Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թեեւ ՀԱԿ-ը ապրիլի 28-ի հանրահավաքում պետք է վճռական խոսք ասի, բայց դա եւս վերջնագիր չի լինելու: «Եթե չկատարվեն մեր պահանջները, ապրիլի 28-ը կդառնա իշխանության եւ ժողովրդի միջեւ ջրբաժանի օր»,- այսօրվա ասուլիսում նշեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Թե ի՞նչ են անելու ապրիլի 28-ին, դեռ չգիտեն. դարձյալ սպասում են ժողովրդի առաջարկներին: Բայց այդ օրը հնարավոր է ասեն, թե երբ է լինելու վերջնագրի օրը:
ԵՐԿԻՐ-ի այն դիտարկմանը, թե կարծես կատարվել է Ազատության հրապարակն «ազատելու» պահանջը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց, որ պահանջը կհամարեն կատարված, երբ այնտեղ միջոցառում անցկացնելու մասին բոլորի դիմումներն ընդունվեն ի գիտություն:
«Ապրիլի 8-ի հանրահավաքը մեծ հույսեր է արթնացրել ժողովրդի մեջ: Հանրահավաքից հանրահավաք մարդկանց թիվն աճել է եւ դառնում է համազգային»,- նշեց ՀԱԿ համակարգողը, իսկ լրագրողների դիտարկմանը, թե հանրահավաքը մասնակիցների թվով զիջում էր նախորդին, պատասխանեց, որ նման բան չի տեսել:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը երեկ կոչ էր արել վերջ տալ «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի միջեւ հակամարտությանը: Թեեւ ՀԱԿ քաղխորհրդում որոշում է կայացվել չպատասխանել որեւէ գործչի, եթե նա կոալիցիայի անդամ չէ, այնուամենայնիվ, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց Ստյոպա Սաֆարյանին. «ՀԱԿ-ը կոնֆլիկտ ունի միայն իշխանության հետ»:
Լեւոն Զուրաբյանը պատասխանեց «Ժառանգության» մեկ այլ ներկայացուցչի դիտարկումներին եւս: Այդ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ տեսակետ էր հնչեցրել, թե ՀԱԿ-ն ու իշխանությունը համաձայնություն են կայացրել արտահերթ ընտրությունների հարցում, եւ դա ձեռնտու է ՀԱԿ-ին, քանի որ հերթական ընտրությունների դեպքում ՀԱԿ-ից «կամուֆլյաժը» կմնա:
Լեւոն Զուրաբյանը հերքեց իշխանությունների հետ պայմանավորվածության մասին տեսակետը. «Ես կտրականապես հերքում եմ, նման բան չկա: Երկրում ծավալվում է անհաշտ պայքար բռնապետության եւ ժողովրդի շարժման միջեւ»:
Նա կրկնեց, որ իրենց համար առաջնայինը նախագահական ընտրությունն է, իսկ խորհրդարանական ընտրություններ կարող են եւ չլինել:
ՀԱԿ-ը, ըստ Լեւոն Զուրաբյանի, ցանկանում է խաղաղ ճանապարհով հարցը լուծել, բայց «սա պատերազմ է, եւ եթե ուզում ենք հասնել խաղաղության, պետք է պատրաստ լինենք պատերազմի»:
ՀԱԿ ներկայացուցիչը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց, որը կարող է դրսեւորվել թե՛ դեպի Բաղրամյան 26 երթի, թե՛ նստացույցի, թե՛ հարկերի չվճարման միջոցով: Իսկ հանրահավաքով, ըստ Լեւոն Զուրաբյանի, ժողովուրդը քաղաքացիական անհնազանդություն չի հայտնում: