կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-24 20:07
Առանց Կատեգորիա

Ադրբեջանը Ստեփանակերտին ստիպում է նախահարձակ լինել

Ադրբեջանը Ստեփանակերտին ստիպում է նախահարձակ լինել

Հոկտեմբերի 20-ի դիվերսիոն հարձակումը ԼՂ առաջնագծի դիրքերի վրա և, ենթադրաբար, դրանով սրացման նոր շրջափուլ թևակոխող լարվածությունը դեռ այս տարվա հունիսին թույլ տված դիվանագիտական սայթաքման հետևանքն է: Պաշտոնական Երևանը սխալվեց այն ժամանակ, երբ մայիսին Վիեննեայում երեք հայտնի պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո, առանց դրանց կատարման, Սանկտ Պետերբուրգի  գագաթաժողովում համաձայնեց, այդ պայմանավորվածություններից բացի, քննարկել նաև բուն կարգավորման գործընթացը, այսինքն` երբ հրաժարվեց ապրիլից մինչ այդ պահը կիրառվող իր նախապայմանային մարտավարությունից: Հենց այդ ժամանակ Երևանը ներշնչեց Բաքվին, որ կարող է Ռուսաստանի օգնությամբ ստիպել Հայաստանին և մյուս համանախագահներին` մոռանալ հրադադարի ռեժիմը սահմանագծին ամրապնդելու` իր ստանձնած կոնկրետ պարտավորությունների կատարման մասին:

Քանի դեռ Ադրբեջանը բավարարվում էր շփման գծում հրադադարը միայն հրազենային միջոցներով խախտելով և ինչ-որ չափով պահպանում էր հարաբերական կայունությունը, հայկական կողմը, քաղաքական, դիվանագիտական առումով, կաշկանդված էր Սանկտ Պետերբուրգում թույլ տված սայթաքումը սրբագրելու հարցում: Սակայն թե' ԼՂ-ին նախկին ԼՂԻՄ-ի կարգավիճակը շնորհելու մասին Ալիևի հայտարարությամբ և թե', հատկապես, դիվերսիոն հարձակումները կատարելով, Բաքուն Երևանին, կամա, թե ակամա, ընձեռում է այդ սխալն ուղղելու հնարավորություն: ԼՂ կարգավորման հարցով որևէ բանակցություն՝ առանց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կատարելու, այլևս նշանակելու են վերջնականապես ընկնել ալիևյան թակարդը: Ըստ էության՝ Սարգսյան-Ալիև որևէ նոր հանդիպում ընդունելի կարող է լինել միայն այն դեպքում, եթե հանդիպման օրակարգում այդ պայմանավորվածությունների կատարման մեխաիզմների, ժամկետների հստակեցման հարցերն են և ոչ ավելին: Եթե Ալիևը կարող է իրեն թույլ տալ միջազգային հանրության, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Հայաստանի հետ խոսել ուլտիմատումների լեզվով, ապա Հայաստանն ու Արցախն առավել քան ունեն այդ իրավունքը: Ի վերջո, հրադադարի համաձայնագրերը ոչ թե իրենք են խախտել, այլ Ադրբեջանը, և ոչ թե իրենք են հրաժարվում հրադադարի ռեժիմի ամրապնդման ստանձնած պարտավորությունների կատարումից, այլ Ադրբեջանը: 

Հոկտեմբերի 22-ին Երևանում կայացել է Հայաստանի և ԼՂՀ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հաղրոդագրության մեջ շեշտվում է, որ ԼՂ հիմնահարցը նրանք քննարկել են Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: Ուշագրավ է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ Բաքվից Երևան և Ստեփանակերտ ժամանելու նախօրեին: Պետք է ենթադրել, որ այն առաջնահերթորեն հետապնդում է համանախագահների հետ բանակցություններում Երևանի և Ստեփանակերտի միասնական դիրքորոշումը ձևակերպելու նպատակ: Փաստը, որ հանդիպումն ընթացել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների համատեքստում, թույլ է տալիս ենթադրել, որ դիրքորոշումների նույնացումը վերաբերում է առաջին հերթին այդ պայմանավորվածությունների կատարումը որպես որևէ նոր բանակցության նախապայման ներկայացնելուն: Եթե Բաքուն չի ցանկանում դրանք կատարել, ուրեմն ցանկացած դեպքում իմաստ չկա մտնելու բանակցությունների մեջ, որովհետև մնացած բոլոր տարբերակներում Բաքուն գործում է պատերազմի տրամաբանությամբ: Իսկ պատերազմին նախապատրաստվում են, ոչ թե ապավինում անիմաստ բանակցություններին:

Այս իմաստով պետք է հատկանշական համարել հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ ԼՂՀ կատարած այցը: Բացի նրանից, որ դա տեղի ունեցավ համանախագահների այցի նախօրեին, թերևս` ոչ պատահականորեն, պաշտոնապես տեղեկացվեց, որ այցը կայանում է «ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակներում»: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ նախարար Սարգսյանը քննարկել է  հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նախանշվել են պաշտպանական ոլորտում իրականացվելիք հետագա աշխատանքների կարևորագույն  ուղղությունները: Սա կարևոր ուղերձ պարունակող այց է:

Դեռ ապրիլյան պատերազմի օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին հանձնարարեց մշակել Հայաստանի և Արցախի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը: Բայց այն կասեցվեց՝ փաստացի Վիեննայի գագաթաժողովում հայկական կողմի ձեռք բերած դիվանագիտական դիրքային լուրջ առավելության պատճառով: Հիմա, երբ Բաքուն ամեն ինչ անում է այդ առավելությունը չեզոքացնելու համար և հետևողականորեն վերադառնում պատերազմի հռետորաբանությանն ու քաղաքականությանը, Երևանը միջնորդներին փաստացի հասկացնում է, որ կրկին օրակարգ է բերելու Արցախի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիր ստորագրելու հարցը, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ԼՂՀ-ի դե յուրե ճանաչում և ուղղակիորեն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ մտնելու իրավական հիմքերի ստեղծում:

Որ հայկական կողմն իսկապես աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումը՝ ավելի ու ավելի հակվելով զիջումների չգնալու մոտեցմանը, հաստատեց նաև հոկտեմբերի 21-ին Ստեփանակերտում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությունը, ըստ որի՝ «...մենք միշտ պետք է պատրաստ լինենք արձագանքելու, արձագանքելու` ինչպես հակահարված հասցնելով, այնպես էլ պատժիչ միջոցառումներով՝ այդպիսի փորձերի (դիվերսիոն ներթափանցումների-հեղ.) ցանկությունը կանխելու համար»: Փաստորեն, ՀՀ պաշտպանության նախարարը խոսում է հակառակորդի դեմ պատժիչ գործողություններ իրականացնելու հնարավորության մասին: Սա նշանակում է, որ թերևս, անակնկալի բերելու հերթը հայկական բանակինն է, մանավանդ, որ ապրիլին խախտված բնագծերը վերականգնելու խնդիր կա: Ալիևն ինքն է իր անպատասխանատու և անադեկվատ վարքագծով տալիս այդ քարտ բլանշը հայկական կողմին, և դրանից չօգտվել չի կարելի:

Գևորգ Դարբինյան