կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-25 16:19
Առանց Կատեգորիա

Վերջնագիր` հայերին

Վերջնագիր` հայերին

«Թուրք վրիժառուների բրիգադ» (TİT) կազմակերպությունը Թուրքիայում այլախոհ հայացքներով հայտնի «Էվրենսել» պարբերականի խմբագրությանը ներկայացրել է 6 կետից բաղկացած վերջնագիր, որում սպառնում է, որ եթե մինչև օգոստոսի 15-ը չփակվեն «Էվրենսել»-ի և «Ակօս»-ի  խմբագրությունները, ինչպես նաև հայերն ու մի շարք թուրք քաղաքական գործիչներ չլքեն Թուրքիան, կազմակերպությունը Ստամբուլում և Դիարբեքիրում արյունալի հարձակումներ կիրականացնի նրանց դեմ։

«Ձեր թերթում լույս տեսած հրապարակումներով շարունակում եք վիրավորել թուրքերին և թուրքական պետությանը։ Այդ պատճառով ձեզ ներկայացունում ենք այս վերջնագիրը.

1. Մինչև օգոստոսի 15-ը դուք և ձեր հետ համագործակցող անձինք պետք է լքեն թուրքական հողերը, ինչի մասին պետք է հայտարարեք մամուլով։

2. Քրդական բանվորական կուսակցության (PKK) պատգամավորները կամ համակիրներն ու գրոհայինները մինչև օգոստոսի 15-ը նույնպես պետք է լքեն թուրքական հողերը։

3. Հայկական սփյուռքն ու դրա կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը։

4. «Ակօս» թերթն ու նրա կողմնակից ԶԼՄ-ները պետք է փակվեն, և դրանց աշխատակիցները պետք է լքեն թուրքական հողերը։

5. «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդամետ կուսակցության գրասենյակները պետք է փակվեն, և կուսակցության կողմնակիցները պետք է լքեն թուրքական հողերը։

6. Բասքըն Օրանը (թուրք այլախոհ մտավորական, ով, ի թիվս այլոց, 2008թ. ձեռնարկեց հայերից ներողություն խնդրելու արշավը), Սեբահաթ Թունջելը (քուրդ պատգամավոր), Օսման Բայդեմիրը (Դիարբեքիրի քաղաքապետ), Ահմեթ Թուրքը (քուրդ պատգամավոր, Ժողովրդավարական հասարակության կոնգրեսի առաջնորդ), Էթիեն Մահչուփյանը (Zaman-ի հայազգի հոդվածագիր) և մյուսները մինչև օգոստոսի 15-ը պետք է լքեն թուրքական հողերը։

Եթե մինչև օգոստոսի 15-ը ներկայացված պահանջները չկատարվեն, Դիարբեքիրում, որտեղ քուրդ բնակչությունը մեծամասնություն է կազմում, գործողություններ ենք սկսելու և թշնամու տարրերին մեծ վնասներ ենք պատճառելու։ Նույն օրը Ստամբուլում գործողություններ ենք սկսելու հայկական տարրերի դեմ:

Որպես «Թուրք վրիժառուների բրիգադ»՝ վերջին անգամ ենք զգուշացնում։ Շարունակելու ենք մեր պայքարը մինչև հայրենիքի դավաճաններին և թուրքի թշնամիներին ոչնչացնելը»։

Ծայրահեղ ազգայնական «Թուրք վրիժառուների բրիգադ» կազմակերպությունը 1980թ. սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո դադարեցրել էր իր գործունեությունը։ Սակայն 90-ականներին նորից հայտնվեցին Թուրքիայի քաղաքական ասպարեզում: Կազմակերպությունը  սերտ կապերի մեջ է   պաշտոնաթող բարձրաստիճան զինվորականների, հանցավոր աշխարհի ներկայացուցիչների և JITEM-ի (թուրքական ժանդարմերիայի հետախուզության գաղտնի ստորաբաժանում) հետ: