթ գործընթացով: Ռուսաստանն այլևս չի ընկալվում որպես Հայաստանի բնական և անվերապահ դաշնակից և հովանավոր, ինչը մինչև հիմա ստիպում էր համակերպվել Հարավային Կովկասում և Հայաստանում այդ երկրի կողմից վարվող՝ Հայաստանի շահերը շրջանցող կամ շահագործող քաղաքականության հետ: Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանին Հայաստանում չեն վստահում այն պատճառով, որ հասարակությունը դաշնակցի դերում սկսել է տեսնել ուժային այլ կենտրոնների, օրինակ՝ ԱՄՆ-ին կամ Եվրամիությանը և, ի դեմս նրանց, Ռուսաստանին փոխարինող է գտել: Ինչպես վերոնշյալ հետազոտությունն է ցույց տալիս, մասնավորապես` ռազմատեխնիկական աջակցություն ստանալու, տնտեսության ոլորտում արտաքին կապիտալի ներգրավման ակնկալիքների առումով այդ կենտրոնների նկատմամբ հանրային վերաբերմունքը, նախորդ տարիների համեմատ, որևէ էական փոփոխություն չի կրել: Այսինքն` հայաստանցիները չեն ուզում Ռուսաստանին փոխարինել մեկ այլ երկրով կամ աշխարհաքաղաքական սուբյեկտով: Նրանք պարզապես աստիճանաբար հրաժարվում են հովանավորներին ապավինելու աշխարհընկալումից և ցանկանում են թե' տնտեսական և թե' քաղաքական առումով դիվերսիֆիկացիա իրականացնել:

Հայաստանյան հասարակության մոտ սկսում է ամրապնդվել ու համոզմունքի վերածվել սեփական ուժերին և սեփական ռեսուրսներին ապավինելու գիտակցումը: Միջին վիճակագրական հայաստանցին սկսում է քաղաքական հարցերում մի կողմ դնել լավի ու վատի, սիրո և ատելության, հավերժական բարեկամի ու թշնամու, հավերժ նվիրվածության բարոյական-զգայական կատեգորիաները և իրողություններին մոտենալ ավելի պրագմատիկ, ավելի սթափ գնահատականներով: Ռուսաստանը, ԱՄՆ-ը կամ ԵՄ-ն սկսում են ընկալվել ոչ թե որպես բարեկամներ կամ թշնամիներ, այլ աշխարհաքաղաքական խոշոր խաղացողներ, որոնք ունեն Հայաստանում և տարածաշրչջանում խաչվող, երբեմն հակադրվող, երբեմն համընկնող շահեր: Եվ Հայաստանի խնդիրը ոչ միայն հընթացս այդ հարաբերությունների ճշգրիտ ախտորոշում տալն է, այլ նաև դրա հիման վրա  սեփական շահեր պաշտպանելու, սեփական ազգային, պետական անվտանգությունն ապահովելու ճկուն բանաձևեր գտնելը: Եվ այս իմաստով, որքան էլ ծանր գին է վճարվում, այնուամենայնիվ, Ռուսաստանին պետք է շնորհակալություն հայտնել Հայաստանը և հայաստանցիներին խորքային ձևով այդպես էլ ճանաչել չկարողանալու համար:

Գևորգ Դարբինյան