կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-25 13:02
Հասարակություն

7 տուֆակերտ հարթաքանդակներ` Երեւանից Ստեփանակերտին

 7 տուֆակերտ  հարթաքանդակներ` Երեւանից Ստեփանակերտին

Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին ներկա է գտնվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերված տուֆակերտ 7 հարթաքանդակների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Հարկ է նշել, որ սույն ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը ներկա Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը նշել է, որ դրանցից յուրաքանչյուրն արտացոլում է մանրանկարչական մոտիվներ և առանձնակի խորհուրդ ունի իր մեջ: Իր և բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` գեղեցիկ հարթաքանդակները Ստեփանակերտին նվիրելու համար, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ դրանք, ըստ թեմատիկ առանձնահատկության, կտեղադրվեն ԼՂՀ մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին նկատել է, որ դրանք բոլորը միասին վերցրած, ըստ էության, Ստեփանակերտում Երևանի միասնական ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայությունը կդառնան:

Ի դեպ, դեռևս 2014թ. այս նախաձեռնության շրջանակում Արցախի մայրաքաղաքին արդեն իսկ նվիրաբերվել էր ևս 7 տուֆակերտ քանդակ, որոնք իրենց ուրույն տեղն են գտել Ստեփանակերտի տարբեր հատվածներում:

Երևանի քաղաքապետարան