Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռուսական РИА Новости-ին տված հարցազրույցում ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ ուշագրավ հայտարարություններ է արել: «Տարածաշրջանը (նկատի ունի Արցախը-հեղ.) կարող է դառնալ ինքնավար հանրապետություն: Խոհեմ փոխզիջումը հնարավոր է. ԼՂ-ի բնակչության անվտանգության, կենսագործունեության, ինքնավարության ապահովում, Ադրբեջանի կողմից տարբեր ներդրումային ծրագրերի իրականացում, երկու ժողովուրդների խաղաղ գործակցություն՝ ԼՂԻՄ–ի կազմից դուրս տարածքների ազատման պայմանով: Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում փոխզիջում չի կարող լինել»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չի գնա ԼՂ-ի անկախության ճանաչմանը: Նա նաև հայտարարել է, թե չնայած ներկայումս նման պլաններ չկան, սակայն չի կարելի բացառել ապագայում Ադրբեջանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին: «Ինտեգրման գնալու համար հարկավոր է տնտեսական, սոցիալական կամ ցանկացած այլ մոտիվացիա: Մենք ներկայումս աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է նա:
Ըստ էության՝ Ալիևն առաջարկում է զրոյացնել անցած` գրեթե 30 տարիները և վերադառնալ 1988թ. ստատուս քվոյին. Արցախը ԼՂԻՄ սահմաններում վերադառնում է Ադրբեջանի կազմում ինքնավարության իր նախկին կարգավիճակին, դրան հարակից բոլոր շրջանները, որոնք ներկայիս Արցախի Հանրապետության մաս են կազմում, հանձնվում են Ադրբեջանին: Դրա դիմաց Բաքուն, ուշադրություն դարձնենք, խոստանում է ապահովել այդ տարածքում հայ ազգաբնակչության խաղաղ գոյակցությունը: Այսինքն` կոմպրոմիսը Ալիևը տեսնում է ոչ թե նույնիսկ ինքնորոշման իրավունքի իրացման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև, այլ Ադրբեջանում արցախահայերի ֆիզիկական գոյության հետ Բաքվի համակերպման:
Թեև գործ ունենք ալիևյան նույն մաքսիմալիզմի հետ, սակայն հարկ է ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի: Նախ՝ Ալիևի այս հայտարարություններն ամբողջությամբ դուրս են ԼՂ հարցով բանակցային գործընթացի տրամաբանությունից և ուղղակիորեն հակասում են Մադրիդյան սկզբունքներին, որոնք, որպես բանակցությունների հիմք, Բաքուն համարել էր ընդունելի: Այդ սկզբունքների վերջին խմբագրություններում կամ աշխատանքային հրապարակված տարբերակում փաստացի խոսքը գնում է ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակի շնորհման և, որ ավելի էական է, արցախցիներին ինքնորոշման՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամաարտահայտման իրավունքի ընձեռնման մասին: Չնայած ինքնին այն փաստը, որ դրանում ժամկետների հարցը թողնվում էր անորոշ ապագայի, արդեն անընդունելի է դարձնում Մադրիդյան սկզբունքները, սակայն գոնե ինքնորոշման իրավունքի մասին այնտեղ խոսվում էր: Հիմա, փաստորեն, Ալիևն ասում է, թե համաձայն չէ նույնիսկ այդ աղավաղված իրողությանը, որովհետև Բաքուն արդեն արցախցիների փոխարեն որոշում է, որ նրանք պետք է լինեն Ադրբեջանի կազմում և ունենան միայն սահմանափակ ինքնավարություն: Սա ոչ միայն Մադրիդյան սկզբունքները, այլև, առհասարակ, բանակցային ներկայիս գործընթացը մերժելու բացահայտ դեմարշային ակտ է Ադրբեջանի նախագահի կողմից: Նա և' Հայաստանին, և' միջազգային հանրությանը ուլտիմատում է ներկայացում` կա'մ Արցախը Ադրբեջանի կազմում է, կա'մ խաղաղ բանակցային գործընթաց չի լինելու, հետևաբար` այլընտրանքը պատերազմն է:
