կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-24 15:13
Տարածաշրջան

Էրդողանին հրավիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին

Էրդողանին հրավիրել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին

Նոյեմբերի 13-ին Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում կկայանա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Աղետ» ստեղծագործության համերգը:

Ինչպես տեղեկացնում է Պոլսում հրատարակվող հայկական «Ակօս»-ը, համերգին հրավիրվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հրավիրյալների թվում են նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն:

Համերգից հետո կկայանա նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միության բացման արարողությունը:

«Ակօս»-ը ներկայացրել է նաև Էրդողանին ուղղված հրավերի տեքստը, որում մասնավորապես ասվում է. «Գերմանա-թուրք-հայկական բարեկամության համայնքը, այս երեք երկրների արվեստագետներին մեկտեղելով, նպատակ ունի արվեստի միջոցով համագործակցություն ստեղծել: Այս համագործակցությամբ ցանկանում ենք քննարկել, թուրքական և հայկական անցյալի համատեղ վշտերը, դրանց՝ այսօրվա վրա ազդեցությունն ու մտածելակերպի տարբերությունները: Հավատալով, որ համատեղ երկխոսությունը գեղեցիկ ապագայի հարցում դրական ազդեցություն կունենա, ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր կողքին»:

Էրդողանի՝ համերգին մասնակցել-չմասնակցելու մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում: