Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2015թ. տարեվերջի դրությամբ` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կողմից հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: 2014-ին նրանց թիվը 7-ն էր: Սա պաշտոնական տվյալներն են, իսկ եթե մի պահ մտովի հիշենք, թե մենք քանի մուրացիկերեխա ենք ճանաչում, թիվը զգալիորեն կավելանա:
Այսօր Աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Տեսնենք` ՀՀ կառավարությունն ինչպես է պայքարում, որպեսզի Հայաստանում աղքատության մակարդակը նվազի:
Հիշեցնենք միայն, որ 2016-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ աղքատությունը 2015-ին նվազել է 2 տոկոսով:Նաև հավելեց, որ աղքատության հիմնական ռիսկային խումբը կենսաթոշակառուներն է են: Բնական է, չէ՞, որ եթե ռիսկային են համարվում թոշակառուները, պետք է հենց թոշակը բարձրանա: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2015-ի տարեվերջին կենսաթոշակառուների թիվը կազմել է 465 802 մարդ, իսկ կենսաթոշակառուներին նշանակված կենսաթոշակի միջին չափը կազմել է 40 441 դրամ: Նախորդ տարի միջին աշխատանքային կենսաթոշակի չափն ավելացել է 5000 դրամով: Աշխատանքային առաջին 10 տարվա ստաժի մեկ տարվա արժեքի ավելացումը կազմել է 100 դրամ, 10 տարուց ավելի յուրաքանչյուր տարվա համար՝ 500 դրամ՝ նախորդ տարվա 450-ի փոխարեն: Ստացվում է` թոշակն ավելացել է 5000 դրամով` կազմելով միջինը 40 441 դրամ: 40 441 դրամով մեկ ամիս ապրելու համար միայնակ թոշակառուն կոմունալ վարձավճարները վճարելուց հետո տեսնես քանի՞ հաց, ձեթ, ձու, կարտոֆիլ ու նպարեղեն կարող է գնել: Պարզ է, չէ՞, որ թոշակի հույսին մնալ` նշանակում է պառկել քնելու կիսասոված` չհաշված այն, որ այդ տարիքի մարդիկ հաճախ նաև բժշկի դիմելու կարիք են զգում, բայց, փաստորեն, բժշկի դիմելն ու, ասենք, միրգ, բանջարեղեն գնելն ուղղակի շքեղություն է դառնում թոշակառուի համար:
Մեկ ուրիշ փաստ` 2015-ին նպաստառու ընտանիքների թիվն ավելացել է 1848-ով, իսկ մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը մնացել է նույնը, ինչ 2014-ին` 30 350 դրամ /նպաստառու ընտանիքների թիվը 106 371-ն է/: Այսինքն` նպաստառուների թիվն ավելացել է, ինչը նույնպես փաստում է այն մասին, որ աղքատության մակարդակը 2 տոկոսով ոչ թե նվազել, այլ ավելացել է` 2 տոկոսից էլ ավելի: Եվ սա բնական է` նպաստը մնացել է նույնը, իսկ տրվող` 30 350 դրամն էլ հազիվ թե հաց ու պանրով ապրելու հնարավորություն է տալիս:
Այն, որ Հայաստանում աղքատության մակարդակը չի նվազել, այլ` ընդհակառակը, փաստում են թվերը. նախորդ տարի ավելացել է նաև պետության կողմից եռամսյակային հրատապ օգնություն ստացողների թիվը`653-ով /եթե 2014-ին 9 859 մարդ է նման օգնություն ստացել, ապա 2015-ին` 10 512 մարդ/: Իսկ թե ինչ մեծ ջանքեր են ներդնում, որ աղքատությունը վերանա, նույնպես թվերն են օգնության գալիս. մինչև 2 տարեկան երեխաների համար նշանակված ամսական նպաստի չափը նույնն է մնացել դեռ 2011-ից ` 18 000 դրամ, իսկ այդ գումարով հազիվ թե երեխայի տակդիրի հարցը լուծվի:
Հետաքրքիր մի փաստ ևս` 2015թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3 010 6 000 մարդ. 2014-ի տարեսկզբի համեմատ` այն նվազել է 6500 մարդով: Պարզ է, չէ՞, որ լավ օրից չէ, որ հեռանում են երկրից:
Թե տարեվերջին պաշտոնյաները դարձյալ ի՞նչ թվեր կնկարեն մեզ համար` ցույց տալով, թե աղքատությունը Հայաստանում նվազել է, չգիտեմ, բայց ժողովրդական մի լավ խոսք կա. «Աչքի տեսածը հաստատ է, քան ականջի լսածը»:
Կ. Հ.