Դրանքով Ալիևը, փաստացի հրապարակայնորեն հրաժարվում է նաև այս տարվա մայիսին Վիեննայում և հունիսին Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք, հիշեցնենք, վերաբերում էին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով հրադադարի խախտման դեպքերն արձանագրող տեխնիկական միջոցների տեղակայմանը, ԵԱՀԿ գործող նախագահի մոնիթորինգային թիմի կազմի ընդլայնմանը, որովհետև այդ միջոցառումները նախատեսվում էին ռազմական գործողությունների բացառման և խաղաղության երաշխավորման պայմաններում բանակցային գործընթացի բնականոն շարունակման համար: Եթե Բաքուն հրաժարվում է բանակցություններից և նախընտրում խոսել ուլտիմատումների լեզվով, այդ բոլոր կանխարգելիչ միջոցառումները դառնում են անիմաստ:
Ուշագրավ է, որ Ալիևն այս` գրեթե բացահայտ ուղերձները միջազգային հանրությանը հղում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ մոտ օրերս հակամարտության գոտի այցելության նախօրեին: Սա ակնարկ է, որ Բաքուն պատրաստ չէ խոսել վիեննական և սանկտպետերբուրգյան պայմանավորվածությունների կատարման մասին: Դա է վկայում նաև Ալիևի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի այն հայտարարությունը, թե Բաքուն միջնորդներից և միջազգային հանրությունից հակամարտության կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր է պահանջում: Եթե նկատի ունենանք, որ Ալիևը կարգավորման ներքո հասկանում է բացառապես հայկական կողմի կատարյալ կապիտուլյացիան, ապա Մամեդովը տարածաշրջան եկող համանախագահներից պահանջում է միակողմանի ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ նրան այդ կապիտուլյացիային մղելու համար:
Պատերազմի հռետորաբանությանն աստիճանաբար վերադառնալու` Բաքվի այս մարտավարությունը, որն ուղեկցվում է շփման գծում խոշոր տրամաչափի դիպուկահարների կիրառմամբ, իրադրությունը դանդաղորեն լարելով, խոսում է երկու բանի մասին: Առաջին՝ եթե Ալիևն այսքան նյարդային կերպով բացառում է ԼՂ-ի անկախության ճանաչման հնարավորությունը, այն դեպքում, երբ այս փուլում նման` ուղղակի հրամայական չկա, նշանակում է` գտնվում է կա'մ արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման՝ ռեալիզացման տեսանկյունից խեղաթյուրված սկզբունքին համաձայնելու, կա'մ վիեննական և սանկտպետերբուրգյան պայմանավորվածություններից բխող իր պարտավորությունները կատարելու արտաքին` չերևացող ճնշման տակ: Հիմա, փաստորեն, Բաքուն բազմապատկված ջանքեր է գործադրում` դիմակայելու այդ ճնշմանը և դրա համար կրկին ապավինում է Ռուսաստանի աջակցությանը: Թերևս հենց այս համատեքստում պետք է ընկալել նրա թափանցիկ ակնարկը ԵԱՏՄ-ին Ադրբեջանի միանալու հնարավորության մասին:
Երկրորդ՝ որքան նյարդայնանում է Բաքուն, այնքան մեծանում է նոր մեկնարկային վիճակ առաջացնելու և ստատուս քվոն փոխելու նպատակով առաջացած փակուղին ռազմական նոր արկածախնդրությամբ ճեղքելու փորձի հեռակարը: Թեև ապրիլյան պատերազմից հետո Բաքուն այլևս չի կարող խաղարկել անակնկալի էֆեկտը, սակայն որևէ կասկած չկա, որ իրականության զգացումը կորցրած Ալիևից սպասելի է ամեն ինչ, եթե կարողանա աշխատեցնել Ռուսաստանին որսալու` ԵԱՏՄ-ին իր անդամակցության խայծը: Ալիևն իր այս հայտարարություններով էականորեն մեծացնում է նոր պատերազմի ռիսկը:
Գևորգ Դարբինյան